Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՊՏՀ նոր ղեկավարությունը ներկայացրել է ստեղծված իրավիճակը լիցքաթափելու ճանապարհային քարտեզ

Սեպտեմբեր 04,2019 19:33

Նոր ուսումնական տարվա անելիքները, ՀՊՏՀ-ում ստեղծված իրավիճակը, կրթության բոլոր շահառուների միջև ստեղծված անջրպետը հաղթահարելու, բարոյահոգեբանական մթնոլորտը բարելավելու, կրթության որակի բարձրացմանը միտված հարցերը քննարկելու նպատակով ՀՊՏՀ ղեկավարությունը՝ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի գլխավորությամբ, այսօր հրավիրել է կոլեկտիվի ընդհանուր ժողով, որին մասնակցում էին համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմերի ներկայացուցիչներ:

Բացելով հանդիպումը՝ Դիանա Գալոյանը նախ շնորհավորել է ՀՊՏՀ աշխատակիցներին նոր ուսումնական տարվա առթիվ, ապա ընդգծել, որ իր համար հավասարապես կարևոր են ՀՊՏՀ  բոլոր շահառուները՝ թե՛ ուսանողները,  թե՛պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմը, թե՛ պետությունը, թե՛ գործատուները և թե՛ շրջանավարտները: Նրա խոսքով՝ անընդունելի է այս շահառուների միջև անջրպետը: Բուհի ղեկավարը հորդորել է՝ ուսանողների հետ պետք է գնալ երկխոսության, ականջալուր լինել նրանց մտահոգություններին, հետամուտ լինել նրանց բարձրացրած խնդիրների լուծմանը: «Ինձ համար այս իրավիճակում շատ կարևոր է բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավումը, հատկապես կարևոր է, որ մենք կարողանանք մեր բուհում ստեղծված խնդիրները լուծել մեր պատերի ներքո: Ես շատ եմ ցանկանում, որ մենք բոլոր խնդիրները քննարկենք բաց, հայտնենք քննադատական կարծիքներ, ազատորեն մերժենք անընդունելի երևույթները և համատեղ ուժերով հանգենք որոշումների, որոնք կլինեն ներառական և մասնակցային կառավարման արդյունք»,- հայտարարել է ռեկտորի պաշտոնակատարը:

Հանդիպումը վերածվել է լայն քննարկման, կարծիքներով և առաջարկներով հանդես են եկել շուրջ  երկու տասնյակ աշխատակիցներ, ողջունել համալսարանում ստեղծված իրավիճակը համախմբման և փոխադարձ հարգանքի մթնոլորտում լիցքաթափելու՝ ՀՊՏՀ նոր ղեկավարի մոտեցումը:

Այնուհետև բուհի ղեկավարն առաջարկել է ստեղծված իրավիճակի բարելավման ճանապարհային քարտեզ, որը ներառում է մի շարք քայլեր՝ կոլեկտիվի կարգապահություն, թելադրություններով դասերի անցկացման բացառում, դասավանդման գործընթացների նկատմամբ վերահսկողության սահմանում, փորձագիտական խմբի ձևավորում, որը կմշակի մասնագիտական ատեստավորման և պաշտոնների տեղակալման մրցութային կարգ, հետազոտական բոնուսային հիմնադրամի ձևավորում, KPI-երի համակարգի ներդնում:

Դիանա Գալոյանի ներկայացրած առաջարկները կոլեկտիվի միաձայն քվեարկությամբ հաստատվել և ընդունվել են որպես կոլեկտիվի որոշում:

 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30