ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին քննարկվեց և դրական եզրակացություն ներկայացվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծերի վերաբերյալ:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն իր հեղինակած նախագծով առաջարկեց շտկել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում վրիպակը ու մանրամասնեց. «Մասնավորապես դեռևս նախորդ հարկային օրենսգրքով, որը 2016-ին ուժի մեջ մտավ, նոտարները և անհատ ձեռներեցներն իրենք չէին վճարում եկամտահարկ, անցան շահութահարկի վճարման: Սակայն շարունակեցին այդ կարգավիճակով մնալ կուտակայինի մասով, որ սոցվճարները հաշվում են եկամտահարկի վճարման ժամկետներում: Առաջարկում եմ կատարել այս շտկումները»: Նախագծում այս փոփոխություններն ընդունվեցին:
Աշխատանքային օրենսգրքում ևս առաջարկեցին կատարել փոփոխություններ: Մասնավորապես նախագծի հիմնական զեկուցող Նարեկ Զեյնալյանն ասաց. «Հարցը ծագել է այն նկատառումից ելնելով, որ գործատուները կնքում են որոշակի ժամկետով պայմանագիր, և ժամկետը հաճախ հիմք է հանդիսանում աշխատանքից ազատելու համար»:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը հավելեց. «Եթե նույն գործատուի մոտ նույն աշխատանքում կնքված պայմանագրի ժամկետը երկարացվում է երկուսից ավելի անգամ, երկու պայմանագրերի ընդհատման ժամկետը չի գերազանցում մեկ ամիսը, ապա աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով: Այդ դրույթը չի տարածվում սեզոնային աշխատանքների և ժամանակավոր՝ մինչև երկու ամիս ժամկետով աշխատողների վրա: Փոփոխություն ենք իրականացնում համատեղությամբ աշխատանք կատարողների մասով: Համատեղությամբ աշխատանք կատարողների հետ աշխատանքային պայմանագիր կնքվում է որոշակի ժամկետով, եթե աշխատողը գրավոր ձևով գրված համաձայնություն է տվել»:
Կարդացեք նաև
Նարեկ Զեյնալյանը հարցրեց՝ փոփոխությունները մի քիչ շատ չե՞ն «պրոաշխատող» ու կարծիք հայտնեց. «Գործատուների պարտավորությունները շատ չխստացնենք, որ հետագայում աշխատանքի վերցնելու ժամանակ մտավախություններ չլինեն»: Արման Ուդումյանն էլ պատասխանեց, որ երկու ամիս փորձաշրջան, պայմանագիր, բավարար է, որից հետո գործատուն կողմնորոշվի անորոշ ժամկետով պայմանագիր կնքելու հարցում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ