Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին մարզպետի բողոքը՝ բնապահպանների դեմ, մերժվել է

Սեպտեմբեր 05,2019 15:00

Բնապահպանը չի նշել, թե մարզպետն ի՞նչ կապ ունի ԱՃԹՆ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցելու հետագա հնարավորության հետ

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը օգոստոսի 29-ին հրապարակեց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն ընդդեմ բնապահպան Արթուր Գրիգորյանի, «Անկախ լրագրողների ցանց» հասարակական կազմակերպության, «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ի, «Առավոտ» օրաթերթ ՍՊԸ-ի բողոքը՝ պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման եւ հերքման պարտավորեցնելու պահանջի մասին:
Դատարանը գրավոր ընթացակարգով էր քննել Վահե Հակոբյանի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքը ՀՀ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա ապրիլի 18-ի թիվ ԵԿԴ/3404/02/17 վճռի դեմ:

Վահե Հակոբյանը, դիմելով դատարան, խնդրել էր պարտավորեցնել Արթուր Գրիգորյանին՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ի aravot.am կայքի միջոցով, «Անկախ Լրագրողների Ցանց» Հ/Կ-ի «epress.am» կայքի միջոցով, «Սյունյաց Աշխարհ» ՍՊԸ-ի «syuniacyerkir.am» կայքի միջոցով հրապարակայնորեն հերքել նույն լրատվական միջոցներով տարածված զրպարտություն համարվող փաստացի տվյալները։ Անգամ պատրաստվել էր հերքման տեքստ, որն այդպես էլ երկու ատյանի դատարաններում «ուժի մեջ» չմտավ: Մասնավորապես. «2017 թվականի հուլիսի 31-ին aravot.am կայքում Արթուր Գրիգորյանի կողմից չստուգված եւ իրականությանը չհամապատասխանող տվյալներ են հրապարակվել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի եւ, իբր, նրա կողմից կատարված հանցագործության մասին։ Իրականում Վահե Հակոբյանի կողմից հանցագործություն չի կատարվել եւ երբեւէ Վահե Հակոբյանի վերաբերյալ որեւէ քաղաքացիական եւ քրեական գործ չի հարուցվել, չի քննվել եւ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ գոյություն չունի, հետեւաբար Վահե Հակոբյանի վերաբերյալ հրապարկված հիշյալ փաստերը որեւէ կերպ չեն համապատասխանում իրականությանը: Ես ընդունում եմ իմ մեղքը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին անհիմն զրպարտելու մեջ, հերքում եմ 2017 թ. հուլիս 31-ի հրապարակված հոդվածում արտահայտված տվյալները եւ ներողություն եմ խնդրում Վահե Հակոբյանից».

Հայցվորը պահանջել էր, որպեսզի Արթուր Գրիգորյանը, որպես զրպարտության արդյունքում իր պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում իրեն՝ Վահե Հակոբյանին վճարի 2.000.000 ՀՀ դրամ:
Ի դեպ, վճռով` գործի վարույթը «Առավոտ օրաթերթ» ՍՊ ընկերության դեմ ներկայացված պահանջի մասով, կարճվել է՝ պահանջից հրաժարվելու հիմքով, իսկ հայցը մնացած մասով մերժվել է:

Ըստ բողոքաբերի, հրապարկված արտահայտությունների մասով ընդհանուր իրավասության դատարանը եզրահանգել էր, որ դրանք «մասամբ որոշակի իրադարձություն են նկարագրում», հետեւաբար, նյութի այս հատվածում բացակայում է զրպարտչական բնույթի արտահայտությունը, ինչպես նաեւ «ստույգ փաստերը», որպիսիք պարզելու խնդրանքով պատասխանողը ներկայացրել է հաղորդում։

Պատասխանողն իր հերթին նշել էր. «Նկարագրված փաստական հանգամանքները ստեղծում են հիմքեր ուրվագծելու անձանց շրջանակը, որոնց մասնակցությամբ իրականացվող քննչական եւ այլ դատավարական գործողությունների միջոցով կարող է բացահայտվել հասարակական կազմակերպություններին եւ անհատ անձանց վարկաբեկող հոլովակի ստեղծմանը մասնակցած սուբյեկտներին եւ դրանում Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ֆինանսական, կազմակերպչական եւ այլ ներգրավվածությունը՝ իր լիազորություններն անցնելով»:

Այս տվյալով, ըստ բողոքաբերի. «Պատասխանողն արատավորել է նաեւ Վ. Հակոբյանի հետ փոխկապակցված անձանց, նրա հետ շփվող մարդկանց, ներկայացնելով եւ հանրությանը տեղեկացնելով, որ Վ. Հակոբյանի հետ փոխկապակցված են այնպիսի անձինք, որոնք վարկաբեկում են հասարակական կազմակերպություններին եւ բնապահպաններին՝ ֆինանսավորելով ինչ-որ հոլովակների ստեղծմանը»։

Պատասխանողը նշել էր. «Կան հիմնավոր կասկածներ պնդելու, որ մարզպետ Հակոբյանը, անձնական եւ խմբային շահերից ելնելով, կատարել է մարզպետի լիազորությունների հետ անհամատեղելի արարք՝ իր հետ փոխկապակցված անձանց միջոցով հաշվեհարդար տեսնելով հասարակական–բնապահպանական գործունեությամբ զբաղված անհատների եւ կազմակերպությունների հետ։ Նշված արարքը էական վնաս է պատճառել հասարակական կազմակերպություններին եւ պետությանը։ Նախ, քաղաքացիական հասարակության գործունեությանը վարչական մարմնի միջամտության պատճառով անհնարին է դառնում ԱՃԹՆ-ին անդամակցելու Հայաստանի հետագա հնարավորությունը, եւ Հայաստանը զրկվում է այդ նախաձեռնությանը անդամակցելու պայմանով միջազգային ֆինանսական աջակցությունից։ Երկրորդ, մարզպետի հետ փոխկապակցված այլ սուբյեկտների ձեռքով նպատակամղված վարկաբեկվում են մարզպետի համար անհաճո հասարակական կազմակերպություններն ու հանրային գործունեությամբ զբաղվող անձիք՝ էական վնաս պատճառելով վերջիններիս հեղինակությանը»։

Բողոքաբերը նշել էր. «Առավել քան ակնհայտ է, որ Ա. Գրիգորյանը, հերթական անգամ ներկայացնելով անհիմն տեղեկություններ, Վ Հակոբյանին ներկայացրել է պետությանը, էկոլոգիային, հասարակական կազմակերպություններին դեմ, անօրինական գործողություններով զբաղվող մի մարդու։ Պատասխանողը չի մասնավորեցրել եւ չի հիմնավորել, թե բարձրաստիճան պաշտոնյան, ով իր բարեխիղճ եւ պատասխանատու գործունեությամբ ծառայում է Հայաստանի Հանրապետությանը, պետության բարօրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ինչու պետք է հաշվեհարդար լինի հասարակական-բնապահպանական գործունեությամբ զբաղված անհատների եւ կազմակերպությունների հետ։ Միաժամանակ պատասխանողը չի նշել Վ. Հակոբյանի կողմից պետությանը եւ հասարակական կազմակերպություններին հասցված ինչ վնասի մասին է խոսքը եւ չի ապացուցել նշված փաստացի տվյալների ճշմարտացիությունը։ Բնապահպանը չի նշել նաեւ, թե Վ. Հակոբյանը ինչ կապ ունի ԱՃԹՆ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցելու հետագա հնարավորության հետ»։

Բողոքաբերի ներկայացուցիչը առարկել էր. «Ա. Գրիգորյանը խոսում է մարզպետի համար անհաճո հասարակական կազմակերպություններին ու հանրային գործունեությամբ զբաղվող անձանց վնաս պատճառելու մասին, չհիմնավորելով, թե ինչ վնասի մասին է խոսքը, ինչ է նշանակում «մարզպետի համար անհաճո հասարակական կազմակերպություններ ու հանրային գործունեությամբ զբաղվող անձինք» արտահայտությունը, եւ ովքեր են այդ կազմակերպությունները եւ անձինք, եթե այդպիսիք կան»։

Վիճարկվում էր նաեւ վճռի հետեւյալ հատվածը. «Հոդվածում պատասխանողը նշել է նաեւ. «Հանցագործության մասին սույն հաղորդմանը կից տարբեր կրիչների վրա ներկայացնում եմ հիմքեր 2016 թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ Սյունիքի մարզի մարզպետ նշանակված Վահե Հակոբյանի գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ»։

Մինչդեռ, ըստ նախկին մարզպետի ներկայացուցչի. «Տվյալ դեպքում Ա. Գրիգորյանը, չներկայացնելով որեւէ ապացույց եւ/կամ չնշելով որեւէ հիմնավոր փաստ, ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալներ, մասնավորապես՝ Վահե Հակոբյանին մեղադրել է հանցանք կատարելու մեջ»։

Վերոնշյալ հաղորդում-հրապարակման մեջ նշվել էր հետեւյալը. «Նոր ի հայտ եկած փաստերը վկայում են, որ 2016 թվականի նոյեմբերի 25-ին «ֆեյսբուք» սոցիալական ցանցի փակ խմբում, անհայտ անձանց կողմից բացված «Փակագծերից դուրս» էջի միջոցով տեղադրված անիմացիոն հոլովակը, որի միջոցով փորձ է արվել վարկաբեկելու «Էկոլուր» եւ «Էկոլոգիական իրավունք» հասարակական կազմակերպություններին, բնապահպաններ Ինգա Զառաֆյանին եւ Արթուր Գրիգորյանին, կարող է կազմակերպված եւ ֆինանսավորված լինել մարզպետ Հակոբյանի կողմից եւ իրականացվել է վերջինիս հետ փոխկապակցված սուբյեկտների միջոցով»։

Բողոքաբեր կողմի տեղեկացմամբ՝ պատասխանողը չի նշել եւ չի ներկայացրել թե ինչ նոր ի հայտ եկած փաստերի մասին է խոսքը, չի նշել այն հանգամանքները, որոնք կհիմնավորեն եւ կհաստատեն Վ. Հակոբյանի կապը «Փակագծերից դուրս» էջի միջոցով տեղադրված անիմացիոն հոլովակի ստեղծման, դրա բովանդակության, ֆինանսավորման հետ, նաեւ հայտնել էր, որ Վահե Հակոբյանի վերաբերյալ առկա չէ որեւէ քաղաքացիական կամ քրեական գործ, օրինական ուժի մեջ մտած վճիռ կամ դատավճիռ, որով թեկուզ ակնարկվեր, որ վերջինս անձամբ որեւէ կապ է ունեցել Ա. Գրիգորյանի կողմից նշված հակաօրինական արարքներին։

Վերաքննիչ դատարանը, մերժելով բողոքը, հղում էր կատարել ՄԻԵԴ-ի վճռին. «Բացի այդ, թույլատրելի քննադատության սահմաններն ավելի լայն են կառավարության, քան թե մասնավոր քաղաքացու կամ նույնիսկ քաղաքական գործչի նկատմամբ: Ժողովրդավարական հասարակարգում պետության գործողությունները կամ բացթողումները պետք է ենթարկվեն խիստ վերահսկողության ոչ միայն օրենսդիր եւ դատական մարմինների, այլեւ մամուլի եւ հանրային կարծիքի կողմից («Ինկալն ընդդեմ Թուրքիայի գործով» Եվրոպական դատարանի 09.06.1999 թվականի վճիռ, կետ 54)»:

Համադրելով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ պարբերության հետ՝ դատարանը փաստել էր. «Նշյալ պարբեռրությունը թույլ է տալիս պաշտպանել այլոց, այսինքն` բոլոր անհատների հեղինակությունը, եւ այս պաշտպանությունը տարածվում է քաղաքական գործիչների նկատմամբ եւս, եթե նույնիսկ նրանք հանդես չեն գալիս իրենց մասնավոր կարգավիճակում, սակայն նման դեպքերում այդպիսի պաշտպանության պահանջները պետք է կշեռքի նժարին դնել` մյուս նժարին դնելով քաղաքական հարցերը բաց կերպով քննարկելու շահերը («Լինգենսն ընդդեմ Ավստրիայի գործով» Եվրոպական դատարանի 08.07.1986 թվականի վճիռ, կետ 42):

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30