Գործադիրը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն, համաձայնագրի կնքման հիմնական նպատակը երկրների համար նոր առևտրային հնարավորությունների ստեղծումն է: Արդյունքում կընդլայնվի համաձայնագրերի կողմ հանդիսացող երկրների շուկաների արտոնյալ պայմաններով հասանելիությունը: Համաձայնագիրը պարունակում է ժամանակակից կանոնակարգող պարտավորությունների գործիքակազմ, որն ուղղված է առևտրային գործընթացների իրականացման կայունության, կանխատեսելիության և թափանցիկության ապահովմանը: Համաձայնագրի հիմնական խնդիրներն են, մասնավորապես, պահպանել նախկինում գոյություն ունեցող շուկայի բաց լինելու աստիճանի հարաբերակցությունը՝ ի օգուտ ԵԱՏՄ արտադրողների պաշտպանվածության ավելի բարձր աստիճանի, ապահովել սերբական շուկա մուտք գործելու մասով սակագնային պարտավորությունների պայմանների չվատթարացումը՝ Սերբիայի հետ ԵԱՏՄ անդամ պետությունների արդեն իսկ գործող ազատ առևտրի համաձայնագրերի համար: ՀՀ արտադրողները ստացել են սերբական շուկայի մուտքի որակյալ պայմաններ, ինչպես և մյուս ԵԱՏՄ անդամ պետությունները: Համաձայնագիրը նախատեսում է մաքսային մարմինների հետ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների փոխազդեցության ավելի կանխատեսելի կարգ, ինչպես նաև պարունակում է կողմերի իրավասու մարմինների միջև վարչական համագործակցության ընդլայնված գործիքակազմ՝ ուղղված օպերատիվ փոխգործակցությանը վիճահարույց հարցերի քննարկման ժամանակ, ինչպես նաև համաձայնագրի շրջանակում սակագնային արտոնությունների ստացման համ ար հնարավոր չարաշահումների կանխարգելմանը:
Հավանության են արժանացել ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի N 13 փոփոխության» և «Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրի փոփոխություն թիվ 8» ստորագրման առաջարկությունները: ԱՄՆ ՄԶԳ կողմից ներկայացված թիվ 13 փոփոխության նախագծով նախատեսվում է լրացուցիչ 3,700,000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում, որն ուղղվելու է մասնավոր հատվածի մրցունակության և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվելիք ծրագրերի ֆինանսավորմանը: Արդյունքում ամերիկյան կողմի տրամադրած դրամաշնորհների ընդհանուր գումարը «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագրի շրջանակներում կկազմի 84,404,406.36 ԱՄՆ դոլար:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակից ստացվել է առաջարկ փոփոխություն կատարել 2013թ. սեպտեմբերի 28-ին կնքված «Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված» համագործակցության համաձայնագրում` տրամադրելով 4,785,000 ԱՄՆ դոլարի չափով լրացուցիչ ֆինանսավորում` ծրագրերի իրականացումը շարունակելու նպատակով: Մասնավորապես՝ լրացուցիչ ֆինանսական հատկացումներ են պատշաճ կառավարման, քաղաքական մրցակցության և համաձայնության ձևավորման, քաղաքացիական հասարակության, մակրոտնտեսական ոլորտներում, ինչը կխթանի Համաձայնագրով ամրագրված նպատակների առավել արդյունավետ և արագ իրականացման ապահովումը: Լրացուցիչ ֆինանսական հատկացումները կնպաստեն քաղաքացիների և այլ անձանց իրավունքների և պարտականությունների առավել արդյունավետ իրականացմանը, առավել կամրապնդեն կապը պետության, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության սուբյեկտների և անհատների միջև: Համաձայնագրի վերոնշյալ փոփոխությամբ ֆինանսական պլանի ցանկը լրացվել է նոր՝ մակրոտնտեսական ոլորտով, ինչը կարևոր խթան կարող է հանդիսանալ Հայաստանում տնտեսական աճի համար, քանի որ այն միտված է ստեղծելու բարենպաստ ներդրումային միջավայր:
Կարդացեք նաև
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն