«Մենք բողոքում ենք կառավարության այն որոշման դեմ, որով օգոստոսի 8-ին հաստատել են Արարատի մարզի Շահումյան եւ Տափերական գյուղերի միջնահատվածում «Երեխաների քաղաք» կառուցելու համար հողհատկացման ծրագիրը: Դա խտրական ծրագիր է, որի իրականացումով լինելու է մեկուսացված քաղաք եւ այնտեղ հավաքվելու են միայն հաշմանդամություն ունեցող երեխաները, երիտասարդները եւ սոցիալապես անապահով ընտանիքները:
Մենք պահանջում ենք, որ կառավարությունը հետ կանչի հողհատկացման նախագիծը եւ չեղարկի այդ խտրական եւ բոլոր իրավունքներին հակասող ծրագիրը, որով նախատեսվում է 600 մշտական շահառու, որոնք ապրելու են քաղաքի ներսում եւ մուտք ու ելքով՝ 8000 միջնորդավորված շահառու:
Հաշմանդամություն ունեցողները հատուկ խնամքի կարիք չունեն: Նրանք իրենց համայնքներում եւ հասարակությունում լիարժեք ապրելու եւ իրացվելու անհրաժեշտություն ունեն: Մենք սովետից, ստալինյան ժամանակներից վաղուց դուրս ենք եկել: Հիմա ստալինյան ժամանակները չեն, որ պատերազմից հետո հաշմանդամություն ձեռք բերածներին հավաքում էին ինչ-որ վայրում եւ մեկուսացնում հասարակությունից:
Կարդացեք նաև
Այդ քաղաքի կառուցման համար նախատեսում են $ 20 միլիոն, ինչը կարող էին ներդնել համայնքներում եւ բարելավել եղած կառույցներն ու հաշմանդամություն ունեցողների վիճակը», – Aravot.am-ի հետ զրույցում ասաց կառավարության շենքի առջեւ բողոքի ցույցի մասնակից, Աբովյան քաղաքի բնակիչ Արեւ Մելքոնյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ