Մարգարյան ծննդատանը մահացած 24-ամյա ծննդկանի քույրն ասաց, որ հղիության ամբողջ ընթացքում Լուիզան իրեն լավ է զգացել, շատ հետևողական է եղել և ցանկացած խնդրի դեպքում դիմել է բուժող բժշկին։ Ծննդաբերելուց օրեր առաջ իրեն սկսել է վատ զգալ, գլխացավեր է ունեցել և ճնշման տատանումներ։
Զանգահարել է բուժող բժշկին, ներկայացրել վիճակը, իսկ բժիշկն ասել է, որ պարացետամոլ խմի։ Վիճակի չփոփոխվելուց հետո օգոստոսի 30-ին Լուիզան տեղափոխվել է Մարգարյան հիվանդանոց, որպեսզի գտնվի բժիշկների վերահսկողության տակ։ Լուիզան հոսպիտալացվել է, երկու օր վիճակի փոփոխություն չի եղել և քրոջ պնդմամբ՝ որևէ քայլ էլ չի ձեռնարկվել, որպեսզի վիճակը մեղմվի։
«Ոչ մի բան չէր արվում, ոչ կաթիլային, ոչ որևէ բուժում չէր արվում։ Միայն գալիս էին, ճնշումը չափում, արձանագրում և գնում էին։
Այնինչ, ճիշտ կլիներ՝ հենց հոսպիտալացման օրը կեսարյան հատում իրականացնեին։ Բայց հետաձգեցին՝ պատճառաբանելով, որ դեռ 35 շաբաթական է, ու հենց հաջորդ օրը՝ սեպտեմբերի 2-ին ճնշումը բարձրացավ մինչև 220, որից հետո նարկոզով կեսարյան հատում են իրականացնում, որն աբսուրդ է։ Նարկոզով կեսարյան հատում չեն անում։ Հիմարություն, տգիտության շղթա էր Մարգարյան ծննդատանը։
Կեսարյան հատում իրականացնելուց հետո, մենք ենթադրում ենք, որ Լուիզան նարկոզից դուրս չի եկել և հենց այդ ժամանակ էլ մահացել է, բայց սրտի կանգի մասին մեզ տեղեկացնում են միայն երեկոյան 18։50-ի սահմաններում, երեխայի ծննդից մոտ 6-7 ժամ անց։
Ծննդատունը կրկեսի էին վերածել ու ինչ-որ թատրոն էին բեմադրել, խուսափում էին որևէ հարցի պատասխանել»,- ասաց Լուիզայի քույրը՝ ավելացնելով, որ հիվանդանոցում այն աստիճանի անտարբեր վիճակ է եղել, որ երբ իրենք ցանկացել են բարձրանալ վերև՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող իրենց բարեկամի մոտ, իրենցից գումար են պահանջել վերև բարձրանալու համար։
Սոնա Հարությունյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: