Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անբուժելի հիվանդ, սոցիալական աջակցության կարիք ունեցող քաղաքացին իր խախտված իրավունքների վերականգնման համար ծախսում է 4-5 տարի և անսահման նյարդեր. Կարեն Հեքիմյան

Սեպտեմբեր 04,2019 16:40

Բազմիցս անդրադարձել եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում առկա խնդիրներին, ինչպես նաև վերջինիս առանձնացված ստորաբաժանումների գործելաոճին: Քաղաքացիների նկատմամբ, աշխատակիցների անհարգալից վերաբերմունքի, աշխատանքային պարտականությունների վերաբերյալ թյուր պատկերացումների, իրավական գիտելիքների իսպառ բացակայության մասին շատ եմ գրել:

Այժմ կցանկանայի  նկարագրել շատ որոշակի մի պատմություն:

Քաղաքացին, տառապելով անբուժելի հիվանդությամբ և հետևաբար լինելով սոցիալապես խոցելի վիճակում, դիմում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով (այսուհետ՝ ԲՍՓՀ), հաշմանդամության խումբ ստանալու ակնկալիքով: Հայաստանյան ԲՍՓՀ-ները չունեն մարդու առողջական վիճակը զննելու ինքնուրույն գործիքակազմ և առաջնորդվում են բացառապես քաղաքացու կողմից ներկայացված՝ բժշկական հաստատության կողմից տրված փաստաթղթով՝ էպիկրիզով: ԲՍՓՀ-ի հետագա քայլերը կարգավորվում են իրավական ակտերով: Ընդ որում, եթե ԲՍՓՀ-ն ողջամիտ կասկած ունի քաղաքացու կողմից ներկայացված էպիկրիզի վերաբերյալ, ապա վերջինս իր նախաձեռնությամբ և իր հաշվին պետք է միջոցներ ձեռնարկի քաղաքացու առողջական վիճակը ստուգելու ուղղությամբ: Հայաստանյան ԲՍՓՀ-ները հիմնականում անտեսում են, օրենքով սահմանված գործելաձևը և առանց լրացուցիչ փորձաքննության, հիմնվելով հայեցողական տրամաբանության վրա, քաղաքացուն շնորհում են հաշմանդամության խումբ կամ մերժում են խմբի շնորհելը, ինչի վերաբերյալ կայացնում են վարչական ակտ: Քանի որ ԲՍՓՀ-ներում չկան իրավաբաններ, ապա շատ անգամ կայացվում է ոչ իրավաչափ իրավական ակտ: Վերջինս կարող է վիճարկվել վարչական դատարանում:

Տարիներ հետո (սովորաբար միջինը՝ 2-4 տարի), երբ քաղաքացին կարողանում է դատական կարգով ապացուցել ԲՍՓՀ-ի կողմից իր իրավունքի խախտման փաստը, այլ կերպ ասած` հաղթում է դատարանում, օրինական ուժի մեջ մտած դատական վճիռը՝ համապատասխան կատարողական թերթի հետ միասին, կրկին հայտնվում են այն նույն ԲՍՓՀ-ում, որը տարիներ առաջ խախտել է այդ քաղաքացու իրավունքը: Դատարանի վճռի ուժով այդ նույն ԲՍՓՀ-ն պետք է վերականգնի քաղաքացու խախտված իրավունքը և վերջինիս շնորհի տարիներ առաջ մերժված հաշմանդամության խումբը: Քանի որ անցել են տարիներ, իսկ ԲՍՓՀ-ն չունի իրավական գիտելիքներով օժտված աշխատակիցներ, ապա ԲՍՓՀ-ի առկա աշխատակիցների համար տարօրինակ, խորթ և անհասկանալի  է դատարանի վճիռը: Եվ հենց այս պահից սկսվում է մի անհասկանալի և շատ երկարատև գործընթաց: ԲՍՓՀ-ն չկարողանալով կողմնորոշվել դատարանի վճռի բովանդակության մեջ, օգնություն է հայցում իրենց գործունեությունը կարգավորող ԲՍՓՀ գործակալությունից, որն իր հերթին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրավաբաններից: Եթե քաղաքացին հետևողական է, ապա նա անպայման հանդիպում է նախարարության որևէ իրավաբանի, որին կարողանում է բացատրել դատարանի վճռի տրամաբանությունը և, որի օգնությամբ դատական ակտի բովանդակությունը բացատրվում է նաև ԲՍՓՀ-ին: Այդ դեպքում, կարելի է ասել, որ քաղաքացու բախտը բերել է: Հակառակ դեպքում, դատական ակտի չհասկացվածությունը՝ դրա բոլոր հետևանքներով, կարող է անվերջ շարունակվել:

Վերջապես դատարանի վճիռն ի կատար է ածվում ԲՍՓՀ-ի կողմից, սակայն դրանով քաղաքացու իրավունքները չեն վերականգնվում: Խնդիրն այն է, որ ԲՍՓՀ-ի որոշումից հետո քաղաքացին՝ թոշակառու ճանաչվելու համար, պետք է դիմում գրի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մեկ այլ ստորաբաժանումում՝ տարածքային սոցիալական ծառայության բաժնում: Հենց այդ բաժինն է, որ քաղաքացուն թոշակառու է ճանաչում և կենսաթոշակ նշանակում: Տեսնելով դատարանի վճիռը և դրա հիմքով կայացված ԲՍՓՀ-ի որոշումը տարածքային սոցիալական ծառայության բաժնի աշխատակիցը ևս չկողմնորոշվելով վճռի և որոշման բովանդակության մեջ դիմում է իր ղեկավարությանը՝ վճռի և որոշման վերաբերյալ մասնագիտական եզրակացություն ստանալու համար: Սա, ըստ էության, աննախադեպ է: Փաստորեն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ծառայությունը փորձաքննում է օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռը: Օրինակ, ի՞նչ կլինի եթե սոցիալական ծառայության մասնագետները բացասական եզրակացություն տան օրինական ուժի մեջ մտած վճռին: Այդ դեպքում կստացվի, որ մեր երկրում գործում է մի ատյան, որի որոշումները  դատարանների վճիռներից ավելի բարձր իրավաբանական ուժ ունեն: Ինչևէ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ծառայությունում գործը կարող է ևս շատ երկար հանգրվանել:

Նկարագրածս խնդիրը բարդանում է նաև նրանով, որ 2019թ սկսած դատարաններին օրենքով արգելվեց վճիռների պարզաբանումներ տրամադրել: Անձամբ ինձ համար, անհասկանալի և ռիսկային են վճռի պարզաբանման չտրամադրման հիմքերը: Այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ:

Ստացվում է, որ անբուժելի հիվանդ, սոցիալական աջակցության կարիք ունեցող քաղաքացին իր իրավունքների վերականգնման համար, եթե ստացվի, ծախսում է շուրջ 4-5 տարի ժամանակ, անսահման նյարդեր և միգուցե նաև դրամական միջոցներ:

Ես հասկանում եմ, որ դատաքննությունը կարող է երկար լինել: Գիտեմ նաև, որ դատաքննության երկարաժամկետ լինելը պայմանավորված է գործի բազմակողմանի ուսումնասիրմամբ: Սակայն ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է մերժել վճռի պարզաբանման վերաբերյալ խնդրանքը: Ինձ համար անհասկանալի է ԲՍՓՀ-ներում իրավաբանի բացակայության փաստը: Առավել տարօրինակ է սոցիալական ծառայության տարածքային բաժնի աշխատակցի այն ձևակերպումը, որով վերջինս դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն է հայցում իր ղեկավարից: Անտրամաբանական է, որ միևնույն նախարարության տարբեր ստորաբաժանումները գործում են իրարից անկախ և շատ անգամ չեն ճանաչում միմյանց իրավական ակտերի իրավաչափությունը: Եվ վերջապես, ամենաանընդունելին այն է, որ պետական մարմինները մոռանում են, որ գործ ունեն հիվանդ և սոցիալական աջակցության կարիք ունեցող ՀՀ քաղաքացու հետ:

ՀԳ. Փորձեցի նկարագրել այն փուլերը, որոնք պարտադրված է անցնել քաղաքացին սոցիալական ոլորտում իր խախտված իրավունքները վերականգնելիս: Պատմությունն իրական է և հիմնված է բացառապես իրական փաստերի վրա: Անուններ առայժմ չեմ հրապարակում, քանի որ գործում կան տվյալներ, որոնք հրապարակման ենթակա չեն: Սակայն հասկացողները՝ կհասկանան:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30