Ինչպես հայտնի է, բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարության հետ սկանդալային պատմություններից հետո Միջազգային օլիմպիական կոմիտեն կասեցրել է Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի անդամակցությունը՝ միաժամանակ ԱԻԲԱ-ին զրկելով նաեւ Տոկիո 2020-ի բռնցքամարտի միջազգային մրցաշարի որակավորման եւ եզրափակիչ փուլերն անցկացնելու իրավունքից: ՄՕԿ-ն այդ իրավունքը փոխանցել էր այդ նպատակով ստեղծված աշխատանքային հատուկ խմբին:
Ընդ որում, բռնցքամարտն ընդհանրապես օլիմպիական խաղերի ծրագրից հանելու վտանգ կար, ինչը սակայն կվնասեր մարզիկների շահերը: ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախն ավելի ուշ հայտարարել էր, թե իրենք չեն ցանկանում, որպեսզի շարքային մարզիկները տուժեն ԱԻԲԱ-ի չինովնիկների պատճառով, եւ այդ աշխատանքային խմբի ստեղծումը նպատակ ունի պաշտպանել մարզիկների եւ բռնցքամարտի շահերը, որպեսզի մարզիկները չզրկվեն իրենց երազանքից եւ մասնակցեն Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերին, մինչեւ ԱԻԲԱ-ի հետ կապված խնդիրները վերջնականապես լուծվեն:
ՄՕԿ-ը հայտարարել էր, որ բռնցքամարտի օլիմպիական որակավորման մրցաշարերն անցկացվելու են 2020 թվականի հունվարից: Եվ ահա Միջազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնապես հրապարակել է օլիմպիական խաղերի բռնցքամարտի որակավորման փուլի մրցաշարերի անցկացման վայրերն ու ժամկետները:
Ըստ այդմ, Եվրոպական որակավորման փուլը կանցկացվի եկող տարվա մարտի 13-23-ը՝ Լոնդոնում (Մեծ Բրիտանիա), աֆրիկյանը՝ փետրվարի 20-29-ը Դակարում (Սենեգալ), ասիականը՝ փետրվարի 3-14-ը՝ Ուհանում (Չինաստան), ամերիկյանը՝ մարտի 26-ից ապրիլի 3-ը՝ Բուենոս Այրեսում (Արգենտինա), համաշխարհայինը՝ մայիսի 13-24-ը Փարիզում (Ֆրանսիա):
Կարդացեք նաև
Ուհանի ու Փարիզի մրցաշարերը դեռ պետք է վերջնական հաստատվեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.09.2019