2016 թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա Ծռեր» խմբի գործով հերթական դատական նիստը կայացավ այսօր:
Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ նախապես կայացված որոշման համաձայն շարունակվում է վկաների հարցաքննությունը:
«Շտապ օգնության» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը ասաց, որ առաջին իսկ վայրկյանից հերթապահություն են անցկացրել տարածքում, սակայն տարիներ են անցել եւ մանրամասներ հիշել դժվար է, թե քանի բրիգադ մտավ տարածք, քանիսը դուրս եկավ՝ հիվանդ տեղափոխեց:
Այդուհանդերձ, վկան հիշեց, որ հերթապահություն իրականացվում էր ինչպես գնդի տարածքում, այնպես էլ՝ դրսում, մոտական տարածքում: «Ովքեր կարիք ունեին հիվանդանոցում օգնություն ցուցաբերելու, տեղափոխել ենք հիվանդանոց: Ուղղակի հիմա քանակը հստակ ասել չեմ կարող, որովհետեւ նախապես չգիտեի, թե ինչ հարցեր են տրվելու, որ պատրաստվեի», – ասաց նա եւ ավելացրեց, որ այդ ընթացքում հեռախոսազրույցներ է ունեցել իր բրիգադների եւ գնդի տարածքում գտնվող խմբի անդամների հետ: «Հիմնականում խոսել եմ Արայիկ Խանդայանի հետ: Երկու հոգու հետ էլ եմ խոսել, բայց չեմ կարող ասել, թե ում հետ եմ խոսել: Մեր բրիգադը գնդի տարածքում հերթապահում էր եւ կարիք կար փոխելու կամ մի բրիգադի դուրս գալու: Թեման հիմնականում եղել է այն, որ բրիգադը հերթապահի ոչ թե հենց գնդի տարածքում, այլ մոտակա տարածքում: Մենք պատրաստ ենք եղել, որ մեր բրիգադը ցանկացած ժամանակ մտնի, օգնություն ցուցաբերի եւ դուրս գա, ոչ թե ժամերով մնա տարածքում»:
Կարդացեք նաև
Մեղադրող կողմի հարցին՝ եղե՞լ է դեպք, որ գնդի տարածում գտնվող մարդիկ բրիգադին չթույլատրեն դուրս գալ գնդի տարածքից, տիկին Ստեփանյանը պատասխանեց, թե ստույգ հիշել չի կարող, բայց կոնկրետ օր եղել է, որ իրենց բրիգադը չի կարողացել: Վկայի ենթադրությամբ դա պայմանավորված է եղել գնդի տարածքում բրիգադի հերթապահելու ցանկությունով: Այնուամենայնիվ, Թագուհի Ստեփանյանը դժվարացավ միանշանակ պատասխանել հարցին, թե իր տպավորությամբ՝ շտապ օգնության բրիգադներին ստիպողաբա՞ր են պահել գնդի տարածքում: «Ստիպողաբար նրանց պահելու մասին խոսակցություն չի եղել»:
Ինչ վերաբերում է Մարինա Մարգարյանի հակասական ցուցմունքներին, տիկին Ստեփանյանն ասաց. «Ինչի պետք է ես Արայիկի հետ խոսեի, որ աղջկա ծնունդն է, թողեք, թող տղամարդիկ մնան եւ Արայիկն ինձ ասեր, որ ոչինչ, թող մնա՝ մենք այստեղ սալյուտ կխփենք եւ այլն, եւ այլն»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ