«Ժողովրդավարությունը պետք է դառնա ՀՀ արտաքին քաղաքականության թիվ 1 այցեքարտը»
Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական շեշտադրումների, առաջնահերթությունների վերաբերյալ անցյալ շաբաթ կարեւոր ուղերձներ հնչեցին ՀՀ վարչապետի եւ արտգործնախարարի մակարդակով: Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովն էր:
Երեւանում Հայաստանի դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ավանդական հավաքում արձանագրվեցին արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքները: Համաժողովն այս տարի նոր ձեւաչափով հանդես եկավ: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ պետական գերատեսչություններ, ԱԺ պատգամավորներ, ԱԳՆ կենտրոնական ապարատի, դիվանագիտական ծառայությունների ղեկավարներ, որոնք մի քանի օր տեւողությամբ փակ քննարկումներում կարծիքներ փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների, Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների եւ այդ տրամաբանության ներքո ձեռնարկվող եւ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:
Օգոստոսի 27-ին նշյալ համաժողովում ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը: «Ո՞րն է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության սկզբունքային նպատակը, ինչո՞ւ ենք մենք վարում, եւ ինչի՞ համար է անհրաժեշտ արտաքին քաղաքականությունը մեր երկրին», հարցադրմանը պատասխանելիս՝ նա արձանագրեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակը ՀՀ ինքնիշխանությունն ու անվտանգությունն ապահովելն է, ինքնիշխանության ու անվտանգության մակարդակը հետեւողականորեն բարձրացնելը, մեր երկրի եւ նրա քաղաքացիների անվտանգության ու բարեկեցության համար առավել նպաստավոր արտաքին միջավայր ձեւավորելը: Դրա ապահովման համար, նա նշեց, որ անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի ձայնը, դիրքորոշումները, մոտեցումներն ու նպատակները աշխարհի համար լինեն ավելի տեսանելի, ավելի լսելի եւ ավելի ընդունելի: «Ձեւակերպվում է Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրը. այն է՝ բարձրացնել ՀՀ սուբյեկտությունը միջազգային հարաբերություններում, բարձրացնել ՀՀ հեղինակությունը միջազգային հարաբերություններում»,- նշեց Փաշինյանը:
Կարդացեք նաև
Նրա ձեւակերպմամբ՝ ժողովրդավարությունը պետք է դառնա ՀՀ արտաքին քաղաքականության թիվ 1 այցեքարտը, եւ Հայաստանի խնդիրն է՝ աշխարհին ցույց տալ, որ Հայաստանում ժողովրդավարությունն անշրջելի է, որովհետեւ այն հիմնված եւ հենված է ոչ թե անձի, ոչ թե կոնկրետ քաղաքական շրջանակի, այլ ժողովրդի գիտակցության, կամքի եւ ձգտումների վրա:
«Պետք է հետեւողական գտնվենք հակամարտության նրբերանգները ներկայացնելիս եւ հանրահռչակելիս»
Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ նաեւ ղարաբաղյան հակամարտությանն ու կարելի է ասել՝ նոր շեշտադրումներ արեց արտաքին քաղաքականությունում՝ Արցախյան խնդրին անդրադառնալու առումով: Նա նախ արձանագրեց, որ դառնացած է այն իրավիճակով, որով, որպես վարչապետ, ժառանգել է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացը եւ ընդհանրապես Ղարաբաղի հարցի միջազգային ընկալումը: Նա հարկ համարեց կրկնել, որ ոչ միայն միջազգային ասպարեզում, այլեւ նույնիսկ ինքներս մեզ համար երբեմն կորցնում ենք Ղարաբաղի հակամարտության ծագման, պատճառների, իրավաքաղաքական նրբերանգների տրամաբանական շարադրանքի թելը, իսկ այդ երեւույթը հաճախ զգալի է միջազգային տարբեր հարթակներում Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ քննարկումներ ունենալիս, ընդհուպ երբեմն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցություններ վարելիս: «Այս իմաստով չափազանց կարեւոր եմ համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ծագման, պատճառների, համատեքստի վերաբերյալ բազային տեղեկատվությունն անընդհատ թարմացնելը, այսպես ասած, ափդեյթի ենթարկելը, որովհետեւ հաճախ առաջնորդվելով կանխավարկածով, թե միջազգային հանրությունը բավարար չափով տեղեկացված է Ղարաբաղի խնդրի մասին, մենք հաշվի չենք առնում, որ հակամարտության 30 տարիների ընթացքում պաշտոնյաները, նույնիսկ ինստիտուտներն անընդհատ փոխվել են ու փոխվում են, եւ այդ փոփոխությունների հետ ակնհայտ թվացող ճշմարտությունները հաճախ մոռացվում են, կորսվում եւ, որ ավելի վատ է, նենգափոխվում: Եվ մենք պետք է առանձնակի ուշադրություն դարձնենք այդ խնդրին եւ հետեւողական գտնվենք հակամարտության նրբերանգները ներկայացնելիս եւ հանրահռչակելիս»:
Փաշինյանն արձանագրեց, որ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո զարմանքով արձանագրել է, թե միջազգային շրջանակներում որքան խորն է նստած, օրինակ, Աբխազիայի, Հարավային Օսիայի, ընդհուպ Մերձդնեստրի եւ Ղարաբաղի հակամարտությունները նույնական ընկալելու բանաձեւը: Նա նկատեց, որ դա մեզ համար իսկապես լուրջ խնդիր է՝ թե՛ միջազգային, թե՛ տարածաշրջանային առումով: «Եվ չափազանց կարեւոր է այդ խնդիրների հսկայական տարբերությունն ի ցույց դնել, ինչի արդյունավետության մեջ ինքս համոզվել եմ մի քանի կոնկրետ դեպքերում: Երբ մենք հստակ արձանագրում ենք, որ, ասենք, Հարավային Օսիայի, Աբխազիայի բնակիչները նույնիսկ այսօր կարող են հանգիստ այցելել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի եւ այնտեղի շուկայում վաճառել իրենց արտադրած գյուղմթերքը, գնել իրենց անհրաժեշտ ապրանքները եւ ետ վերադառնալ Աբխազիա կամ Հարավային Օսիա, իսկ Ռուսաստանի քաղաքացուն Բաքվի օդանավակայանից ետ են ուղարկում՝ միայն այն պատճառով, որ նա հայկական ազգանուն ունի, երբեմն սա ավելի ամբողջական պատկերացում է տալիս Ղարաբաղի հարցի էության մասին, քան նույնիսկ մի քանի ժամանոց դասախոսությունները»:
Այնուհետեւ նա հիշեցրեց Լեռնային Ղարաբաղի՝ բանակցություններում որպես բանակցող կողմի գործոնը. «Դա, ըստ էության, միջազգայնորեն ճանաչված միակ բանակցային ձեւաչափն է, որ ինչպես Ադրբեջանն է դուրս եկել Խորհրդային Միության կազմից, ու դա հիմա ոչ ոք տարօրինակ չի համարում, նույնպես եւ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն է դուրս եկել Սովետական Ադրբեջանի կազմից, ու դա նույնպես տարօրինակ չպետք է համարվի, որ եթե Ադրբեջանի նախագահը անզիջում, ագրեսիվ հայտարարություններ է անում, ոչ մի տարօրինակ բան չի լինի նրանում, եթե նույնպիսի հայտարարություններ հնչեն նաեւ Հայաստանից, եւ այլն, եւ այսպես շարունակ»:
Փաշինյանի կողմից Հայաստանի դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ավանդական հավաքում Արցախի հակամարտության թեմայով շեշտադրումները վկայում են այն մասին, որ բանակցային գործընթացում հայկական կողմը հանդիպել է Ադրբեջանի կարծր դիրքորոշմանը, եւ հիմա, ըստ երեւույթին, հայկական կողմը, հիշեցնելով ու շեշտելով հակամարտության ծագման պատմությունը, որոշ դրվագներ հատուկ ընդգծելով, փորձելու է առաջիկա հնարավոր բանակցություններում ցույց տալ հայկական կողմի պատասխան-կոշտ դիրքորոշումը:
Ուշագրավ էր Փաշինյանի ելույթի Հայաստանի արտաքին քաղաքականության խնդրի մասին շեշտադրումը. այն է՝ բարձրացնել ՀՀ սուբյեկտությունը միջազգային հարաբերություններում, բարձրացնել ՀՀ հեղինակությունը միջազգային հարաբերություններում: Սա, թերեւս, վկայում է այն մասին, որ Փաշինյանը եղածով այնքան էլ բավարարված չէ եւ ակնկալում է ավելին հայաստանյան դիվանագիտական ապարատից:
Արդյո՞ք հայկական դիվանագիտական կորպուսը մշակել է օրակարգ՝ ինչպե՞ս է առաջ ընթանալու՝ ՀՀ սուբյեկտությունը միջազգային հարաբերություններում, ՀՀ հեղինակությունը միջազգային հարաբերություններում բարձրացնելու ուղղությամբ: Ցույց կտա ժամանակը: Ամեն դեպքում՝ հայկական դիվանագիտության կողմից նախաձեռնողական քաղաքականության իրականացման պակաս է զգացվում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Շարունակելի
«Առավոտ» օրաթերթ,
04.09.2019