Լրահոս
Օրվա լրահոսը

Բացառիկ ցուցասրահ-լսարան՝ Մանկավարժական համալսարանում

Սեպտեմբեր 05,2019 14:00

«Դժվար է պատկերացնել ուսումնական տարվա ավելի բովանդակալից ու նշանակալի սկիզբ, քան այս բացառիկ լսարանի բացումն է. սա ուսումնական տարվա նոր ու յուրատեսակ սկիզբ է: Հայաստանում գործում են բազմաթիվ ցուցասրահներ, բայց որպես լսարան՝ սա առաջինն է: Վստահ եմ, որ ցուցասրահ-լսարանի մթնոլորտը կլինի ոգեշնչող ապագա արվեստագետների համար»,- ՀՊՄՀ-ի գեղարվեստական կրթության ֆակուլտետում ցուցասրահ-լսարանի հանդիսավոր բացման ժամանակ նշեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:

Նորաբաց ցուցասրահ-լսարանում ցուցադրված են ֆակուլտետում դասավանդած եւ ներկայումս գիտամանկավարժական գործունեություն ծավալող արվեստագետ-մանկավարժների ստեղծագործությունները՝ շուրջ 90 աշխատանք:

Ռեկտորը վստահեցրեց, որ չկա մեր մշակույթի ու արվեստի մեծությունների հիշատակը վառ պահելու, հավերժացնելու բացառիկ արտահայտության այլ ձեւ, քան նրանց ստեղծագործությունների ներկայությունը կրթական միջավայրում: Նա բարձր գնահատեց Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանի՝ ցուցասրահ-լսարան բացելու նախաձեռնությունը եւ եւս մեկ անգամ նոր ուսումնական տարվա առթիվ շնորհավորեց բուհի պրոֆեսորադասախոսական կազմին եւ ուսանողներին՝ մաղթելով նոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

«Եթե իսկական ուսուցիչը բնությունն է, ապա ուսումնական հաստատության ներսում իսկական ուսուցիչը պատերին փակցված աշխատանքներն են»,-մեջբերելով մեծանուն նկարիչ Վարդգես Սուրենյանցին՝ նշեց Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը եւ հավելեց, որ ցուցասրահ-լսարանը կարծես ապագա արվեստագետների համար այդ ուսուցիչը լինելու առաքելությունն ունի:

Արա Հակոբյանն ընդգծեց՝ Մանկավարժական համալսարանն իր տարբեր մասնագիտություններով մշտապես նպաստել է մշակույթի զարգացմանը եւ հավելեց, որ ցուցասրահ-լսարանի բացումը նպատակ ունի ոչ միայն ուսանողներին, այլեւ արվեստասեր հասարակությանը ներկայացնել Գեղարվեստական կրթության ֆակուլտետի պատմությունը կերտող արվեստագետներին, նրանց ստեղծագործությունները:
Նրանց մեծ մասը ՀՀ վաստակավոր, ժողովրդական նկարիչներ են, ինչը մեծ պատիվ է ցանկացած բարձրագույն ուսումնական հաստատության համար:

«Երբ իմացա այս նախաձեռնության մասին, ուրախացա, հուզվեցի: Սա կարեւոր ձեռնարկ է, որ կհավերժացնի բուհի երախտավոր արվեստագետների հիշատակը, եւ մեր մեծ նկարիչները՝ որպես ուսուցիչներ, մշտապես ներկա կլինեն ուսանողների համար»,-նշեց նկարիչ Հարություն Հովհաննիսյանի որդին՝ Սեդրակ Հովհաննիսյանը եւ լսարանի բացման առթիվ շնորհավորեց ե՛ւ ուսանողներին, ե՛ւ դասախոսներին:
Նշենք, որ նման ցուցասրահ-լսարան Հայաստանի ոչ մի բարձրագույն ուսումնական հաստատությունում դեռեւս չկա:

Ցուցադրված են ՀՀ Ժողովրդական նկարիչներ Էդվարդ Իսաբեկյանի, Արտաշես Հովսեփյանի, Զաքար Խաչատրյանի, Լեւոն Կոջոյանի, Արա Շիրազի եւ այլոց ստեղծագործությունները:

Ցուցասրահ-լսարանը ծառայելու է ոչ միայն որպես ֆակուլտետի բոլոր մասնագիտությունների համար լսարան, այլեւ յուրօրինակ վայր մշակութային քննարկումներ, հանդիպումներ, տարբեր ձեռնարկներ անցկացնելու համար:

«Առավոտ» օրաթերթ
04.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել