Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանն այսօր 2017 թվականին «ԵԼՔ» դաշինքի համակիրների հետ ունեցած միջադեպի գործով դատարանում ցուցմունք է տվել: Այվազյանի պաշտպան Հայկ Ալումյանը Aravot.am-ին ասաց, որ իր պաշտպանյալը ցուցմունքի ընթացքում շեշտը դրել է, որ ամեն ինչ սկսվել է նրանից, որ դրոշը ցեխի մեջ էր ընկած, ծռմռված կոթով եւ քրքրված վիճակում էր, եւ ինքը ցեխից վերցրել է դրոշն ու խնամքով տարել հողի մեջ է տնկել, որ պառկած չմնա:
Մյուս կողմից երկու երիտասարդ եկել են ու կոպիտ կերպով դժգոհել, թե ինչու է տարել իրենց դրոշը: Պարոն Ալումյանի խոսքով, նիստերի դահլիճում դրոշն էլ է այսօր հետազոտվել, այն շատ անմխիթար վիճակում էր, քրքրված:
Հիշեցնենք, որ Այվազյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 31.03.2017թ. ժամը 22:40-ի սահմաններում Անդրանիկի փող 53 շենքի բակում անթաքույց արհամարհանք դրսևորելով հասարակության նկատմամբ , «ԵԼՔ» դաշինքի համակիր Հ. Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով՝ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որի ընթացքում պահել է ապօրինի ձեռք բերած գործարանային արտադրության 5,6մմ տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական սպորտային ռազմամթերք հանդիսացող 7 փամփուշտներով լիցքավորված ինքնաշեն ակոսափող թմբուկավոր հրազեն հանդիսացող ատրճանակ:
Հայկ Ալումյանի խոսքով, դատաքննությունն ավարտական փուլում է, դատարանն այսօր դիմեց կողմերին՝ արդյոք ունեն դատաքննությունը լրացնելու միջնորդություններ, ինքն ասաց, որ ունի, ինչից հետո դատարանը մինչեւ հոկտեմբերի 11-ը ժամանակ տվեց, որ պաշտպանական կողմը ձեւակերպի ու դատարան ներկայացնի միջնորդությունները: Մեզ հետ զրույցում պարոն Ալումյանը չասաց, թե ինչ միջնորդություններ է ներկայացնելու, ասաց՝ դեռ պատրաստ չեն:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ