Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական կողմը արձագանքել է ոչ թե կոշտ, այլ՝ դիվանագիտական կառույցի արձագանքին ոչ հարիր լեզվով»

Սեպտեմբեր 05,2019 15:30

«ՀՀ կառավարության որոշումը պետք է դիտարկել հենց այս՝ միջազգային դիտորդների ներկայացվածության բացը լրացնելու համատեքստում»,- «Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ կառավարության որոշմանը՝ գումար տրամադրել հայաստանյան երկու հասարակական կազմակերպությունների՝ Արցախում ՏԻՄ ընտրությունները դիտարկելու համար, ասաց Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը:

– Օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Արցախը Հայաստան է, եւ վե՛րջ»: Այդ հայտարարությունը Ադրբեջանում, ինչպես եւ սպասելի էր, կոշտ արձագանք ստացավ: Հայտարարվեց, որ հայկական կողմը գնում է իրավիճակի սրացման ճանապարհով եւ, որ հետեւանքների պատասխանատուն հայկական կողմն է լինելու: Այսօրինակ հայտարարություններն, ըստ Ձեզ, այժմ որքանո՞վ կնպաստեն կամ կվնասեն հարցի խաղաղ կարգավորման դիվանագիտական ճանապարհին:

– Այն հանգամանքը, որ այդ բանաձեւը հնչել է 1990 թվականին եւ շարունակում է հնչել 2019 թվականին, կարծում եմ, խոսում է այն մասին, որ մեր համազգային շահերի տեսանկյունից շատ բան չի փոխվել: ՀՀ վարչապետի հայտարարությունը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման համատեքստում էր, որում ընդգծվել է Հայաստանի՝ որպես Արցախի ժողովրդի եւ նրա ստեղծած պետականության անվտանգության երաշխավորի դերը: Սա մեկ անգամ չէ, որ ասվել է ՀՀ իշխանությունների կողմից, այնպես որ որեւէ արտառոց բան այստեղ փնտրել պետք չէ:

Նույն ելույթում ՀՀ վարչապետը խոսել է նաեւ հայկական կողմի՝ խնդիրը բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամության մասին: Կարծում եմ, որ բանակցային գործընթացի վրա ազդեցության տեսանկյունից, հենց ա՛յս ձեւակերպումն է ավելի շատ կարեւոր, որովհետեւ ՀՀ վարչապետը շեշտադրում է հենց այն հանգամանքը, որ հայկական կողմը պատրաստ է խնդրի կարգավորումը շարունակել բանակցային ճանապարհով:

Ադրբեջանական կողմը, ըստ իս, արձագանքել է ոչ թե կոշտ, այլ՝ դիվանագիտական կառույցի արձագանքին ոչ հարիր լեզվով: Բայց հաշվի առնելով Ադրբեջանի այսօրվա քաղաքականությունը, այս ամենը տեղավորվում է նրանց մոտեցումների մեջ: Իհարկե, Ադրբեջանը փորձում է օգտագործել ՀՀ վարչապետի հայտարարությունը եւ ձգտում է մեկնաբանել այնպես, թե իբր ՀՀ-ն է ձգձգում հարցի լուծումը, մինչդեռ, բոլոր այս տարիներին խնդրի կարգավորումը փակուղի է մտել հենց Ադրբեջանի պատճառով:

– Ձեր նշած ընկալումներո՞վ եք պայմանավորում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լռությունը, նրանք չեն արձագանքել ՀՀ վարչապետի այդ հայտարարությանը. ի՞նչ սպասել:

– Նախ՝ Ադրբեջանի արձագանքը կառուցված է կեղծիքի վրա, եւ էժանագին մանիպուլյացիաներով ուղղակի փորձ է արվել սլաքներն ուղղել դեպի Հայաստան: Եվ հետո, հակամարտության կարգավորման մեթոդոլոգիայի տեսանկյունից Հայաստանը շարունակում է մնալ նույն դիրքերում եւ բանակցային գործընթացն է տեսնում որպես խնդրի հանգուցալուծման գլխավոր ճանապարհ: Հավանաբար սրանք են համանախագահների չարձագանքելու պատճառները:

– Սեպտեմբերին Ադրբեջանի եւ Հայաստանի հերթական հանդիպումն է նախատեսվում. վերջին մեկ տարվա ընթացքում այդ հանդիպումներն ինտենսիվ են, բայց գնալով իրավիճակը լարվել է, հատուկ սպասելիքներ կա՞ն առաջիկա հանդիպումից:

– Ամբողջ նախընթաց շրջանը հիմքեր չի տալիս խոսելու այն լավատեսական սպասումների մասին, որոնք կարող են լինել արտգործնախարարների կամ այլ մակարդակի հանդիպումներից: Որքան էլ վերջին շրջանում Ադրբեջանը չի գնացել իրավիճակի լարման, այնուամենայնիվ, նրա դիրքորոշման մեջ որեւէ էական փոփոխություն ես չեմ տեսնում:

– Առաջիկայում Արցախում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, ՀՀ կառավարությունը մոտ 34 միլիոն դրամ է տրամադրել, որպեսզի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Ստեփանակերտի գրասենյակը եւ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը դիտորդական առաքելություն իրականացնեն այդ ընտրություններում: Որոշումը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում միանշանակ չի ընկալվել, շատերը դա համարում են միջամտություն Արցախի ներքին գործերին, մանավանդ, որ արցախյան ընտրությունները նախկինում էլ դիտարկվել են հայաստանյան պատգամավորների, հասարակական կազմակերպությունների կողմից, որոշ դեպքերում նաեւ անուղղակի դիտարկումներ են եղել միջազգային պատվիրակների կողմից: Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է:

– Գիտեք, տեղական ընտրությունները դիտարկելու առումով սա նորություն է, բայց քանի որ մենք գտնվում ենք ոչ սովորական իրավիճակում, պետք է խնդրին նայել հենց այս համատեքստում: Ցանկացած ժողովրդավարական երկրում ընտրությունների դիտարկումը համարվում է ընտրական գործընթացների լեգիտիմության եւ դրանց նկատմամբ վստահության ամրապնդման միջոց: Արցախում, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից քաղաքական շրջափակման փորձերը, բոլոր ընտրությունների ժամանակ միջազգային հեղինակավոր դիտորդական կառույցները խուսափում են մասնակցելուց: Ընտրություններին մենք սովորաբար ունենում ենք միջազգային դիտորդներ, որոնք, սակայն, տարբեր երկրների եւ որոշ միջազգային կազմակերպությունների առանձին ներկայացուցիչներ են:

ՀՀ կառավարության որոշումը պետք է դիտարկել հենց այս՝ միջազգային դիտորդների ներկայացվածության բացը լրացնելու համատեքստում: Իսկ դա հնարավորություն է նոր խողովակներով ներկայացնել, որ այստեղ ընթացող ընտրությունները կազմակերպվում են՝ պահպանելով ժողովրդավարական բոլոր չափանիշները:

– Արդյոք այս որոշումը կասկածի տակ չի՞ դնում նախկինում Արցախում կայացած բոլոր ընտրությունների լեգիտիմությունը: Համենայնդեպս, նման տեսակետ կա:

– Չեմ կարծում, որովհետեւ նախկինում տեղի ունեցած բոլոր ընտրությունների մասով մենք ունենք թե՛ առանձին երկրների, թե՛ տարբեր միջազգային դիտորդական խմբերի եզրակացություններ, որոնցում տեղ գտած դիտարկումներն ու առաջարկությունները հաշվի են առնվել ընտրական օրենսդրությունը բարելավելու ընթացքում:

– Սեպտեմբերի 8-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում նաեւ Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություն է լինելու: Այս համատեքստում` որքանո՞վ կարելի է այս ընտրությունները համարել 2020-ին կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների նախերգանք:

– Առաջիկա օրերին կայանալիք Արցախի ՏԻՄ ընտրություններն ակնհայտորեն ազատ մրցակցային են եւ գուցե, ինչ-որ տեղ քիչ քաղաքականացված: Կարծում եմ, որ սա պարզապես շատ լավ հնարավորություն է` ՏԻՄ համակարգի խնդիրներին զուտ մասնագիտական մոտեցում ցուցաբերելու համար:

Ինչ վերաբերում է առաջիկա երկու ընտրությունների փոխկապակցվածությանը, ապա դրանք, տարբեր մակարդակի ընտրություններ լինելով, հանրային տրամադրությունների մասին որոշակի ազդակներ են տալու քաղաքական ուժերին գալիք համապետական ընտրությունների նախօրյակին:

– Ձեր կարծիքով, ինչո՞ւ քաղաքական ուժերը հետաքրքրված չեն ՏԻՄ ընտրություններով:

– Ասել, որ ընդհանրապես հետաքրքրված չեն, ճիշտ չի լինի: Պարզապես մեր օրենսդրությամբ համայնքային իշխանությունների ձեւավորման գործում կուսակցությունների ընդգծված դերակատարությունը բացակայում է: Այնուամենայնիվ, ինչպես արդեն նշեցի, կան կուսակցություններ, որոնք ակտիվորեն ներգրավված են ընտրական գործընթացներում՝ թե՛ համայնքի ղեկավարների, թե՛ ավագանու անդամների աջակցմանը:

Զրույցը`
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
04.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30