Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Վիտալի Շիշկինի՝ բոլոր միջազգային կազմակերպությունները դիմել են Հայաստանին միջնորդությամբ՝ իրեն տրամադրել փախստականի կարգավիճակ. «168 ժամ»

Սեպտեմբեր 05,2019 11:40

Վիտալի Շիշկինը պատասխանել է «168 ժամի» մի քանի հարցերին, մասնավորապես, թե ինչո՞ւ է հետապնդումների ենթարկվել Ռուսաստանում, ինչո՞ւ է որոշել դիմել հենց Հայաստան, և, ըստ նրա, ինչո՞ւ է Հայաստանը բավարարել իր հայտը։ Վիտալի Շիշկինն ասաց, որ ամբողջ աշխարհում՝ բոլոր միջազգային կազմակերպությունների կողմից ճանաչված է եղել՝ որպես քաղբանտարկյալ, և ապօրինի ազատազրկման է ենթարկվել համարյա 4 տարով, որոնցից վերջին երկու տարին անցկացրել է մեկուսարանում։ Նրա խոսքով, բնականաբար, բոլոր միջազգային կազմակերպությունները դիմել են Հայաստանին միջնորդությամբ՝ իրեն տրամադրել փախստականի կարգավիճակ, քանի որ Ռուսաստանում իրեն իրապես սպառնում էր նոր գործ, որը կլիներ թվով երրորդը։

«Դուք Վիքիպեդիայում տեղեկություններ կգտնեք, թե ինչու եմ ես հետապնդվել, դա երկար պատմություն է, իսկ Վիքիպեդիայում նորմալ է նկարագրված իմ նկատմամբ քրեական հետապնդումները և դրա պատճառները»,- ասաց նա։

Վիտալի Շիշկինը տեղեկացրեց, որ փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմել է այս տարվա փետրվարի սկզբին, հայտը դիտարկվել է կես տարվա ընթացքում՝ ՀՀ գործող օրենսդրության համաձայն։

«Մի փոքր երկարաձգվեց նաև, որպեսզի կազմվեին բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Ես փաստաթղթերս Հայաստանին եմ ներկայացրել, քանի որ ուրախ եմ, որ Ձեր երկրում մեկ տարի առաջ հեղափոխություն է տեղի ունեցել, Հայաստանն ընդունել է փախստականների մասին նոր օրենսդրություն, որը ներկայումս կարելի է համարել ամենաժողովրդավարական և ամենալավերից մեկն աշխարհում, քանի որ Հայաստանը տրամադրում է հիանալի պայմաններ այն անձանց, ովքեր հետապնդվում են իրենց երկրներում, այդ թվում՝ հոգևոր և քաղաքական պատճառներով, և, եթե ինչ-որ տեղերում պատերազմներ են տեղի ունենում։ Որոշումը կայացվել է օգոստոսի 22-ին, և միայն սեպտեմբերի 3-ին եմ ես փաստաթղթեր ներկայացրել անձնագիր ստանալու համար։ Ես շատ շնորհակալ եմ Հայաստանին իր նոր օրենքների և օրենսդրության համար և նրա համար, որ Դուք իսկապես սկսել եք կառուցել հիանալի պետություն՝ ժողովրդավարական, հիմնված արդարադատության օրենքների վրա։ Իսկապես Ռուսաստանն այն հրեշն է ներկայումս, որն իրենից ներկայացնում է բացառապես դիկտատորական ռեժիմ, որտեղ չի կարող լինել որևէ ժողովրդավարություն, և կան մեծաթիվ մարդիկ, ովքեր քաղաքականապես հետապնդվում են»,- նշեց Շիշկինը։

Արձագանքելով հարցին, թե ի՞նչ հետևանքներ կունենա հայկական կողմի կայացրած որոշումը հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների վրա, Շիշկինը պատասխանեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները փոքր-ինչ լարված են, քանի որ, ըստ նրա, Հայաստանը գնում է ժողովրդավարության ճանապարհով, որին դեմ է Ռուսաստանը։ «Այն կուրսը, որը կա ՌԴ-ում, չի կարող լավ վերաբերվել այս պրոցեսներին, որոնք տեղի են ունենում Հայաստանում։ Վախ է սեփական գոյատևման համար, քանի որ Հայաստան տարեկան միջինում միլիոն ռուս զբոսաշրջիկ է այցելում, տեսնում է՝ ինչպիսին է Հայաստանը, և մարդկանց մոտ հարցեր կարող են ծագել, թե ինչու մեզ մոտ ևս այդպես չէ»,- նկատեց Շիշկինը։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30