ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այսօր քննարկվում էր «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին» հարցը: Այն վերաբերում է ՀԱՊԿ-ում դիտորդ եւ գործընկեր պետություններ ներգրավվելու կարգին եւ այդ կառույցում տվյալ պետության կարգավիճակին: ՌԴ-ն այս արձանագրությունն արդեն վավերացրել է: Ինչպես հայտնի է, նման ծրագրեր ունի Իրանը, Հնդկաստանը: Ինտենսիվ խոսակցություններ կան, որ ՌԴ-ն Ադրբեջանի հետ նույնպես բանակցություններ է վարում`ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակով ընդգրկվելու համար:
Քննարկման ժամանակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը հիշեց, որ անցած ամիս Տավուշում Ադրբեջանը գործողություններ իրականացրեց Հայաստանի սահմանին, մենք զոհ ունեցանք, ՀԱՊԿ-ն իր կանոնադրային պարտականությունը չկատարեց եւ չարձագանքեց, լռեց, իսկ Հայաստանում Ադրբեջանին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու շուրջ ոչ ոք չի խոսում, ավելին, լռելյայն ընդունում ենք դա: «ՀԱՊԿ-ում մեր դաշնակիցը ՌԴ-ն է եւ մենք ՌԴ-ին տալիս ենք ամեն ինչ ու ստանում ենք ոչինչ. միջազգային ատյաններում հօգուտ ՌԴ-ի քվեարկություններ, ՀՀ-ում ռուսական ռազմաբազա, հումանիտար զորք ենք ուղարկում Սիրիա: Մենք ՀԱՊԿ-ում շարունակում ենք մնալ, որ ՌԴ-ն չպատժի մեզ»,- ասաց պատգամավորը:
Մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Իր ելույթում, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հիշեցրեց գործընկերոջը, որ ՀԱՊԿ-ի կանոնադրությամբ, ՀՀ-ն պետք է դիմի ՀԱՊԿ-ին եւ կանոնադրությամբ օգնություն խնդրի, բայց չի դիմել երբեւէ: Պատգամավորը կարծում է, որ դրա անհրաժեշտությունն էլ չկա. հայկական բանակը ի զորու է պաշտպանելու մեր հայրենիքի սահմանները:
Ավելի ուշ Արման Բաբաջանյանը զարմանքով արձանագրեց, որ ԲՀԿ-ն ստանձնել է իշխանության փաստաբանի դերը: Նա նաեւ հավելեց, որ ՀԱՊԿ-ն առնվազն հայտարարությամբ պետք է արձագանքեր իր անդամ երկրի սահմանների նկատմամբ ոտնձգության համար: Տիգրան Ուրիխանյանն արդեն դուրս էր եկել դահլիճից:
Արման Բաբաջանյանին հակադարձեց նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը`ասելով, որ ՀՀ-ն հումանիզմից ելնելով է զորք ուղարկել Սիրիա, ոչ թե ՌԴ-ի շահից ելնելով եւ վստահեցրեց, որ Ադրբեջանը չի դառնալու ՀԱՊԿ դիտորդ անդամ, քանի որ ՀՀ-ն երբեք համաձայնություն չի տալու: Նաեւ, ըստ նրա, երբեւէ այդպիսի հարց չի էլ եղել օրակարգում:
Իր ելույթում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը ընդդիմադիրների մտահոգությունները պայմանավորեց նախահեղափոխական իրավիճակների իներցիայով: Ասաց`նախկինում ՀՀ-ի ներքին իրավիճակը թույլ չէր տալիս պրոակտիվ քաղաքականություն վարել, իսկ հեղափոխությունից հետո ակնհայտ է, որ ՀՀ-ի հետ պարտադրանքի լեզվով չի կարելի խոսել եւ մեր դիվանագետները, որոնք այն ժամանակ մի կերպ չեզոքացնում էին վտանգները, հիմա դրսեւորվելու հնարավորություններ ունեն:
Արման Բաբաջանյանը համաձայնեց` իր մտահոգությունները նախահեղափոխական իներցիա ունեն, բայց հեղափոխությունից հետո իրեն գործնական քայլեր են պետք այն մասին, որ մենք պատրաստ ենք պաշտպանել մեր սուվերենությունն ու ինքնիշխանությունը:
Ռուբեն Ռուբինյանը հորդորեց այս փոփոխությունը «Կիկոսի մահը» չդարձնել եւ չմտածել, որ «ՀՀ-ն իմպոտենտ պետություն է»:
Հարցի հիմնական զեկուցող, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն էլ իր ամփոփիչ ելույթում կարեւորեց, որ «սեւ ու սպիտակով» չմտածենք այս արագ փոփոխվող աշխարհում, քանի որ կան խնդիրներ`ահաբեկչություն, նարկոտրաֆիկ, թրաֆիկինգ եւ այլն, որ մեկ կառույցի լուծելիք հարց չեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ