Արսեն Թորոսյանի աշխատանքի վերաբերյալ փորձեցինք մասնագիտական մեկնաբանություն ստանալ ԱԺ նախկին նախագահ, առողջապահության նախկին նախարար, ներկայում «Արաբկիր» բժշկական կենտրոնի ղեկավար Արա Բաբլոյանից։ Նրա խոսքով՝ Թորոսյանը հանրային առողջության մասնագետ է, լավ է պատկերացնում իր անելիքները, բայց մի խնդիր ունի՝ պետք է դիվանագիտորեն մոտենա խնդիրներին։
«Ես բազմիցս իմ կարծիքը հայտնել եմ, որ նախ ինձ մոտ տպավորություն է, որ Արսեն Թորոսյանը, լինելով հանրային առողջության մասնագետ, լավ պատկերացնում է իր անելիքները։ Բայց եթե խոսքը վերաբերում է նրան, որ վերջերս վեճեր են առաջացել՝ կապված նոր պետպատվերի ընդլայնումների հետ, ես կարող եմ, որպեսզի չմտնեմ ուրիշ դաշտ, ուղղակի մանկության առումով նկարագրել իրավիճակը։ Դուք գիտեք, որ հիմա երեխաների բուժումը՝ մինչեւ 18 տարեկան, դարձավ անվճար։ Մի կողմից դա, իհարկե, շատ դրական երեւույթ է, որովհետեւ մենք տարիներ շարունակ քայլ առ քայլ գնում էինք, որ պետք է դրան հասնեինք, եւ վերջապես կառավարությունն այդ որոշումն ընդունեց։ Մյուս կողմից էլ, իհարկե, այն որոշակի տարակարծությունները, որ կային հիվանդանոցային աշխատողների, այդ թվում եւ ինձ մոտ, որ գուցե ավելի ճիշտ էր եղած ծառայությունների գները վերանայվեին, հետո այդ քայլին գնալ, բայց միեւնույն ժամանակ հայտնի էր, որ աննախադեպ մի բան տեղի ունեցավ, երբ տարվա կեսից նախարարին, փաստորեն, տրվեց հնարավորություն 20 միլիարդի հավելյալ ծրագիր ներդնել։ Եվ պարզ է, որ նախարարը պետք է կարողանար որոշել առաջնահերթությունները, որտեղ ներդնել այդ ռեսուրսը»,- ասաց Արա Բաբլոյանը։
Նրա խոսքով՝ Թորոսյանն այսօր գնում է զուգահեռաբար երկու գործընթաց իրականացնելու ճանապարհով. «Մի կողմից, անվճար բժշկության հնարավորություն տալով՝ ինքը կարողանում է ուսումնասիրել, թե առաջիկա մի քանի ամիսների ընթացքում ինչքան դիմողների թիվ է ավելանում, որպեսզի ճիշտ պատկերացնի ծավալը, մյուս կողմից՝ այդ ծավալը ճիշտ պատկերացնելով՝ արդեն այդ զուգահեռ հաշվարկած գները կիմանա ինչպես ներդնել այդ ծավալի մեջ։ Սա պրոցես է, որը դինամիկայում պետք է աշխատվի, եւ չի կարող կարճ ժամանակահատվածում մի բան որոշվի, իրականացվի»։
– Այդ դեպքում ինչո՞ւ են քննադատում նախարարին, եթե այդքան դրական հանգամանքներ կան նրա աշխատանքում։
Կարդացեք նաև
– Ես միշտ նախարարին ասել եմ, հիմա էլ կարող եմ կրկնել. անկախ նրանից, որ դու ճիշտ ես, միեւնույն է, ինչ-որ տեղ պետք է քաղաքականությունը, կազմակերպման պրոցեսներն իրականացնել՝ մի քիչ վարելով ներքին դիվանագիտություն։ Պետք է աշխատել թե՛ բժշկական հաստատությունների հետ, թե՛ հասարակության եւ նույնիսկ քո ընդդիմախոսների հետ։ Պետք է կարողանաս ճիշտ ձեւով ներկայացնել ամեն ինչ եւ քայլ առ քայլ գնալ առաջ։ Երբ դու գիտես, որ դու ճիշտ ես, դա չի նշանակում, որ բոլորը կարող են քեզ ճիշտ հասկանալ, որ դու ճիշտ ես։ Ամեն մի կողմն իր շահերն ու հետաքրքրություններն ունի, եւ այդ ճիշտ լինելը շատ հարաբերական է, մինչեւ որ ինքն իր արդյունքները չի տվել։ Բայց Արսեն Թորոսյանի մոտ ամենադրականն այն է, որ ինքը հանրային առողջապահական մոտեցումները հստակ պահպանում է։ Իսկ դա ոչ բոլոր առողջապահության կազմակերպիչների մոտ է արտահայտված լինում։ Մնացածը, գուցե, մարդկային հարաբերությունների մեջ մի քիչ ավելի ուղիդ է նա տանում իր քաղաքականությունը՝ առանց որեւիցե զիջումների, որն էլ հաճախ քննադատությունների առիթ կարող է տալ։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում