Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ 2008 թ. մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրելու նպատակով: Ըստ այդմ՝ նախատեսվում է կառավարության պահուստային ֆոնդից Արդարադատության նախարարությանը հատկացնել 720 մլն դրամ: Աջակցությունը տրամադրվելու է միանվագ դրամական օգնության ձևով՝ հետևյալ չափերով. ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին՝ 30.000.000 դրա , առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15.000.000 դրամ, առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5.000.000 դրամ:
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ վարչապետը նշել է. «Ուզում եմ այնուամենայնիվ ևս մեկ անգամ արձանագրենք, որ սա ոչ թե փոխհատուցում է, այլ աջակցություն: Իմ դիրքորոշումն այն է, որ հայտնի հանգամանքների բերումով մենք փոխհատուցման հարցի վերաբերյալ որոշումներ պետք է կայացնենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացրած որոշումների հիման վրա: Ես սա հատուկ եմ ընդգծում, քանի որ հայտնի փաստ է, ես ինքս էլ առնչություն ունեմ մարտի 1-2-ի իրադարձություններին, շատ կարևոր է, որպեսզի այս հարցում որոշումները կայացվեն մաքսիմալ օբյեկտիվ: Բայց, քանի որ մենք չգիտենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երբ կկայացնի այս հարցով որոշումներ, և չստացվի այնպես, որ այս պայմաններում մեր կառավարությունը որևէ միջոց չի ձեռնարկում մարտի 1-ի զոհերին և տուժածներին աջակցություն ցույց տալու համար, մենք այս որոշումը հիմա կայացնում ենք Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա: Վերջնանդյունքում հասցված վնասի փոխհատուցման թեման ամբողջությամբ կփակենք ՄԻԵԴ-ի որոշումների հիման վրա: Ես նկատի ունեմ չափը, թե ինչ չափի փոխհատուցում պետք է տանք: Որպեսզի այդ իրադարձությունների մեջ ներգրավված անձինք չորոշեն այդ չափերը, որտեղ կարող են լինել նաև սուբյեկտիվ ընկալումներ, ճիշտ է, որ մենք ազդակը ստանանք ՄԻԵԴ-ից և միջազգային չափանիշներով ընդունված ձևով կայացնենք որոշում: Սա, ըստ էության, միջանկյալ որոշում է, որի հետագա կարգավիճակը նույնպես պարզ կլինի ՄԻԵԴ-ի կողմից ընդունված որոշումների հիման վրա»:
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն