Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծամասնության խնդիրը

Սեպտեմբեր 05,2019 10:00

Հաջորդ շաբաթ սկսվելու են Ազգային ժողովի լիագումար նիստերը, եւ ինչ էլ ասեն իշխող վերնախավի ներկայացուցիչները, իշխանական թիմի միասնականության մասին որոշակի կասկածներ, այնուամենայնիվ, կան: Թե՛ կառավարությունում, թե՛ «Իմ քայլը» խմբակցությունում առնվազն երկու հարցերում՝ Ամուլսարի եւ Ստամբուլյան կոնվենցիայի, կարծիքները խիստ տարբեր են: Երկու խնդիրներն էլ, ըստ էության, հետաձգվել են, բայց, ինչպես ասում են, «նստվածքը մնացել է»: Խնդիրները խիստ տարբեր են իրենց «ընթացակարգով»՝ առաջինը պատգամավորների տիրույթում չի, երկրորդի վերաբերյալ անհրաժեշտ է Ազգային ժողովի քվեարկությունը: Տարբեր է, իմ կարծիքով, նաեւ այդ հարցերի նշանակությունը՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացնել-չվավերացնելը որեւէ էական ազդեցություն չի թողնի հայաստանյան իրականության վրա: Պարզապես մեր հասարակության մեջ, մեղմ ասած, գիտելիքի եւ տեղեկատվության պակասն է օգնել, որպեսզի որոշ շրջանակներ կարողանան կապել ընտանեկան բռնության դեմ պայքարը միասեռականության հետ: Դարձյալ փաստեմ, որ ամբոխահաճ հիստերիան այնքան մեծ էր, որ այդ առասպելին սկսեցին հավատալ անգամ կրթված մարդիկ:

Երկու հարցերում էլ տարաձայնությունները, կրկնեմ, ակնհայտ են, եւ պատճառը, ենթադրում եմ, ընդհանուր արժեքային համակարգի, ընդհանուր սկզբունքների, եթե ուզում եք՝ «իզմ»-երի բացակայությունն է: Անպայման անհրաժեշտ է փաստել նաեւ, որ բացի այն օրենսդիրներից, որոնք հիշյալ հարցերի վերաբերյալ հանդես են եկել այս կամ այն դիրքորոշմամբ, «Իմ քայլում» կան նաեւ պատգամավորներ, որոնք ո՛չ այս, ո՛չ էլ որեւէ այլ հարցով որեւէ կարծիք չեն հայտնել: Նրանք ընդհանրապես ԱԺ-ում ոչ մի ձայն-ծպտուն չեն հանել եւ այդ առումով չեն տարբերվում նախորդ գումարման խորհրդարանի շատ իշխանական պատգամավորներից:

Խնդիրները, կարծում եմ, օրինաչափ են: Հիշենք, թե ինչպես է ձեւավորվել խորհրդարանի այս կազմը: Ընտրությունները կազմակերպվել են հապճեպ, հեղափոխական էյֆորիայի ազդեցության տակ, առանց քաղաքական ծրագրի: Քվեարկությունն անցավ ազատ, օրենքի շրջանակներում, Նիկոլ Փաշինյանը վաստակեց 88 հոգանոց հսկայական խմբակցությունը ձեւավորելու իրավունքը: Ի՞նչ չափանիշներով էր ընտրվում այդ 88 հոգին: Պարզ է, որ թեկնածուները պիտի քննության նման մի բան հանձնեին: Գլխավոր «թեսթը», որին նրանք պետք է համապատասխանեին, հավանաբար, հետեւյալն էր՝ որքան ինտենսիվորեն են նրանք «մերժում Սերժին»՝ որքան մեծ կրքով էին դա անում, այնքան լավ: Այդ առումով խմբակցությունն, իհարկե, այսօր էլ է միասնական՝ «նախկինների» հարցում նրանք տարաձայնություններ չունեն: Բայց արդյո՞ք դա բավարար է օրենսդրական եւ ընդհանրապես քաղաքական գործունեության համար:

Հաջորդ ընտրությունները, երբ էլ դրանք կայանան, եւ ով էլ դրանցում հաղթի, անցնելու են բոլորովին այլ պայմաններում, մեծամասնությունն էլ, հավանաբար, բացարձակ չի լինելու: Բայց ես չէի շտապի դա լավ լուր անվանել: Որովհետեւ ամենեւին էլ բացառված չէ, որ այսօրվա մեծ մասամբ համակրելի երիտասարդներին դարձյալ փոխարինեն հաստափոր ցինիկները:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Դարձյալ փաստեմ, որ ամբոխահաճ հիստերիան այնքան մեծ էր, որ այդ առասպելին սկսեցին հավատալ անգամ կրթված մարդիկ:

    Եթե դա առասպել լիներ, ապա առավել չեվրոպականացած պետություններից երկուսը (Բուլղարիա և Սլովենիա) կատեգորիկ դեմ չէին լինի Ստամբուլյան կոնվենցիային՝ անգամ սահմանադրականության մակարդակում:

  2. Anonymous says:

    ՝Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:՝

    Օրենքները գրվում են մարդկանց համար, ոչ թե միայն իրավաբան գիտնականների համար: Վերոհիշյալ տողերը վերցված են Սահմանադրությունից, կարելի՞ էր ինձ նման անգրագետ Պողոսի համար գիտնական իրավաբանները ամեն օրենքը մանրամասն ծամեին ու բերանս դնեին, այսինքն՝ մեկնաբանեն, օրինակների վրա ցույց տան օրենքի կիրառման ձեւերն ու թույլատրելի տիրույթները: Իրավաբանությունը պետք է երկրաչափության նման լինի ճշգրիտ ու միանշանակ, այսինքն՝ ճշգրիտ գիտություն, եթե վատ գիտես երկրաչափություն, ապա գծագրածդ տունը կամ նավը վտանգ են ներկայացնում մարդկանց համար, նմանապես, ոչ ճշգրիտ օրենքը վտանգավոր է քաղաքացիների համար: Այսպիսով, հայ իրավաբանությունը նույնքան կարեւոր ու ճշգրիտ գիտություն է, ինչ ասենք թվաբանությունը եւ երեխաներին մանկապարտեզից սկսած պետք է դաստիարակել ու սովորեցնել թվաբանությանը զուգընթաց նաեւ հայ իրավաբանություն որպես միանշանակ ճշգրիտ գիտություն, դա հնարավոր է անել իրավաբանների, ծրագրավորողների, մաթեմատիկոսների ու ֆիզիկոսների սերտ համագործակցությամբ:

  3. Քաղաքացի says:

    Մեր հասարակության այն մասը, որը ցանկանում է հնարավորինս հասկանալ տեղի ունեցող իրադարձությունների էությունը, պարտադրված է ներխուժել նեղ մասնագիտական ոլորտներ։ Կարծում եմ, դրա անհրաժեշտությունը այսքան արտահայտված չէր լինի, եթե չլիներ այս հետհեղափոխական շատ սպեցիֆիկ քաղաքական իրավիճակը, երբ հասարակությունը առաջնորդվում է տարբեր, հիմնականում իրարամերժ նպատակներ ունեցող քաղաքաքկան ուժերի կողմից։ Չլինելով իրավաբան և բազմիցս ականատես լինելով, թե ինչպես այս ոլորտի կառկառուն դեմքերը միանգամայն տարբեր ձևով են մեկնաբանում նույն օրենքը, զարմանում, զայրանում և իվերջո ընկնում տարակուսանքի մեջ։ Եվ այստեղ հասկանում եմ Anonymous-ի ցանկությունը այս բոլորը բերել գիտության դաշտ, որ ամեն ինչ լինի միանշանակ և հստակ։ Սակայն այս պարագայում, այն էլ իրավաբանական ոլորտում, մենք կարող ենք հայտնվել արհեստական բանականության տիրույթում։ Օրենքը պետք է գրվի ոչ թե տխրահռչակ ձևով՝ ինչ որ մեկի հագով, մեկնաբանվի ինչ-որ մի նպատակով, ինչպես այսօր, այլ պետք է գրվի իրավաբան-գիտնականի կողմից իրավաբան-կիրառողի համար։ Այս պարագայում, Պողոսը կարող է չծանրաբեռնել իր ուղեղը նեղ մասնագիտական գիտելիքներով, այդ Պողոսը կարող է անգերազանցելի լինել մի այլ ոլորտում։ Իսկ ծրագրավորողը, ընդամենը միջնորդ է գիտնական-իրավաբանի և համակարգչի միջև՝ նրա դերը կայանում է նրանում, որ մեքենային իր, մեքենայական, այն է՝ ծրագրավորման լեզվով «բացատրի» անելիքը, որ ծրագիրը հնարավորինս միանշանակ պատասխանի իրավաբան-կիրառողի հարցմանը։ Գիտնականը պետք է դիտարկի բոլոր հնարավոր իրավիճակները և հանգամանքները և տրամադրի այդ տեղեկատվությունը իր ամբողջ ծավալով և համապատասխան տրամաբանությամբ ծրագրավորողին։ Մեքենան որոշում կայացնողը չէ, նա մեզ կմատուցի այն պատասխանը, որը ներ է դրված մեքենայի մեջ իրավաբան-գիտնականի կողմից ծրագրավորողի միջնորդությամբ։ Միևնույն ժամանակ ծրագրավորման մեջ կա այսպիսի մի չգրված օրենք՝ համակարգը պետք է լինի հիմարադիմակայուն՝ дуракоустойчивая система. Սա ծաղր չէ, ծրագրավորողը պետք է կանխատեսի օգտագործողի հնարավոր կամ միտումնավոր «հիմարությունները» և չեզոքացնի այն։ Այդ իսկ պատճառով ցանկացած ծրագրի կոդի ընդամենը 30-40 տոկոսն է, լավագույն դեպքում, լուծում բուն խնդիրը, իսկ մնացած մասը ապահովում վերենշված վտանգների չեզոքացումը։ Ասել կուզեմ, որ մեզ պետք են իրավաբան-գիտնականներ, ծրագրավորողներ, փառք Աստուծո, ունենք, քաղաքական կամք, իսկ ներկայիս իրավաբան-կիրառողների գործը, ինչպես ասում է ժողովուրդը, այս ամենի ներքո՝ բուրդ է։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30