Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Վարոսյան. «Հայաստանի իշխանությունն այդպես էլ առաջ գնալու պատրաստ չէ: Նրանք անընդհատ հետ են գնալու». «Փաստ»

Սեպտեմբեր 04,2019 12:13

Ռազմավարություններով հնարավոր է կերակրել միայն անտեղյակ զանգվածին: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով հանրային քննարկման դրված «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին:

Ինչ վերաբերում է անցումային արդարադատության գործիքակազմին, որի իրականացման հիմնական շրջանակը 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած խախտումների դեպքերի ուսումնասիրությունն է, Ե. Վարոսյանը նկատում է.

«Անցումային արդարադատություն անհասկանալի բառակապակցությունն, այնուամենայնիվ, իշխանությունը համառությամբ փորձում է կյանքի կոչել:

Այդուհանդերձ, հազար անգամ ասել ենք, որ երբևէ Հայաստանում քաղաքացիական պատերազմ չի եղել: Չի եղել նաև այնպիսի բռնատիրական ռեժիմ, որն իրենից հետո կթողներ տասնյակ հազարավոր զոհեր, ինչի հետևանքով Հայաստանը ստիպված կլիներ կիրառել անցումային արդարադատության տարրեր:

Հիմա ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ, որ իշխանություններն, այնուամենայնիվ, համառորեն փորձում են իրականացնել դա: Ես երկու պատճառ եմ տեսնում»:

Առաջինն, ըստ  զրուցակցի, այսպես կոչված, անցումային արդարադատության իրականացման այժմեական, առօրյա նպատակն է. «Մյուս հանգամանքն այն է, որ Հայաստանի իշխանությունն այդպես էլ առաջ գնալու պատրաստ չէ: Նրանք անընդհատ հետ են գնալու:

Հինգ, հետո տասը տարի են հետ գնալու: Հետո՝ 1991 թիվ, իսկ հետո փորձելու են գնահատական տալ ԽՍՀՄ տարիներին Հայաստանում տեղի ունեցած իրավիճակին, հետո 1918-20թթ. հանրապետությանը, հետո Շահ Աբասով գնալու ու հասնելու են նախաուրարտական շրջան: Ինչո՞ւ է սա արվում:

Ակնհայտ է, որ սա մեզ ոչինչ չի տալու, հատկապես, երբ դրա օբյեկտիվությունն արդեն իսկ խիստ կասկածի տակ է, որովհետև քաղաքական տարրն այս ամենի մեջ գերակայում է: Սա արվում է մի բանի համար. երբ իշխանությունը չգիտի, թե ինչ պետք է անել ապագայում և ինչ է սպասվում առջևում, բնականաբար, պետք է փորձի հանրությանն անընդհատ կերակրել անցյալով:

Դա կարող է ժամանակավոր էֆեկտ ունենալ, բայց երկարաժամկետ արդյունք ապահովել չի կարող, ըստ այդմ՝ ես չեմ հասկանում, թե ինչու է դա արվում»:

Երվանդ Վարոսյանի խոսքով, պետք է պարզ խոսել ու հասկանալ, որ 1991 թիվը մեզ համար արդեն պատմություն է:

«Ի՞նչ է մեզ տալու այդ պատմության վերհանումը: Եթե պատմությունն ուսումնասիրելու անհրաժեշտություն կա, կարող են պատմաբանների խումբ ստեղծել, որոնք կգնան, կուսումնասիրեն, գնահատական կտան այդ ամենին ու կանցնենք առաջ:

Ըստ իս՝ չի կարող առաջ գնալ այն պետությունը, որտեղ միայն հետ են նայում: Բացի այդ, որպես իրավաբան, ինձ համար անհասկանալի է, թե այդ պատմական նյութերի վերհանումներն ի՞նչ իրավական հետևանքներ են ունենալու:

Ընդունենք՝ պարզվեց, որ 1995թ. ընտրությունները կեղծված են, պարզվեց նաև, որ այդ ժամանակահատվածի օրվա իշխանությունը քաղաքական ուժերից մեկին ապօրինի հեռացրել է ընտրապայքարից, իսկ ընտրությունները, այդ թվում՝ 1995թ. սահմանադրական հանրաքվեն, իրականացրել են խայտառակ խախտումներով:

Ընդունենք՝ այս ամենն ի հայտ եկավ, սրան իրավական ի՞նչ գործընթաց է հետևելու: Ոչինչ: Այստեղ է, որ իմաստն անհասկանալի է մնում: Օրինակ են նաև 1996թ. ընտրությունները, որին աշխատանքի բերումով ընտրատեղամասերում ականատես եմ եղել:

Ենթադրենք՝ բացահայտեցին, հետո ի՞նչ են անելու: 1996-98թթ. Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրած բոլոր հրամանագրերը պետք է չեղյա՞լ համարեն՝ համարելով նաև, որ ի՞նքը չի եղել նախագահը: Կամ՝ Վազգեն Մանուկյանին ասելու են՝ եղբա՛յր, արի՛ հետին թվով ղեկավարի՞ երկիրը»,-ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ այս ամենը զուտ պատմության դասագրքերի նյութ է դառնալու:

«Ցավոք, մենք շարունակում ենք հետ նայել, իսկ առաջ չենք նայում: Սա է մեր հիմնական խնդիրը»,-շեշտեց Վարոսյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30