2020 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ որոշումների, իսկ ավելի կոնկրետ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշմամբ 3-րդ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը բարձրանալու են:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը խոստացավ՝ հանրությանը կիրազեկեն, թե որ տեսակի ավտոմեքենաների դեպքում որքան մաքսատուրք է լինելու. «ՊԵԿ-ն առաջիկայում կհրապարակի անիմացիոն տեսանյութ, որով հանրությանը կներկայացնի, թե 2020 թվականի հունվարի 1-ից ինչ է փոխվելու ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացում»:
Մաքսային դրուքաչափերը տարբեր են լինելու, դա կախված է ավտոմեքենայի տարիքից, շարժիչից եւ այլ չափանիշներից. «48-54% դրույքաչափի մասին է խոսքը։ Այսինքն՝ եթե մենք դա որպես տեղեկատվություն տարածենք, մեր ժողովրդի մոտ ընկալելու հետ կապված խնդիրներ կարող են լինել: Հետեւաբար, մենք անիմացիոն բաղադրիչ պարունակող տեսահոլովակի միջոցով դա կանենք»:
Անանյանը դժվարացավ ասել, թե միջինը որքանով են բարձրանալու ավտոմեքենաների մաքսատուրքերը, բայց հավաստիացրեց՝ ավտոմեքենա կա՝ մինչեւ 70% կբարձրանա, ավտոմեքենա էլ կա՝ 10 անգամ, 3 անգամ, 5 անգամ։
Կարդացեք նաև
ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ կառավարություն ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է մինչեւ 4 տարվա հնության մեքենաների դեպքում չկիրառել ավելացված արժեքի հարկը, կառավարությունում քննարկել են. «Այսօրվա կառավարության նիստով դա անցավ, կառավարությունն, ընդհանուր առմամբ, համաձայն է, բայց ունի մտահոգություններ: Մելքումյանն ասել է, որ ԱԺ-ում քննարկման դնելիս՝ մտահոգությունները փարատող որոշակի փոփոխություններ կլինեն»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ