Հայաստանի պետական կամերային նվագախումբը 2019-2020 թթ. համերգաշրջանի բացման համերգին կներկայացնի յուրօրինակ իտալական ծրագիր: ՀՀ-ում Իտալիայի դեսպանության նախաձեռնությամբ սեպտեմբերի 7-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Իտալահայկական երեկո: Համերգի ընթացքում ՀՊԿՆ-ը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) հանդես կգա դիրիժոր Մարիո Լեոտտայի (Իտալիա) ղեկավարությամբ:
Որպես մենակատար երեկոյի ընթացքում ելույթ կունենա հանրաճանաչ սաքսոֆոնահար Մարկո Ալբոնետտին, որը մեր երկրում արդեն երկրորդ անգամ է հանդես գալիս Կամերային նվագախմբի հետ: Այս համերգաշրջանի անդրանիկ համերգին նվագախմբի կատարմամբ կհնչեն Պիացոլայի, Վերդիի, Ռոսսինիի, Ռոտայի, Մասկանիի, Մորիկոնեի ստեղծագործությունները:
Ամբողջ երեկոյի ընթացքում տեսաէկրաններին կցուցադրվի նաև թվային ինստալացիա, որի հեղինակն է իտալացի արվեստագետ Ֆրանց Չերամին: Սեպտեմբերի 5-ին, «Արմենպրեսում» կայացած ասուլիսում ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն կարեւորեց նախագծի իրականացումը:
Դիրիժոր Մարիո Լեոտտան նշեց, որ ուրախ է Հայաստանում գտնվելու համար եւ համամիտ է դեսպանի հետ, որ մշակույթին պետք է մշտապես աջակցություն ցուցաբերել: «Սա առանձնահատուկ նախագիծ է…Ես քանի օր է` փորձեր եմ իրականացնում Կամերային նվագախմբի հետ եւ հիացած եմ իրենց պրոֆեսիոնալիզմով ու փորձառությամբ»,-նշեց իտալացի դիրիժորը: «Առաջին փորձի առաջին հինգ րոպեներից հետո ես նկատեցի ինչպես անհատապես լավագույն երաժիշտների, այնպես էլ միասնական նվագախմբի, որ կարող եմ համեմատել Իտալիայի լավագույն նվագախմբերի հետ»,-հավելեց նա:
Կարդացեք նաև
Մարիո Լեոտտան առաջին անգամ է Հայաստանում, նա Երեւանը բնորոշեց հիանալի քաղաք, հայերին` հրաշալի ժողովուրդ:
«Երկրորդ անգամ եմ գալիս Հայաստան եւ մինչեւ հիմա սրտիս խորքում պահում եմ այն հիանալի տպավորությունները, որ ունեցել եմ տարիներ առաջ Հայաստանում ունեցած համերգից»,-նշեց սաքսոֆոնահար Մարկո Ալբոնետտին: Ասաց, որ ի դեմս Հայաստանի` գտել է մի երկիր, որը աշխարհագրորեն հեռու է Իտալիայից, սակայն շատ ջերմ է: Նա հիշեց, որ առաջին այցի ժամանակ ինքը Երեւանում 2-3 ժամ է քնել, որովհետեւ, իր խոսքերով, Երեւանն օժտված է մագնիսականությամբ եւ դրական էներգիայով: Հայտնեց, որ չի համբերում, թե երբ է լինելու համերգը, երբ երաժշտությունը կներդաշնակվի Remix Portraits թվային ինստալացիայի հեղինակ Ֆրանց Չերամի պատկերներով:
Ֆրանց Չերամին առաջին անգամ էր Երեւանում, նա մեր մայրաքաղաքը առանձնահատուկ որակեց, ասաց, որ 10 օրվա ընթացքում բազմաթիվ նոր ընկերներ է ձեռք բերել: Նա Երեւանը նմանեցրեց Նեապոլին, իսկ ՀՀ-ում Իտալիայի դեսպանին որակեց արվեստի մեծ սիրահար: Նշեց, որ դեսպանն իրեն խնդրել է յուրահատուկ խորհրդանշական պատկերներ ստանալ, ինչ նպատակով այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ եւ նկարները փոխակերպել անիմացիայի: Ասաց, որ Հայաստանում փորձել է հայկական մոցարելլա եւ վստահ է, որ այն բնավ չի զիջում իտալականին:
ՀՀ-ում Իտալիայի դեսպանն ընդգծեց, որ Հայաստան մեկ անգամ եկող յուրաքանչյուր արվեստագետ եւ քաղաքական գործիչ հետո էլի վերադառնում է. «Դա նշանակում է, որ Հայաստանն ունի կախարդական մի ուժ, հատուկ բան, որով կարողանում եք կապել մարդկանց, որից հետո իրենք շարունակաբար վերադառնում են»: Նաեւ կարեւորեց, որ բոլոր գեղարվեստական նախագծերին մասնակցում են ՄԱԿ-ի տարբեր ծրագրեր: Վինչենցո դել Մոնակոն շեշտեց, որ արվեստի միջոցով կարելի է հետաքրքիր ուղերձներ փոխանցել, ինչպես, օրինակ` երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր::
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ