Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքացիական ավիացիայի համակարգում առաջնահերթությունը տրված է թռիչքների անվտանգությանը

Սեպտեմբեր 04,2019 20:30

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 4-ի նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:

Հանձնաժողովը քննարկել է ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցողի՝ ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծվող՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար ԱԱՀ-ի գումարները ՀՀ պետական բյուջե են վճարվում մինչեւ ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ: Միքայել Մելքումյանի բնորոշմամբ՝ այս կարգավորումը որոշակի անհավասարություն է առաջացնում նույն տեսակի ապրանքները ԵՏՄ-ից եւ երրորդ երկրներից ներմուծող կազմակերպությունների համար: Առաջարկվող փոփոխությունների ընդունման դեպքում ներմուծվող ապրանքներից առնվազն սննդամթերքի հիմնական տեսակների գծով կչեզոքացվի անհավասարությունը:

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Նա  նշել է, որ առաջարկվող իրավակարգավորումների արդյունքում կարգելվի մերսման սրահների տեղակայումը բազմաբնակարան շենքի բնակելի, ինչպես նաեւ կրթական եւ պատմամշակութային հաստատությունների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը: Նա տեղեկացրել է, որ առաջարկվող փոփոխությամբ կվերացվի չափագիտական վերահսկողություն իրականացնելիս ստուգումն սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ տնտեսավարող սուբյեկտին տեղեկացնելու մասին պահանջը: Հիմնական զեկուցողի համոզմամբ` նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է տեսչական մարմնի կողմից չափագիտության ոլորտում իրականացվող վերահսկողության արդյունավետության բարձրացում:

«Ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման եւ գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման նպատակն է ապահովել ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննության անցկացումը ավիացիոն իշխանություններից անկախ մասնագիտացված մարմնի կողմից՝ համաձայն ԻԿԱՕ-ի սահմանած չափանիշների: Արմեն Սիմոնյանի խոսքով` ՀՀ քաղաքացիական ավիացիայի համակարգում առաջնահերթությունը տրված է թռիչքների անվտանգությանը: Այդ նպատակով Հայաստանում իրականացվում են ավիացիոն գործառույթների անվտանգության բարձր մակարդակի ապահովմանն ուղղված ռազմավարությունների ու քաղաքականութան մշակում, ներդնում եւ շարունակական բարելավում: Կարեւորելով նախագծի ընդունման անհրաժեշտությունը՝ բանախոսն առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

«Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը:

Ըստ հիմնական զեկուցողի՝ գործող կարգերով հաշվարկված շենքերի, շինությունների եւ հողամասերի կադաստրային արժեքները չեն արտացոլում այժմյան անշարժ գույքի շուկայի իրական պատկերը, եւ դրանք խիստ տարբերվում են ներկայիս շուկայական արժեքներից: Վերջինիս համոզմամբ` առաջարկվող փոփոխությունների արդյունքում, անշարժ գույքի շուկայի աստիճանական զարգացման պարագայում կներդրվի անշարժ գույքի միասնական գնահատման եւ հարկման համակարգ: Ինչպես նաեւ նախագծի ընդունումը կարեւոր քայլ կհանդիսանա հարկային համակարգի եւ անշարժ գույքի գնահատման արդյունավետության բարձրացման տեսանկյունից:

«ՀՀ եւ Դանիայի Թագավորության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասինե կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: 2018 թվականին ստորագրված կոնվենցիայով կանոնակարգվում են պետությունների միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը: Ընդգծելով ՀՀ-ի եւ Դանիայի Թագավորության միջեւ տնտեսական կապերի զարգացման կարեւորությունը՝ հիմնական զեկուցողը կոչ է արել ընդունել նախագիծը:

Քննարկված նախագծերը դրական եզրակացությամբ ընդգրկվել են ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովը քննարկել եւ բացասական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»  եւ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:

Հանձնաժողովը հետաձգել է օրակարգում ընդգրկված մի շարք նախագծերի քննարկումը, ինչպես նաեւ՝ քննարկված՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ oրենքում լրացումներ կատարելու մաuին» ՀՀ օրենքի նախագծի քվեարկությունը:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30