Ոչ ոք չէր կողմնորոշվում, թե ՍԴ այս որոշումն ինչ ազդեցություն է ունենալու ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Մարտի 1-ի դատաքննության եւ Քոչարյանի կալանքի վրա։ Իրավաբաններից մեկն անանուն նկատեց, որ անիմաստ եւ իրավական հետեւանքներ չառաջացնող անատամ որոշում է կայացվել։ Գուցե սա դիտվի որպես նոր Երեւան եկած հանգամանք՝ դատական ակտի վերանայման համար։
Զրուցեցինք ՍԴ դատավոր Արման Դիլանյանի հետ:
– Վահե Գրիգորյանը երեկ նամակ էր հրապարակել՝ ուղղված Ձեզ եւ ՍԴ անդամներին. Ձեր վրա այն իր ազդեցությունն ունեցա՞վ։
– Պարոն Գրիգորյանի այդ նամակը եւ դիմումը Սահմանադրական դատարանին, ըստ էության, ազդելու էր այնքանով, որքանով։ Որովհետեւ ինքը, ըստ էության, դատավորների հարցն էր բարձրացնում, բայց գործի ըստ էության լուծման համար ինքն ուղղակի հետեւանքներ չէր առաջացնում։ Անուղղակի հետեւանքներ էր առաջացնում։
Եվ ասեմ, որ պարոն Գրիգորյանի նամակից, դրանից դուրս որեւէ տեսակի փաստաթղթից կամ փաստից ու երեւույթից ես ազդված չեմ եղել այս որոշումը քննարկելիս, իմ դիրքորոշումն արտահայտելիս եւ ապագայում՝ հատուկ կարծիքը ձեւակերպելիս։ Ես բացառապես իմ համոզմունքներով ու իմ իրավական գիտելիքներով եմ առաջնորդվել։
Կարդացեք նաև
– Մի շարք իրավաբաններ, այդ թվում՝ Տիգրան Եգորյանը, կարծիք էին հայտնել, որ ՍԴ անունից կայացված որեւէ որոշում չպետք է ճանաչվի եւ կատարվի իշխանության մյուս թեւերի կողմից՝ հաշվի առնելով սահմանադրական ճգնաժամը։ Նման բան հնարավո՞ր է։
– Իմ կարծիքով՝ Դուք շատ լավ տեղյակ եք, որ ես նման մեկնաբանություններ չեմ կարող տալ։ Հատկապես Սահմանադրական դատարանի կայացրած ակտի հետ կապված։
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: