Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հարստանալուն պես արտագաղթում են․ Շիրակի 5 գյուղերի դպրոցներ առաջին դասարանցի չունեն

Սեպտեմբեր 04,2019 20:07

Շիրակի մարզի 5 գյուղական համայնքների՝  Ձորաշենի, Զորակերտի, Զարիշատի, Աղվորիկի և Անի կայարանի դպրոցներն այս տարի չունեն առաջին դասարանցիներ։  Պատճառը ոչ միայն հեռավոր Աշոցքի, Ամասիայի ու Անիի գյուղերում առկա դեմոգրաֆիական տխուր վիճակն է, այլ  ներքին արտագաղթը։ Պարզվում է երիտասարդ ընտանիքներից շատերը, որոնք  քիչ թե, շատ լավ ապրելակերպ ունեն, գերադասում են իրենց երեխաներին տանել  Գյումրիի դպրոցներ։ Մեզ հետ զրույցում այսպես էին փաստում  դպրոցների տնօրենները։

Ամասիայի տարածաշրջանում՝ Արփի լճի ջրամբարի հարևանությամբ,  խոշորացված Արփի համայնքի կազմում գտնվող Զորակերտ բնակավայրի դպրոցի տնօրեն Աղավնի Հովհաննիսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Մեր գյուղում սոցիալական խնդիր չկա, յուրաքանչյուր ընտանիք 15-20 կով ունի, ձեռքերը փող է գալիս, իրենք հնարավորություն ունեն Գյումրիում տուն վարձեն, երեխաներին դպրոց տանեն Գյումրիում։ Գյումրիում հնարավորությունները շատ են․ կարող են տալ սպորտի, պարի, ուզում են, որ իրենց երեխաները զարգացած լինեն։ Ինչքան էլ համոզեցի, թե գոնե առաջին դասարանի երեխան թող մնա գյուղում, հնար չեղավ, չհամոզվեցին, ասացին՝ չէ, Գյումրիում տուն կվարձենք, կտանենք քաղաք։ Մի հոգի կար առաջին դասարանցի, բայց չբերեցին։

Գյուղում տան տարեց անդամներն են մնում,  իսկ ջահելներին՝ տղաներին ու հարսներին ուղարկում են Գյումրի։ Գյուղի հարսները չեն ուզում գյուղում մնալ»։

Գյուղի դպրոցում այս պահին 7 աշակերտ կա՝ 3 աշակերտ կոմպլեկտավորված 11-րդ դասարանում են սովորում, 2 աշակերտ կա 5-րդ դասարանում, մեկական աշակերտներ էլ  կան 2-րդ և 3-րդ դասարաններում։

«Շատ ցավալի է, որ աշակերտները քիչ են, պիտի շատ լինեն, որ մրցակցություն լինի, հետաքրքիր լինի, բայց ծնողների կամքն ու մտածելակերպն է, ինչ կարող ես անել, բայց որ աշակերտ չի մնում,  գյուղը դատարակվում է, ծերանում», -ցավով ասաց դպրոցի տնօրենը։

Խոշորացված Արփի համայնքի կազմում գտնվող մեկ այլ  բնակավայրի՝ Զարիշատի դպրոցի տնօրեն Ալվարդ Շաղոյանն էլ  ասաց, որ աշակերտների սակավաթիվ լինելը կապված է թե՛ նվազ ծնելիության հետ, թե՛ բնակավայրի աշխարհագրական դիրքի ու բնակլիմայական պայմանների հետ։  Նա նշեց, որ 5-6 աշակերտներ դպրոց են հաճախում Գյումրիում,  4-ը՝ Ամասիայում։ Այս գյուղում ևս սոցիալապես անապահով ընտանիք չկա, բոլորը տնտեսություն ունեն, մի բան էլ դրսից են գալիս այստեղ աշխատելու։

«Մեծ մասին տանում են Գյումրի, ես էլ՝ որպես տնօրեն, չեմ կարող առարկել, ծնողի ցանկությունն է։ Իրենց էլ  կարելի է հասկանալ, մեր բնակավայրն անասնապահական տեղ է, ոչ մի հետաքրքրություն չկա, ֆինանս ունեցողը չի ուզում իր երեխային գյուղը թողնել, տանում են քաղաքի դպրոցներ, որտեղ մարմնամարզության են գնում, խմբակների են գնում։ Այստեղ մասնագետներ չունենք, դասաժամերը շատ քիչ են, մասնագետներ չեն էլ  գալիս։ Պատկերացրեք դպրոցում մեկ ուսուցիչ է և ես։ Մեկ դասարան է կոմպլեկտավորվել, վեց աշակերտը մեկ կոմպլեկտավորված դասարանում է։

Այստեղ 4-5-10 ժամով էլ չեն աշխատում, չեն գալիս, հասարակական տրանսպորտ չկա, տաքսին 10-12 հազար դրամով է տանում, բերում։  Գործուղում էլ  տան, բայց ինչքան տան, որ ուսուցիչը կարողանա գալ։ Գյուղում խանութ չկա, բուժկետ չկա, մենք բնիկ ենք, տեղացի ենք, լավ, թե վատ, հարմարվել ենք, ապրում ենք։ Մեզ համար հարազատ վայր է, դրսից եկողը դժվար թե քիչ գումարով  կարողանա հարմարվել։ Ամառն այստեղ հրաշք է, ալպիական մարգագետին է, ծաղիկները ժամ առ ժամ փոխում են գույները, երանգները, մաքուր օդ է, հանգստի համար իդեալական է, բայց մշտական բնակության համար դժվար է։ Մաթեմատիկայի ուսուցչի կարիք ունենք, պատմաբանի կարիք ունենք, ռուսաց լեզվի ուսուցչի, աշխարհագրության մասնագետի։  ՆԶՊ-ն 0,25 միավոր է, ասում են՝ սպա պետք է լինի, 0,25 միավորով սպան գյուղ կգա՞, շախմատը 0,25  միավոր է», -ասաց տնօրենը։

Ի դեպ, այս դպրոցն անցած տարի ևս առաջին դասարանցի չուներ, աշակերտների թիվը թե՛ անցած տարի, թե՛ այս տարի 6-ն է։ Մյուս տարի, ամենայն հավանականությամբ, կունենան երկու  առաջին դասարանցիներ։

Աշոցքի տարածաշրջանում, խոշորացված Սարապատ համայնքի կազմում գտնվող Ձորաշեն բնակավայրի դպրոցի տնօրեն Գարեգին Շաբոյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց համայնքի միջնակարգ դպրոցը չունի առաջին դասարան, իսկ Սարապատում կա մեկ աշակերտ։  Դպրոցի տնօրենն ասաց, որ աշակերտների սակավաթիվ լինելը զուտ արտագաղթի հետ է կապված․ մեծ մասամբ հեռանում են Գյումրի, կան նաև ՌԴ գնացողներ։

«Կունենայինք թվով 5-6 առաջին դասարանցի, բայց ցավոք, գնացել են»։

Դպրոցն այս տարի 16 աշակերտ ունի, անցած տարի 20 աշակերտ է ունեցել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30