Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ի՞նչ շահ ունեն հեղափոխական իշխանությունները, երբ դեմ են գնում հանքերի սեփականատերերին բացահայտելու մեր նախաձեռնությանը.

Սեպտեմբեր 04,2019 23:43

«ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում էր սահմանել, որ ՀՀ-ում օգտակար հանածոների արդյունահանման, ինչպես նաև երկրաբանական ուսումնասիրության իրավունք ստանալու համար պետք է բացահայտվեն տվյալ կազմակերպությունների բաժնետոմս (բաժնեմաս, փայ) ունեցող բոլոր անձանց վերաբերյալ սահմանված տեղեկությունները: Նշենք, որ ներկայումս օրենսդրությամբ պահանջվում է, որ բացահայտվեն տվյալ կազմակերպությունների 10%-ից ավելի բաժնետոմս (բաժնեմաս, փայ) ունեցող անձանց վերաբերյալ տեղեկությունները:

Նախագիծն ունի ՀՀ ընդերքի շահագործման բնագավառում թափանցիկության, հրապարակայնության, հանրային վստահության բարձրացման, ինչպես նաև հակակոռուպցիոն նպատակներ:

Կառավարության և քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների կողմից այն համարվեց անընդունելի և ներկայացվեցին մոտավորապես հետևյալ հակափաստարկները (ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ բան մոռացա նշել)՝

ա) միջազգային կազմակերպությունների ստանդարտներով այդ սահմանաչափը 20-25% է, օտարերկրյա ուղղակի ներդրում է համարվում կանոնադրական կապիտալում առնվազն 10% ներդրումը, ֆինանսական կազմակերպություններում նշանակալից մասնակցություն է համարվում առնվազն 10%-ը;

բ) 10% սահմանաչափը հանելը կբերի գործառնական ծախսերի ավելացման, ծրագրային փոփոխությունների անհրաժեշտության և համակարգի արդյունավետության նվազման;

գ) եկեք սպասենք, նոյեմբեր ամսին, երբ 10%-ից ավելի մեծ բաժնետերերի ցուցակը հրապարակվի, հետո կքննարկենք;

դ) սահմանաչափը հանելը սխալ է, որովհետև մանր բաժնետերերը կարող են շատ լինել և նպատակահարմար չէ ամբողջ ցուցակը հրապարակել;

ե) եկեք սահմանաչափը ոչ թե հանենք, այլ նվազեցնենք:

Համաձայնեք, նշված փաստարկների գերակշռող մեծամասնությունը չի դիմանում որևէ քննադատության: Չէ՞ որ ընդերքը Սահմանադրության ուժով պատկանում է Հայաստանի Հանրապետությանը:

Հանքաարդյունաբերության նկատմամբ հանրությունը շատ զգայուն է և ուշադիր: Բազմաթիվ հարցեր են առաջանում՝ ինչու՞ են ՀՀ-ում գործում օֆշորային ընկերություններ, ովքե՞ր են բաժնետերերը և իրական շահառուները, ու՞ր է գնում այդ հարստությունը, ի՞նչ է ստանում պետությունը՝ ընդերքի շահագործման և շրջակա միջավայրը թունավորելու դիմաց, կան արդյո՞ք կոռուպցիոն համաձայնություններ:

Հանրությունն իրավունք ունի և պետք է ստանա այս հարցերի պատասխանները:

Հետևաբար, կարծում եմ, որ եթե որևէ կազմակերպություն հավակնում է զբաղվել ՀՀ-ում օգտակար հանածոների արդյունահանմամբ, նա պետք է բացահայտի իր, կրկնում եմ՝ ԲՈԼՈՐ բաժնետերերին, այլ ոչ թե միայն 10%-ից ավելի բաժնեմաս ունեցողներին, որովհետև՝

ա) հանքաարդյունաբերության մեջ նույնիսկ 10%-ը կարող է լինել շատ խոշոր գումար;

բ) այդ սահմանաչափը պահպանվելու դեպքում, բաժնետերերը կարող են տրոհել իրենց բաժնեմասը մի քանի մասի՝ խուսափելով բացահայտումից;

գ) հանրությունը պետք է իմանա, թե ովքեր են կանգնած իրենց ընդերքը շահագործողի հետևում և ովքեր են իրական շահառուները;

դ) բացառություն կարող են կազմել միայն այն բաց բաժնետիրական ընկերություններ հանդիսացող կազմակերպությունները, որոնց բաժնետոմսերը ցուցակված են բորսայում, կարող են ունենալ բազմաթիվ մանր ներդրողներ ամբողջ աշխարհից, որոնց բացահայտելու անհրաժեշտություն չկա, քանի որ այդ ընկերությունը արդեն համապատասխանում է թափանցիկության միջազգային ստանդարտներին, հետևաբար հանրային վստահության խնդիր լինել չի կարող:

Ցավոք սրտի, նախագիծը մերժվեց քաղաքական մեծամասնության մեր գործընկերների կողմից:

Եզրահանգումները թողնում եմ Ձեզ ․․․

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30