Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վրաստանում վարչապետի փոփոխությունը հայ-վրացական հարաբերություններում թարմացումների անհրաժեշտություն կառաջացնի

Սեպտեմբեր 04,2019 15:58

Վրաստանում վարչապետի փոփոխությունը լրջորեն չի ազդի այդ երկրի արտաքին քաղաքականության վրա, սակայն կարող է որոշակի թարմացումների անհրաժեշտություն առաջացնել հայ-վրացական հարաբերություններում։

Ի՞նչ է տեղի ունեցել

Սեպտեմբերի 2-ին Վրաստանում հրաժարական տվեց վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության անդամ Մամուկա Բախտաձեն, որն այդ պաշտոնում վրացական խորհրդարանի կողմից ընտրվել էր 2018 թվականի հունիսի 20-ին։ Արդեն սեպտեմբերի 3-ին «Վրացական երազանքը», որը մեծամասնություն է կազմում խորհրդարանում, վարչապետի թեկնածու առաջադրեց ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիային։

Ուշագրավ է, որ Մամուկա Բախտաձեն, ինչպես և իրեն նախորդած վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, հրաժարական է տվել Վրաստանում տեղի ունեցած բողոքի զանգվածային ցույցերից հետո։

2018 թվականին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում զանգվածային ցույցեր էին տեղի ունենում արդար դատավարության և վարչապետի հրաժարականի պահանջով։ Պատճառը 2017 թվականի վերջին Թբիլիսիում դեռահասների սպանությունն էր, որից հետո վերջիններիս հարազատները դժգոհել էին հետաքննությունից։ Այդ ցույցերը չէին դադարել նույնիսկ գլխավոր դատախազի հրաժարականից հետո, իսկ 2018-ի հունիսի 13-ին իր հրաժարականի մասին հայտնեց վարչապետ Կվիրիկաշվիլին՝ նշելով նաև, որ այդ քայլն անում է նաև «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հետ ունեցած տարաձայնության պատճառով։

Այս տարվա հունիսի 20-ից էլ Վրաստանում լայնածավալ բողոքի ցույցեր էին սկսվել այն բանից հետո, երբ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցող ռուսաստանցի պատվիրակներից մեկը զբաղեցրել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը և ելույթ ունեցել ռուսերենով։ Բողոքի ցույցերը Թբիլիսիի կենտրոնում վերածվել էին ցուցարարների և ոստիկանության միջև բախումների, տուժել էր ավելի քան 200 մարդ։ Պայմանավորված ոստիկանության կոշտ գործողություններով՝ ցուցարարների պահանջներից էր ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականը, որը, սակայն, տեղի չունեցավ։ Ցույցերի արդյունքում հրաժարական տվեց վրացական խորհրդարանի խոսնակը, իշխանությունները համաձայնեցին հաջորդ խորհրդարանական ընտրություններն անցկացնել միայն համամասնական կարգով, որը նույնպես ցուցարարների պահանջներից էր։ Վրաստանում ծավալված այս իրադարձությունները լրջորեն վնասեցին երկրի տնտեսությանը, ռուսական պատժամիջոցների հետևանքով կտրուկ անկում ապրեց վրացական լարին, նվազեց Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքը, սպառնալիք առաջացավ վրացական գինիների արտահանման համար։

Ներքին ազդեցություն

Մամուկա Բախտաձեի հրաժարականը, փաստացի, տեղի ունեցավ այսպիսի բարդ համատեքստում։ Ուշագրավ է, սակայն, վրացական իշխանությունների ընտրությունը՝ հաջորդ վարչապետի թեկնածուի հարցում։ Նախ նշենք, որ Վրաստանում այդպիսի ցնցումներից և տնտեսական հարվածներից հետո վարչապետի պաշտոնից Բախտաձեի հեռացումը կարող է էապես լիցքաթափել սպասվող դժգոհությունները հանրության շրջանում։ Մյուս կողմից, վարչապետի պաշտոնում ներքին գործերի նախարարի նշանակումը, որի փաստացի ղեկավարմամբ ոստիկանությունը կոշտ բախումների մեջ է մտել ցուցարարների հետ, ուժի և վճռականության դրսևորում է «Վրացական երազանք» իշխող կուսակցության կողմից։ Այլ կերպ ասած, Գախարիային վարչապետի թեկնածու առաջադրելով՝ «Վրացական երազանքը» հաստատում է իր վճռականությունը և հստակ ուղերձ հղում վրացական քաղաքական դաշտին, որ ամեն ինչ իր վերահսկողության ներքո է։

Մեծ հաշվով՝ վարչապետների փոփոխությունը զգալի փոփոխությունների սպասումներ չի առաջացնում Վրաստանի ներքաղաքական դաշտում, սակայն հետագա ցնցումների ժամանակ հնարավոր է, որ իշխանությունները շատ ավելի կոշտ միջոցներ ձեռնարկեն բողոքի ալիքների դեմ։

Արտաքին ազդեցություն

Վարչապետների փոփոխությունը հազիվ թե ազդի Վրաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման վրա, սակայն կան տեսակետներ, որ ներքին գործերի նախկին նախարար Գախարիան կարող է ավելի կոշտ քաղաքականություն վարել հարևան Ադրբեջանի և Թուրքիայի դիրքերն իր երկրում սահմանափակելու գործում։

Ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերություններն, ապա նախ և առաջ հարկ է ընդգծել, որ Հայաստանում 2018-ի ապրիլ-մայիսին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Վրաստանում, փաստացի, երկու անգամ վարչապետ է փոխվում։ Հետհեղափոխական Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանը հասցրել է հանդիպումներ ունենալ ինչպես Գեորգի Կվիրիկաշվիլիի, այնպես էլ Մամուկա Բախտաձեի հետ։ Ընդ որում, Բախտաձեի և Նիկոլ Փաշինյանի միջև ձևավորվել էին հատուկ հարաբերություններ, որոնք դրսևորվել էին երկու ոչ պաշտոնական հանդիպումներով՝ հայկական Ենոքավանում և վրացական Բոլնիսում։ Հայ-վրացական հարաբերություններում այդ ընթացքում գրանցված շոշափելի հաջողություններից է, օրինակ, այն, որ վրացական կողմը սկսել է Հայաստանի համար մեծ կարևորություն ունեցող Գոգավան-Գուգութի սահմանային անցակետ տանող Փոնիչալա-Մառնեուլի-Գուգութի ճանապարհի 85-98-րդ կիլոմետր հատվածի վերանորոգման աշխատանքները։

Անշուշտ, հայ-վրացական հարաբերություններն առաջնային են երկու երկրների համար և այնքան բազմաշերտ ու փոխկապակցված են, որ թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում երկրի ղեկավարների փոփոխությունների հետևանքով չեն կարող էական փոփոխությունների ենթարկվել։ Այդուհանդերձ, Վրաստանում ընթացող քաղաքական զարգացումները և վարչապետների փոփոխությունները կարող են «հետ գցել» հայ-վրացական համագործակցության ընթացքը, քանի որ ամեն դեպքում լրացուցիչ ժամանակ կպահանջվի վրաց նոր վարչապետի հետ ծանոթանալու և համագործակցության պայմանավորվածությունները վերահաստատելու համար։

Վահե ՂՈՒԿԱՍՅԱՆ

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30