Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների դադարեցմանն ու այն հայտարարություններին, թե ԲԴԽ-ն «տյունինգ» արված է, «իշխանություններին հարմար ԲԴԽ է» : Լրագրողի այս հարցին ի պատասխան՝ Վարդազարյանն ասաց «տյունինգ» եզրույթը՝ ԲԴԽ-ի մասին, առաջին անգամ է լսում. «Հաշվի առնելով, որ 5 դատավոր ընտրվում է դատավորների ընդհանուր ժողովից, 4-ին ԱԺ-ն է ընտրում, ապա այդ երկու տարբեր մարմինների ընտրված ԲԴԽ անդամները բալանսավորվում են: Ասել, որ «իշխանությունների ցանկալի» ԲԴԽ-ն է, միանշանակ՝ ոչ: Երբ ԲԴԽ-ում քննարկումներ են տեղի ունենում՝ ես նման մոտեցում չեմ տեսնում, սկզբունքային հարցերում գրեթե բոլորի կարծիքը համընկնում է»:
Ինչ վերաբերում է հարցին, թե ԲԴԽ-ն ինչո՞ւ չկանգնեց Քոչարյանի գործը քննող Դավիթ Գրիգորյանի կողքին, երբ նրա նկատմամբ քրեական հետապնդում էր իրականացվում, Վարդազարյանը պատասխանեց. «Ինձ համար այդ հարցը փոքր-ինչ անհասկանալի է: Բարձրագույն դատական խորհուրդն իրականացնում է մի գործառույթ, որը չի նշանակում դատավորի կողքին կանգնել: ԲԴԽ-ն օժտված է ապահովել դատական իշխանությունն ու դատավորի անկախությունը: Այնպես չէ, որ ամեն գնով պետք է պաշտպանել դատավորին: Ավելին ասեմ՝ բավարար հիմքեր են ներկայացվել ԲԴԽ-ին, որն էլ ընդամենը թույլատրել է քրեական հետապնդում իրականացնել»:
Դավիթ Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին էլ Վարդազարյանն ասաց՝ ԲԴԽ-ն չէ որոշել դադարեցնել լիազորությունը, այլ թույլ է տվել քրեական հետապնդում իրականացնել՝ Գրիգորյանի լիազորությունները դադարեցված են օրենքի ուժով:
Դավիթ Գրիգորյանի անկախությունն ապահովելու մասին էլ Վարդազարյանն այսպես մեկնաբանեց. «Դատավորի անկախությունն ապահովելը չի նշանակում ամեն գնով թույլ չտալ, որպեսզի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնեն. «Այո, ես գտնում եմ, որ եթե ԲԴԽ-ն գտներ, որ սրանով ոտնահարվում է դատական իշխանության անկախությունը կամ կոնկրետ դատավորի անկախությունը, ապա այլ որոշում կկայացներ: ԲԴԽ-ն գտել է, որ դատախազության նախաքննության մարմնի ներկայացրած հիմնավորումները բավարար են, որպեսզի թույլատրվի: Եթե լինեն 10-20 դատավորներ եւ նախաքննական մարմինը բավարար հիմքեր ներկայացնի, ապա ԲԴԽ-ին նմանատիպ դիրքորոշում կձեւավորվի: Իսկ եթե գտնի ճնշում է՝ կմերժի»:
Կարդացեք նաև
Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում իրականացված քննչական գործողությունների մասին էլ ԲԴԽ նախագահն ասաց. «Նախաքննության մարմինը կատարելով խուզարկություն Գրիգորյանի աշխատասենյակում՝ կատարել է իր գործառույթը: Այլ հարց է, թե այդ գործառույթն իրականացնելու ընթացքում ինչպիսի գործողություններ են արել: Մենք արդեն արձագանքել ենք՝ աշխատասենյակի կապարակնքումը, Գրիգորյանի թույլ չտալը, որպեսզի նա օգտվի իր աշխատասենյակից՝ ԲԴԽ-ն իր մտահոգությունը հայտնել է, նախաքննական մարմնին տեղեկացրել է գրավոր: Մենք լսել ենք ե՛ւ Դավիթ Գրիգորյանին, հարցում ենք կատարել դատախազություն, ստացել ենք նրանց կարծիքը, եւ հատուկ քննչական ծառայությանը հայտնել ենք՝ ԲԴԽ-ի կարծիքով՝ Դավիթ Գրիգորյանին թույլ չտալ մտնել իր աշխատասենյակ, դրա կապարակնքումը որոշակի չափով խախտում է դատավորի անկախությունը եւ այդ գործընթացի նկատմամբ պետք է առավել ուշադիր լինել: Օրենսդրական այլ եղանակ, բացի տեղյակ պահելուց, ԲԴԽ-ն իրավասու չէ: Դավիթ Գրիգորյանի ասածի մեջ կա ռացիոնալ հատիկ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ