ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովն այսօր մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի առաջարկած նախագիծը` վճարված եկամտահարկով հիփոթեկային վարկի տոկոսների մարման մեխանիզմը տարածել ՀՀ մարզերում` երկրորդային շուկայից գույք ձեռք բերելու արտոնությամբ:
Այս նախագիծը մի քանի անգամ քննարկվել է եւ փոխհամաձայնությամբ հանվել օրակարգից`լրացուցիչ համաձայնությունների համար: Տեւական քննարկումների արդյունքում, սակայն, կառավարությունում եկել են այն համոզման, որ այդ առաջարկը խաթարում է օրենքի սկզբնական էֆեկտը՝ խթանել շինարարությունը եւ այդպիսով լուծել բնակարանային ապահովության խնդիր:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն իր առարկություններում նկատեց` մարզերում բնակարանային առաջնային շուկան ձեւավորված չէ, բայց բնակարանային ապահովության բոլոր հնարավորությունները սպառված չեն. քաղաքացիները կարող են իրենք տուն կառուցել կամ գնել կառուցապատողից`օգտվելով այդ արտոնությունից: Նա նաեւ հավելեց, որ կառավարության կողմից սուբսիդավորվող տարբեր ծրագրեր կան, որոնք մարզաբնակներին թույլ են տալիս երկրորդային շուկայից լուծել իրենց բնակարանային ապահովության խնդիրը:
ԿԲ ներկայացուցիչը եւս դեմ էր. այս փոփոխությունը հավելյալ ծախս է լինելու ընդամենը:
Կարդացեք նաև
«Նոր տուն կառուցելը թանկ է եւ անհնար մարդկանց համար»,- «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներն իրենց դիրքորոշումը պնդեցին` հավելելով, որ այդ փոփոխությունը թույլ կտա մարզերում ևս աշխուժացնել անշարժ գույքի շուկան, ինչը կբերի հետագայում մարզերում էլ շինարարության աշխուժացման:
Նախագծի հեղինակները փաստարկ են բերում նաեւ, որ մարզերում բնակարանների ոչ մատչելի լինելն է, որ բերում է մարզերից արտագաղթի: ԿԲ-ն նման տվյալներ չունի:
Էդմոն Մարուքյանը ֆինանսների փոխնախարարին նաեւ հարցրեց. «Ես ճի՞շտ եմ հասկացել, կառավարությունը մտածում է այս մեխանիզմը կրճատե՞լ»:
Փոխնախարարն ասաց`այո՛, եկամտահարկով հիփոթեկային վարկի տոկոսների նվազեցման նախագծում փոփոխություն են նախատեսում` հիփոթեկային վարկի նվազեցման գումարները ոչ թե հարկի գումարից, այլ հարկման բազայից կհանվեն:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ