Եթե Հայաստանի ու Արցախի քաղաքական-փորձագիտական շրջանակներում հարցում անցկացվի հայ-ռուսական հարաբերությունների ապագայի վերաբերյալ, եւ մի քանի տարբերակներ առաջարկվեն /ասենք՝ «խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ», «բավարարվել կրտսեր եղբոր կամ անգամ ՌԴ մարզի կարգավիճակով», «կառուցել ռազմավարական-դաշնակցային հարաբերություններ՝ հիմնված իրավահավասարության եւ փոխադարձ հարգանքի վրա»/, ակնհայտորեն միաձայն կընտրվի երրորդ տարբերակը։ Այսինքն՝ այս հարցում Հայաստանի իշխանությունների վերջնանպատակն ակնհայտորեն ճիշտ է: Եվ Հայաստանում չի գտնվի որեւէ քաղաքական ուժ կամ փորձագետ, որը կվիճարկի սա։ Այլ կերպ ասած՝ սա պետական խնդիր է, որի լուծմանը պիտի նպաստեն բոլորը (անկախ ներքաղաքական տարաձայնություններից)։
Բայց ամեն անգամ, երբ ինչ-ինչ առիթներով այս հարցը թեժանում է, Հայաստանում իսկույն հայտնվում են կրակի վրա յուղ լցնողներ, ու սկսվում է… Մի թեւը «դանոսներ» է ուղարկում Մոսկվա, թե «տեսեք՝ սրանք հերթական անգամ հակառուսական դավեր են նյութում, Արեւմուտքի պատվերն են կատարում, իրենք այդ ո՞վ դարձան, որ ուզում են ձեզ հետ իրավահավասար հարաբերություններ ունենալ, բա մենք տենց էի՞նք», եւ այլն, մյուս թեւը անգլերեն տառերով հայհոյանքներ է գրում Ռուսաստանի նախագահի հասցեին, սպառնում է Հայաստան գալուն պես նրա ետեւից փակել բանտախցի դուռը… Այսինքն` արվում են քայլեր, որոնք ուղղակիորեն վնասում են Հայաստանի իշխանությունների Ռուսաստանի հետ արժանապատիվ հարաբերություններ կառուցելու նպատակին։ Այլ կերպ ասած՝ իբր գտնվելով խրամատի տարբեր կողմերում, կոնկրետ այս հարցում նույն գործն են անում։ Գործ, որը բխում է ում շահերից ասես, բացի Հայաստանից։
Իսկ Հայաստանի իշխանությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Հայաստանի (ու Արցախի) պետական շահերով։ Եվ պետական կառույցներին մոտ չթողնել նրանց, ովքեր անտեսում են այդ շահերը կամ հանուն այլ շահերի անտեսում դրանք։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում