Երեկ սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը, որով հոդվածներից մեկը ճանաչեց հակասահմանադրական, մյուսը՝ սահմանադրական: Այս հայտարարությունից հետո հանրությունը, իրավաբանները քննարկում էին՝ հիմա Քոչարյանն ազա՞տ է արձակվելու, թե՞ ոչ:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդեւանյանը լրագրողներին տեղեկացրել է՝ ՀՀ Քր.Դատ օրենսգրքի 35-հոդվածն այնքանով որքանով չի նախատեսում որեւէ նորմ, կարգավորում հատուկ պաշտպանության միջոցներով օժտված պաշտոնատար անձանց համար, ինչպես, օրինակ, գործառութային անձեռնմխելիությամբ օժտված է ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, դրանով հակասահմանադրական է, Սահմանադրությանը հակասող եւ անվավեր: Դրանով, ըստ Վարդեւանյանի, խախտվել է ՀՀ 2-րդ նախագահի ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով նախատեսված անձնական ազատության իրավունքը. «ՀՀ 2-րդ նախագահի անձնական ազատությունը, բոլորդ քաջ գիտեք, սահմանափակվել է եւ սահմանափակված է ներկայումս»:
Հետո գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառմամբ նկատել է՝ ՍԴ-ն հրապարակել է միայն որոշման եզրափակիչ մասը. «Այսինքն որոշումն ամբողջությամբ դեռեւս չկա: Սահմանադրական դատարանը որեւէ կոնկրետ քրեական գործով որոշում կայացնել չի կարող: Այն իրավասու է որոշում կայացնելու միայն կիրառվող իրավական ակտի կամ դրա դրույթների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ: Իսկ կայացված որոշման հնարավոր հետեւանքների մասին հնարավոր կլինի խոսել միայն այդ որոշմանն ամբողջությամբ ծանոթանալու հիման վրա»:
«Առավոտ»-ի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը (լուսանկարում) ասաց՝ պետք է ՍԴ-ի որոշման նկարագրական մասը հրապարակվի, մեկնաբանությունները, որպեսզի տեսնենք՝ ի՞նչ տրամաբանության արդյունքում է ՍԴ-ն եկել նման որոշման. «Որովհետեւ ինձ համար շատ կարեւոր է՝ ինչպե՞ս են մասնագետները, իրավաբանները կամ ՍԴ-ն մեկնաբանում օրենքի առջեւ բոլորի հավասար պատասխանատվության սահմանադրական սկզբունքը՝ անձեռնմխելիության ենթատեքստում: Ինչպե՞ս են հիմնավորելու՝ անձեռնմխելիությունը բացարձակ սկզբունք է, նախագահի անձեռնմխելիությունը ավելի՞ բարձր սկզբունք է, քան օրենքի առջեւ բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքը: Անկյունաքարային հարցը սա է»:
Կարդացեք նաև
Իրավապաշտպանի համար ավելի կարեւոր է եւ հետաքրքիր՝ ՍԴ-ն անդրադարձե՞լ է իր նշած խնդրին, եթե՝ ոչ, ապա ՍԴ-ն ավելի կխորացնի կասկածը, որ քաղաքական որոշում են կայացրել. «Բայց դա ընդամենը լրացուցիչ նշանակություն ունի այն իմաստով, որ ՍԴ-ն չպետք է լիներ այս կազմով: Ինձ համար լրացուցիչ փաստարկ պետք չէ հիմնավորելու համար, որ ՍԴ-ն այս կազմով չպետք է լիներ»:
Սաքունցի կարծիքով՝ իշխանությունն ուշացրել է, հետեւանքը՝ ՍԴ-ի ներկայիս կազմն է. «Հեղափոխոթյան տրամաբանությունը հուշում է, որ օրենսդիր եւ գործադիր մարմիններից բացի, պետք է վերականգնվեր դատական իշխանությունում օրինականությունը: ՍԴ-ն իրավական փաթեթավորմամբ ձեւակերպել է պետության զավթումը, մասնակից է պետության զավթմանը: Ինչպե՞ս կարելի է վստահել մի կազմի, որ դեռ չեմ ասում Հրայր Թովմասյանը պատգամավորական մանդատը դրեց, կուսակցության անդամակցումը դադարեցրեց, ինչպե՞ս կարելի է վերաբերվել այն կազմին, որը նոր ընտրված ՍԴ անդամին միանգամից ընտրում է ՍԴ նախագահ: Դա այդ պահի քաղաքական իշխանության պահանջն էր, նրանք իրենց միաձայն ընտրությամբ հիմնավորում են, որ իրենց նկատմամբ վստահություն չի կարող լինել, նրանք կախված էին այդ պահի քաղաքական իշխանությունից»:
Սաքունցը նշեց՝ արդարադատություն իրականացնողի շահերից է բխում՝ անձի, որի նկատմամբ քրեական հետապնդում կա, կարող է նախաքննության վրա ազդի, ունի լծակներ եւ ռեսուրսներ, նրա նկատմամբ խափանման այնպիսի միջոց կիրառվի, որպեսզի նվազեցվի քրեական գործի քննության վրա նրա բացասական ազդեցությունը. «Պետք է նաեւ քրեական արդարադատության, հանրային շահերով առաջնորդվել՝ քաղաքացու, պետության դեմ ծանր հանցագործության մեջ է մեղադրվում անձը, մեղադրանք է առաջադրված, ցանկացած գործողություն պետք է լինի քրեական արդարադատության շահերից: Կրկնեմ՝ օրենքի առաջ բոլորի հավասար պատասխանատվության սահմանադրական սկզբունքը, եթե օրենսդրության որեւէ նորմ հակասում է Սահմանադրությանը, իրավապահ մարմինը պետք է առաջնորդվի սահմանադրական նորմով: Ոչ մեկին չի կարելի ասել՝ օրենքի խախտում եք կատարել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.09.2019