Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը նախօրեին բարձրացրել էր ԵԱՏՄ-ում վարորդական իրավունքների հարցը: ԱԺ-ում նիստին ներկա ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ «Ռուսաստանի օրենքի ընդունումը հակասում է ԵԱՏՄ օրենսդրությանը: Այն օրենքը, որն ընդունվել է, խտրական է Հայաստանի համար։ ՌԴ-ն խտրական օրենք է ընդունել՝ մյուսներին դնելով բարդ վիճակի մեջ»:
Հիշեցնենք, որ դեռևս 2016-ին Ռուսաստանի Պետդումայի կողմից կատարվեցին օրենսդրական փոփոխություններ, որոնց համաձայն՝ արգելվում էր օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով աշխատել։ Այս փոփոխությունը, սակայն, ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանին էր վերաբերում։
Այսինքն՝ ՌԴ-ում գտնվող ՀՀ վարորդական իրավունք ունեցող անձինք չէին կարող այլևս աշխատել որպես վարորդ: Նրանք Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատելու համար պետք է որակավորում ստանային Ռուսաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչությունից՝ քննություն հանձնելով։ Սակայն դա բավարար չէր։ Ովքեր անցել էին այդ որակավորումը և քննություն էին հանձնել, նրանցից էլ պահանջվում էր 2-4 տարվա աշխատանքային փորձ։
Դեռևս 2017-ին այս որոշման պատճառով բարձրացված աղմուկից հետո ՀՀ պատկան մարմինները, կառավարությունը որոշակի բանակցություններ սկսեց ռուսական կողմի հետ։ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ժամանակ, ՌԴ-ում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանի և ՌԴ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյի մասնակցությամբ, քննարկում էր եղել, որի արդյունքում կողմերը համաձայնել էին, որ հնարավորինս սեղմ ժամկետներում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության օրենսդրություններում, որոնք վերաբերում են խնդրո առարկային:
Կարդացեք նաև
Իսկ ՌԴ-ում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն, ըստ էության, առաջացավ 2013 թվականից, երբ Հրաչյա Հարությունյանը բեռնատարով վթարի ենթարկվեց։ Առաջացած աղմուկից հետո առաջ բերվեցին օրենսդրական այս փոփոխությունները։
Օրենքում կատարված փոփոխություններն առաջին հերթին տարածվում են այն քաղաքացիների վրա, որոնք համարվում են հասարակական տրանսպորտի և տաքսիների վարորդներ:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը, անդրադառնալով Շավարշ Քոչարյանի դիտարկմանը, նկատեց, որ փոխարտգործնախարարի այդ արձագանքն առաջին անգամ էր և առաջին անգամ էր նման մակարդակով ընդունվում, արձանագրվում, որ Ռուսաստանի կողմից օրենսդրական այդ կարգավորումը միակողմանի, խտրական մոտեցում է, որը չի բխում Հայաստանի շահերից։ «Այդ փաստն արձանագրվեց։ Բացի դրանից՝ առաջիկայում մեր պատվիրակությունը սեպտեմբերի կեսին կլինի ՌԴ-ում, Դումայի հետ հանդիպումներ են նախատեսվում, և այնտեղ անպայման այդ հարցը կքննարկվի և կփորձենք պարզել, թե այդ խտրական մոտեցման պատճառը որն է»,- ասաց Եղիազարյանը։ Վերջինիս դիտարկմամբ՝ ռուսական կողմի հիմնական մեկնաբանությունն այն է, որ ռուսաց լեզվի չիմացությունը կարող է բերել նրան, որ մարդիկ չկարողանան օգտվել անվտանգության կանոններից և այլն, բայց եթե խնդիրը քաղաքական չէ, այլ զուտ անվտանգության տեսանկյունից է, ապա կարելի է առաջարկել, որ վարորդները, ովքեր ցանկանում են ՌԴ-ում աշխատել, հանձնեն ռուսաց լեզվի քննություն, ստանան լիցենզիա ու կարողանան աշխատել։
«Բայց ռուսական կողմը անընդհատ շեշտում է, որ ռուսաց լեզուն պետք է ընդունվի որպես երկրորդ պետական լեզու, որը մենք չենք ողջունում։ Ռուսաց լեզվի իմացությունը հայ վարորդների մոտ կարող է ստուգվել քննական լեզվով։ Բացի դրանից՝ ես համոզված եմ, որ նախկին խորհրդային երկրներից Հայաստանում ռուսաց լեզուն շատ ավելի բարձր մակարդակի վրա է, քան այլ երկրներում։ Այսինքն՝ դա այն հարցը չի, որի վրա կարելի է հենվել և մեր նկատմամբ խտրական որոշումներ կայացնել։ Առաջիկայում հանդիպումների ժամանակ մենք կպարզենք Ռուսաստանի մոտեցումն այս հարցի հետ կապված»,- ընդգծեց Եղիազարյանը։
Մեր դիտարկմանը՝ նման մակարդակով հարցի բարձրացումը և շեշտադրումները կարո՞ղ են հանգեցնել իրավական հետևանքի, մասնավորապես, որ ՌԴ-ն որոշակի զիջումների գնա ու փոփոխի օրենքը, Եղիազարյանը նկատեց. «Շատ հնարավոր է, քանի որ փաստացի ֆիքսվեց, որ առկա է հակասություն։ Այդ առումով սա անհետևանք չի կարող մնալ, և մենք էլ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանի համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն։ Իսկ հիմա Հայաստանի համար իրենք որևէ բարենպաստ պայմաններ չունեն, չեն ստեղծել և չեն գնում զիջումների»։
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: