Լրահոս
Օրվա լրահոսը

Մանե Թանդիլյան. Տարեկան մինչեւ 24 մլն դրամ շրջանառություն ունեցող սուբյեկտներն ազատվում են հարկերից

Սեպտեմբեր 05,2019 15:44

Կառավարության կողմից նախաձեռնված հարկային փոփոխություններով ներդրվում է միկրոձեռնարկատիրության համակարգ, համաձայն որի` տարեկան մինչեւ 24 մլն դրամ շրջանառություն ունեցող սուբյեկտներն ազատվում են հարկերից: Օրենքով սահմանված է բացառությունների ցանկը, ովքեր չեն կարող համարվել միկորձեռնարկատիրության սուբյեկտ:

Նշյալ ցանկում են ներառված Երեւան քաղաքում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առևտրով զբաղվողները հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողները:

Այս բացառությունները չունեն որևէ տրամաբանություն, քանի որ շրջանառության սահմանափակումն արդեն իսկ սահմանափակում է սուբյեկտի շահույթի ծավալը եւ, հաշվի առնելով, որ այս համակարգի ներդրման նպատակներից մեկը սոցիալական աջակցությունն է միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողներին, անհասկանալի է Երեւան քաղաքում առևտրական գործունեության համար բացառության կիրառումը, քանի որ այդ ոլորտը Երեւանում չունի որեւէ հավելյալ շահույթ ստանալու հնարավորություն, քան մարզերում: Ավելին, հաշվի առնելով խոշոր խանութների, սուպերմարկետների առկայությունն ու մեծ մրցակությունը, շատ հաճախ մայրաքաղաքում նույն բիզնեսն ունի ավելի փոքր շահութաբերություն:

Մյուս կողմից, Երեւանում աղքատության մակարդակը չի զիջում բազմաթիվ մարզերում աղքատության մակարդակին, եւ վաստակած նույն գումարը Երեւանում ունի ավելի քիչ գնողունակություն՝ հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերման մասով:

Հանրային սննդի պարագայում սահմանափակման կիրառումը հանրապետության ամբողջ տարածքում ավելի անհասկանալի է, քանի որ մարզերում հանրային սննդի բազմաթիվ օբյեկտներ նաեւ զբոսաշրջության զարգացման համար հանդիսանում են ենթակառուցվածքներ և, ի տարբերություն առևտրային գործունեության, հանրային սննդի ոլորտը ներգրավում է ավելի շատ աշխատակիցներ, որը սոցիալական աջակցության տեսանկյունից խրախուսման ավելի մեծ կարիք ունի:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ներկայացրել եմ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկ նշված երկու բացառությունները հանելու նպատակով, ինչը հնարավորություն կտա իրոք ամբողջական աջակցություն ցուցաբերել միկրոբիզնեսին՝ ինչպես սոցիալական, այնպես էլ բիզնեսի զարգացման տեսանկյունից:

Մանե Թանդիլյան
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30