Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կհատկացվի 1 մլրդ 665 մլն 675 հազար դրամ՝ այս տարվա սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձերը 10 տոկոս բարձրացնելու նպատակով: Գումարը կտրամադրվի ՀՀ 2019 թ. պետբյուջեի հարկային եկամուտներից:
Ինչպես նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, աշխատավարձերի բարձրացումը նախատեսվում էր հաջորդ տարվանից, սակայն հնարավոր է դարձել այն անել արդեն այս տարվա սեպտեմբերից: «Երկար տարիներ սա տեղի չէր ունեցել, և կրթական համակարգի համար այն լավ գործընթաց է` բարեփոխումների նկատմամբ համակարգն ընկալունակ դարձնելու առումով»,- ասել է նախարարը:
Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ համակարգն արդյունավետ դարձնելու համար իրականացվում են նաև այլ գործընթացներ՝ ատեստավորման նոր համակարգի ներդրում, աշխատավարձի բարձրացում՝ արդյունքի հետ կապված: «Մենք պատրաստվում են սահմանել դպրոցների ֆինանսավորման բանաձև, որտեղ մեկ դրույքի համար նվազագույն շեմը կլինի 108 հազար դրամ: Հույս ունեմ, որ դա մենք կունենանք հունվարից: Այն մեզ թույլ կտա ավելի կանխատեսելի դարձնել համակարգը և չունենալ այն մեծ տարբերությունները, որոնք առկա են դպրոցների ֆինանսավորման հետ կապված: Այսինքն` ֆինանսավորման համակարգն ավելի արդար կլինի. բացի ըստ աշակերտի, հաշվի կառնվեն նաև դպրոցների այլ կարիքները՝ դասարանների թիվը, թերբեռնվածությունը և այլն»,-նշել է նախարարը:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե արդյոք աշխատավարձի բարձրացումը նույն չափով համատարած է:
Արայիկ Հարությունյանը հաստատել է և հավելել, որ կեղծ են այն լուրերը, որոնց համաձայն՝ համատարած կրճատումներ են արվում աշխատավարձի բարձրացումն իրականացնելու համար: «Կրճատումները եղել են սովորական, ինչպիսին եղել են նախկինում և հիմնականում կապված են եղել տարիքայինի հետ: Այսինքն՝ մենք ուսումնական պլաններ չենք կրճատել, որի արդյունքում դրույքաչափեր կկրճատվեն: Որևէ գործողություն այս ուղղությամբ չի եղել և այս գործընթացի հետ կապված որևէ կրճատում չկա»,-նշել է նախարարը և կոչ արել լրատվամիջոցներին՝ տուրք չտալ այդ տեղեկություններին:
Ն.Փաշինյանն ընդգծել է, որ գործընթացի խորքային նպատակներից մեկը դպրոցներում ուսուցիչների որակավորման և նրանց կողմից մատուցվող ծառայությունների պատշաճ որակ ապահովելն է. «Սա կարևորագույն խնդիր է, որովհետև պետք է համոզված լինենք, որ մեր դպրոցներում աշխատում են բավարար պրոֆեսիոնալ մակարդակ ունեցող ուսուցիչներ, իսկ այս խնդիրը լուծելու համար մենք աշխատավարձի բարձրացումն անընդհատ պետք է պահենք մեր ուշադրության կենտրոնում: Եվ նաև պետք է մեխանիզմ ունենանք՝ հասկանալու համար, թե ինչպես են մեր այս որոշումներն ազդում բուն հանրակրթության որակի վրա, ուսուցիչների աշխատանքի որակի վրա: Իհարկե, այս աճը մենք չենք համարում, որ, ենթադրենք, հեղափոխական է, բայց մյուս կողմից, սա գործընթացի մեկնարկն է, որը կշարունակվի վստահաբար, եթե մենք կարողանանք մեխանիզմները ճիշտ կառուցել, որ որակի հետ ուղիղ առնչություն ունենան»:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ այն պահին, երբ համոզվենք, որ աշխատավարձի բարձրացումն իր հետ անխուսափելիորեն բերում է ուսուցչական կադրերի, նրանց գործունեության, նրանց կողմից մատուցվող ծառայության որակի բարձրացման, այն կլինի անընդհատ և շարունակական գործընթաց: «Եվ այստեղ շատ մեծ պատասխանատվություն է դրված նաև հենց իրենց՝ դպրոցների վրա, որպեսզի նրանք այս օրակարգն արձանագրեն, և մենք կարողանանք բարձր որակավորում ունեցող ուսուցիչներին տարբերակել ոչ բարձր որակավորում ունեցող ուսուցիչներից»,- ասել է վարչապետը:
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն