Ֆրանսիական THALES Group-ի հետ քննարկվել են Հայաստանում գործունեություն ծավալելու հեռանկարները Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները համագործակցության շրջանակի վերաբերյալ:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հանդիպել է ֆրանսիական «Թալես» ընկերության ներկայացուցիչների հետ:
Նախարարն իր ողջույնի խոսքում նշել է. «Բարի գալուստ Հայաստան: Լիահույս ենք, որ այցի ընթացքում կբացահայտեք Հայաստանը: Ներդրողների աջակցման մեր թիմը պատրաստակամ է արձագանքել այն բոլոր հարցերին, որ կծագեն ձեզ մոտ»:
Ընկերության ներկայացուցիչ Պոլ Ռեմին նշել է, որ պատվիրակությունը գույքագրում է Հայաստանում առկա հնարավորությունները` այստեղ գործունեություն ծավալելու և ծրագրեր իրականացնելու նպատակով:
Նախատեսվում են հանդիպումներ պետական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև նորարարական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող հայկական ընկերությունների հետ:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է բարձր տեխնոլոգիաների վրա հենված տնտեսության խթանումը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները համագործակցության շրջանակի վերաբերյալ:
THALES Group-ը ֆրանսիական ընկերություն է, որը պատրաստում է էլեկտրոնային համակարգեր և մատուցում ծառայություններ ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության ոլորտներում:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն