ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը տեղյակ չէ, թե երեկ կայացած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում ի՞նչ հարց է քննարկվել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող կուսակցության եւ խորհրդարանական խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը:
Նիստին, հիշեցնենք, ներկա է եղել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կուլիսային խոսակցություններ կան, որ քննարկվել է ՍԴ-ում ընթացող գործընթացը: Հիշեցնենք, երեկ ՍԴ-ում քննարկվում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմումը`այդ գործով 301 հոդվածի սահմանադրականության հարցի վերաբերյալ: Որոշումը կհրապարակվի այսօր: ՔՊ վարչության նիստում, ըստ տեղեկությունների, քննարկվել ՍԴ-ի հնարավոր որոշումը եւ դրան հակազդեցության քայլերը:
Հովիկ Աղազարյանն ասաց, որ վաղը կուսակցական հավաք է նախատեսված, որի ժամանակ, հավանաբար, վարչության անդամներն իրենց կտեղեկացվեն, թե ի՞նչ հարցերի շուրջ ի՞նչ պայմանավորվածություններ կան: Իսկ ինքը բնավ չի զարմանա, եթե ՍԴ-ն հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշում կայացնի: Ի՞նչ քաղաքական քայլեր դրան կհետեւեն, նա չի կարող կանխատեսել, կուսակցական քննարկումներում պարզ կդառնա:
Ի դեպ, պատգամավորը տեղեկացրեց, որ իր գլխավորությամբ՝ համախոհների հետ փոքրիկ աշխատանքային խումբ է ստեղծել, որը զբաղված է դատաիրավական բարեփոխումների առաջարկներով: Իրենք, օրինակ, առաջարկում են Սահմանադրական փոփոխություն կատարել եւ ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանը դրա արդյունքում լուծարել`ձեւավորելով մեկ դատարան`Գերագույն դատարան:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ