Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետ Տերտերյանի սանը նվագում է Երեւանի փողոցներում

Սեպտեմբեր 05,2019 14:30

Աշխարհի մշակութային կյանքի հին ու նոր ժամանակները լեցուն են մշակութաստեղծ գործիչների տարբեր բնույթի եւ ամենատարբեր հանգամանքների աշխատանքներով՝ բեմերում, պալատներում, հրապարակներում, փողոցներում եւ «խելքին մոտ ու հեռու» միջավայրերում: Ինչպես ստեղծագործությունը սահմաններ չի ճանաչում, այդպես էլ դրանց մատուցման ձեւերը: Արտիստն արվեստի այլ ընկալում ունի, մինչդեռ սովորական մարդն իր սովորությունների գերին է մնում:

Օրինակ, Խորհրդային Միության ժամանակ անհասկանալի էր փողոցներում արտիստի հանդես գալը: Այժմ ամեն ինչ այլ է, փողոցներում հայտնվեցին նախ երաժիշտներ, ապա տարբեր արվեստների ներկայացուցիչներ (պարողներ, նկարիչներ), որոնք «առաջարկում» են իրենց շնորհքը որոշակի գումարի դիմաց: Մեզանում եւս ազատության հետ միասին փողոցներում, մետրոյի կայարաններում հայտնվեցին «ազատ» երաժիշտներ: Ազատությունը վերաբերում է նաեւ «ելույթի» մատուցման տարբեր կարգերին, որտեղ ոչ մի սկզբունք չկա, եւ փողոցի մի ծայրում կարող է հանդես գալ, ասենք սրտաճմլիկ նվագով կլարնետահար (նետահարելով բոլորի ականջները եւ հոգին), իսկ մյուս ծայրում տեսնում-լսում ես սիմֆոնիկ նվագախմբում իր աշխատանքը կորցրած թավջութակահարի:

Անցած երեք տասնամյակում մեկ հանգամանք թերեւս կարելի է գնահատել Երեւանի փողոցներում հանդիպող «ելութների« մեջ. այն, որ առաջվա «թաց ու չոր» խառնված ելույթները վերաճել եւ վերածվել են ավելի բարեկիրթ, առավել բարեհունչ եւ բավականին արժանապատիվ գործունեության, ինչպես երաժշտական նյութի մատուցման, այնպես էլ ելույթի դիմաց գումար ստանալու բարեկրթության եւ արժանապատվության առումով: Հաճախ հանդիպում են նաեւ հյուրախաղորդ փողոցային երաժիշտներ, որոնք գալիս են մեր երկիր «իրենց փորձը բերելու» եւ, իհարկե, գումար վաստակելու համար: Բայց լավ կլինի զրուցենք այդ ծառայությունը բավականին որակով մատուցող երաժշտի հետ՝ իր գործի իրական արժեքն իմացող եւ այդ գործն ամեն օր Երեւանի կենտրոնում իրականացնող կատարողից:

Այդ երաժիշտը, ավելի ճիշտ՝ ռոք կիթառահարը Գեւորգ Աղաջանյանն է, որին առանց չափազանցության, ճանաչում են երեւանցիները: Նա տեւական ժամանակահատված հանդես է գալիս Երեւանի կոնսերվատորիայի դիմաց տեղադրված Կոմիտասի արձանի հարեւանությամբ: Իսկ նրա հետ զրուցելու առիթը մեկն էր՝ այդ հատվածով անցնելիս մեր ականջին հասնում էր նրա մատուցմամբ բարձրակարգ երաժշտությունը՝ «Դլե յամանից» մինչեւ Կոմիտաս ու Բախ:

«Առավոտի» հարցին, թե՝ ստացե՞լ է մասնագիտական երաժշտական կրթություն, կիթառահարը նախ նշեց, թե երկու անգամ ընդունվել, բայց այդպես էլ չի ավարտել Երեւանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջը: Հետո էլ ասաց. «Իսկ դուք գիտե՞ք հանրակրթական դպրոցում ով է եղել իմ երգ-երաժշտության ուսուցիչը, ինքը՝ մեծանուն Ավետ Տերտերյանը: Մինչ օրս տպավորված եմ աշխատանքի հանդեպ նրա լրջությամբ, խստությամբ: Չափից ավելի պահանջկոտ անձնավորություն էր: Ասում էր՝ նոտաները պետք է գրեք այնպես գեղեցիկ, ինչպես մեսրոպյան տառերը: Բայց երբ դպրոցում Ավետ Ռուբենիչը ձեռնամուխ եղավ երգչախումբ կազմակերպելուն, ինձ չվերցրեց: Ասացի՝ ախր դասարանում երաժշտություն բոլորից շատ ես եմ սիրում… Գնացի տուն, նեղված էի, մանկան միամտությամբ բողոքեցի մորս, նա էլ առանց մանրամասնելու ասաց՝ գիտե՞ս Տերտերյանը ի՜նչ կոմպոզիտոր է… Ճիշտ է, դու քո էությամբ երաժիշտ ես, բայց ոչ երգիչ, իսկ Ավետ Ռուբենիչին հարկավոր են երգչական ձայնային լավ տվյալներով երեխաներ: Բախտ վիճակվեց ինձ ու իմ համադասարանցիներին՝ դպրոցում չորս տարի ուսանել այդ տաղանդավոր կոմպոզիտորի ղեկավարությամբ»:

Հետո էլ երաժիշտն ինքը սկսեց մեզ հարցեր տալ. «Արտասահմանյան մամուլից տեղեկացա, որ ընթացիկ տարին հոբելյանական է Տերտերյանի համար. վերջերս լրացել է նրա 90-ամյակը, բայց ոչ մի հայտագիր մինչ օրս չեմ տեսել, ինչո՞ւ այդ մասին չեք գրում…»:

Զրույցի ընթացքում Գեւորգը հիշեց իր կարիերայի սկիզբը. «1980-ականների վերջերին հանդես էի գալիս «Սինկոպա», ապա Artemida ռոք խմբերում, որտեղ համագործակցել եմ հիանալի երաժիշտներ Լեւոն Հախվերդյանի (հարվածային գործիքներ), Այծեմնիկ Ղեւոնդյանի (կիթառ) եւ մյուսների հետ: Արցախյան պատերազմի տարիներին՝ 90-ականների սկզբին, մասնակցել ենք բարեգործական համերգների ոչ միայն հայաստանյան մարզերում, օրինակ՝ Սիսիանում անցկացվող ռոք փառատոնին, այլեւ Արցախում: Իսկ հետո կյանքն ինձ նետեց Մոսկվա: Ինչո՞ւ, որովհետեւ Երեւանում երաժշտությամբ ապրելը դարձել էր անհնար: Հրավերներ ստացա մեկ-երկու խմբերից, այդ թվում՝ «Пантера», «Воздух», մինչ այդ դարձյալ հանդես էի գալիս փողոցներում: Նույնիսկ միառժամանակ հանդես եկա այս պահին ազգանունը չեմ հիշում, կոնսերվատորիական կրթություն ստացած Օլեգի հետ … 2007-ին վերադարձա Երեւան, հույս ունենալով, որ կտեղավորվեմ որեւէ ակումբում: Բայց դիմածս նման հաստատություններից ստանում էի նույն պատասխանը՝ տեղ չունենք: Դե, եթե տեղ չկա, 2008-ից իմ «տեղը», ավելի ճիշտ՝ բեմը, երեւանյան փողոցներն են»:  Դիտարկմանը՝ ներքին համոզմունք կա, որ ձեր դեպքում դա զուտ ապրուստի միջոց չէ, կիթառահարը պատասխանեց. «Սա ե՛ւ ապրուստի միջոց է, ե՛ւ հոգեւոր վիճակ,- հետո էլ կեսկատակ-կեսլուրջ հավելեց.- ցույց կտա՞ք մի երաժշտի, որն ունի ինձ նման մեծ լսարան»:

Գեւորգ Աղաջանյանը տեղեկացրեց մեզ, որ ունի նաեւ հեղինակային ստեղծագործություններ, հետաքրքրվողներն էլ կարող են դրանց ծանոթանալ համացանցում:

2015-ից Երեւանի կենտրոնում հանդես եկող երաժիշտը նաեւ հայտնեց, որ շնորհակալ է իր ունկնդրից. «Կոնսերվատորիայի դասախոսներից շատերը կանգնում են, ունկնդրում, եւ նրանց խրախուսող ժեստերից ինձ բավարարված եմ զգում, քանի որ դրանք պրոֆեսիոնալների գնահատական են»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ashot says:

    ԵՍ, կոնսերվատորիայում, 3 տարի եղել եմ Տերտերյանի սանը, ապա ընկերը՝ մինչև կյանքի վերջը, (քանի որ ինձ իր լավագույն սաներից էր համարում), բայց առաջին անգամ եմ լսում և ինձ համար նորություն է, որ նա որևէ հանրակրթական դպրոցում երգ – երաժշտություն է դասավանդել … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30