Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածական տվյալների հիման վրա պլանավորումն անհրաժեշտություն է

Սեպտեմբեր 04,2019 10:26

Վերջին շրջանում հանրային, հիմնականում ընդդիմադիր, գործիչները հաճախ են բարձրաձայնում կապիտալ ծախսերի թերակատարման մասին։ Նրանք, իրենց կարգավիճակից ելնելով, պատճառ են բերում իշխանության ներկայացուցիչների պետական կառավարման փորձի պակասը, իսկ իշխանական դաշտում մենք դա հաճախ պայմանավորում ենք նախկինում եղած կոռուպցիայով, ներքին քննարկումների ժամանակ՝ պետական գնումների ու քաղաքացիական ծառայության համակարգերում առկա խնդիրներով։ Իրականում այս բոլորն էլ ունեն իրենց մասնաբաժինն այս խնդրում, եւ այսօր որոշում ընդունողներս փորձում ենք գտնել ոսկե միջինը՝ կոռուպցիայից զերծ որակյալ աշխատանք պատվիրակելու գործում փորձելով ապահովել նաեւ դրանց նպատակայնությունը։ Մասնագիտության բերումով կարծես թե ինձ համար պետք է ամեն ինչ շատ հարթ անցներ՝ ընդամենը Կադաստրի կոմիտեի մուտքերի վերակառուցման գնման ու իրականացման գործընթացում, բայց արի ու տես, որ արդեն ավելի քան ինը ամիս տեւած գործընթացում մենք այդպես էլ քիչ թե շատ ընդունելի արդյունքի հասնելուց շատ հեռու ենք։

Իհարկե, պետական կառավարման փորձի պակասը նաեւ իր դրական կողմերն ունի. նախ, այն բացառում է եղած համակարգի շրջանակում ստվերային սխեմաների կիրառումն, ինչպես նաեւ նպաստում է հենց նույն պետական կառավարման մարմնի աշխատանքի նկատմամբ քննադատական մոտեցմանը եւ խորքային բարեփոխումներ առաջադրելուն։ Հենց նույն տրամաբանությամբ այս օրերին քննարկվում է մասնավորապես պետական գնումների համակարգի բարեփոխումների փաթեթը, որը պետք է նպաստի գոնե այս մասով առկա խնդիրների լուծմանը։

Սակայն, կարծում եմ, որ այս գործընթացում մենք մոռանում ենք շատ կարեւոր մեկ այլ բացի մասին, որը հետանկախության շրջանի եւ, ենթադրում եմ, նաեւ խորհրդային շրջանի լրջագույն բացթողումներից մեկն է. մենք պատշաճ որոշումներ ընդունելու համար հաճախ չունենք ճշգրիտ տվյալներ։ Ինչպես մի քանի անգամ արդեն նշել եմ, երկիրը նախկինում կառավարվել է «մոտավորապես», հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կապիտալ շինարարությունը կամ առհասարակ ֆիզիկական (իմա՝ տարածական) դրսեւորումներ ունեցող ոլորտներում՝ ճանապարհաշինությունից մինչեւ բնապահպանություն, գյուղատնտեսությունից՝ ջրային ռեսուրսների կառավարում։ Մենք, ցավոք, այսօր էլ չունենք պատշաճ տարածական տվյալներ մեր հողերի, ճանապարհների, հանրային շինությունների, գյուղատնտեսական միավորների եւ շատուշատ այլ ոլորտային կարեւորագույն բաղադրիչների մասին։ Անցյալում երբեւէ այս ոլորտներում պատշաճ ռեսուրսներ չեն ներդրվել տարբեր պատճառներով, նախեւառաջ՝ ընդհանուր կառավարման նպատակայնությունից ելնելով, քանի որ հանրային կառավարումն ավելի շատ հանդիսացել է ընտրական պրոցեսների շարունակությունը՝ ստացված կամ ստացվելիք ձայների համար ներդրումը։ Պետք է հիշենք նաեւ, որ պատշաճ տվյալները՝ որոշումների կայացմանը նպաստելուց բացի, նաեւ վերահսկողական լուրջ գործիք են, եւ դրանց առկայությունն ու հասանելիությունը կարող էին լուրջ խնդիրներ առաջացնել տարբեր մակարդակների չինովնիկների համար։ Իհարկե, ինչպես եւ նախկինում, այսօր եւս մենք մի քանի զանգով կամ մի քանի ցուցակ բացելով կարող ենք ասել, թե տվյալ տարածաշրջանում քանի X տիպի հաստատություն կա, եւ կարող ենք տվյալներ տալ դրանց ծանրաբեռնվածության մասին, սակայն այդ տվյալների համակարգվածության, համաժամանակյա ռեժիմով ստացման մասով վստահ եմ, որ շատ դեպքերում չկան պատշաճ ու համակարգված շտեմարաններ։

Բնականաբար, մինչեւ Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակվելս անգամ գիտեի, որ մենք ունենք այս լրջագույն մարտահրավերը, ավելին, գիտեի նաեւ, որ այս տվյալների հավաքագրումը տեւելու է տարիներ։ Սակայն թե՛ մեկ տարի առաջ, թե՛ այսօր մեր թիմի ամենօրյա աշխատանքը՝ մեր քաղաքացիների ու հանրային մարմինների առօրեական կարիքները սպասարկելուց զատ, հիմնականում միտված է երկարաժամկետ կտրվածքով Հայաստանի ողջ տարածքի վերաբերյալ պատշաճ տարածական տվյալների հավաքագրման, դասակարգման, պահպանման եւ փոխանակման ժամանակակից համակարգի ստեղծմանը, որը մենք անվանել ենք ինտեգրված կադաստր։ Այս պահին նախատեսում ենք, որ մի քանի տարի անց ինտեգրված կադաստրը սկսելու է մասնակիորեն գործել եւ գիտականորեն հիմնավորված տրամաբանության շրջանակում ամբարել մեր տարածական տվյալները։

Բայց արդյո՞ք այս համակարգի ստեղծումով մենք ունենալու ենք որոշումների ընդունման պատշաճ եւ գործուն համակարգ։ Իհարկե, մենք դրանով շատ մոտենալու ենք անհամեմատելի ճշգրիտ տվյալների հիման վրա որոշումների կայացմանը, բայց արդյո՞ք դրանից փոխվելու են մեր որոշումների որակն ու արագությունը։

Կարծում եմ, որ տարածական տվյալների հավաքագրման արդյունքում պետք է կարեւորել դրա հաջորդ մակարդակը՝ տարածական պլանավորումը, որը նախկինում, եւ երբեմն հիմա էլ, անվանվում է քաղաքաշինություն։ Չցանկանալով ամենեւին անդրադառնալ քաղաքաշինության գիտակարգային կամ, եթե կուզեք՝ մասնագիտական եզրույթաբանության արդի խնդիրներին, ինչին առիթ եմ ունեցել անդրադառնալու նաեւ նախկինում, անհրաժեշտ եմ համարում նշել միայն, որ հենց տարածական պլանավորումն է (spatial planning) այն գործիքը, որի միջոցով տարբեր ոլորտների ներկայացուցիչներ տարածության ու ժամանակի մեջ կարող են եւ պետք է արտացոլեն կոնկրետ ընդգրկմամբ տարածքների վերաբերյալ ոլորտային զարգացման տեսլականները. դրանք վերաբերեն տրանսպորտի կազմակերպմանը, մշակութային կամ բնական կենսապատկերի (լանդշաֆտի) պահպանությանը, քաղաքային զարգացմանը, զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավմանը, կրթական կամ առողջապահական հաստատությունների տեղաբաշխմանը, թե բազմաթիվ այլ գիտակարգերի հիման վրա ձեւավորվող ոլորտային ենթաքաղաքականությունների մշակմանը։

Այնպես չէ, որ սա նոր հայտնագործություն է։ Սա փորձի ու տրամաբանության վրա հիմնված, զարգացած ու զարգացող բազմաթիվ երկրներում իրականացվող գործընթաց է, որում ակտիվ կերպով ներգրավված են տարածական պլանավորման մասնագետները (քաղաքաշինարարները, ուրբանիստները, պլանավորողները, տնտեսագետները, սոցիոլոգները եւ բազմաթիվ այլ մասնագետներ), որոնք, մշակելով նման փաստաթղթեր, հանրային կառավարման տարբեր մակարդակների՝ բնակավայրերի, համայնքների, տարածաշրջանների, մարզերի, պահպանվող եւ այլ տարածքային միավորների կառավարիչներին սնում են պատրաստի ու մշակված հայեցակարգերով ու գաղափարներով։
Այսինքն, դիցուք եթե որեւէ բնակավայր ունի պատշաճ տարածական պլանավորման իր փաստաթղթերը, ապա տվյալ բնակավայրի համայնքապետն ու ավագանին արդեն իսկ ունեն 20-25 տարվա զարգացման ռազմավարություն, եւ միայն դրանից քաղվածքներ անելով հնարավոր է երկարաժամկետ կտրվածքով կանխատեսել ֆինանսական հոսքերի առկայության դեպքում համայնքային զարգացման ծրագրերը։

Տարածական պլանավորման ներկայացված շեշտադրումները թող տպավորություն չստեղծեն, թե այն միայն հանրային կառավարման մարմինների համար է ապահովելու կանխատեսելիություն. այն նախեւառաջ պետք է ծառայի քաղաքացիներին ու բիզնեսին։

Վերջերս ինձ ներկայացվեց մի դեպք, երբ մի քաղաքացի տնամերձ հողամասով ու առանձնատներով կառուցապատված տարածքում ձեռք էր բերել հողատարածք եւ կառուցել տուն՝ լողավազանով ու առանձնացված բակով։ Մի քանի տարի անց մեկ այլ սեփականատեր ստացել էր հարեւանությամբ բազմահարկ բազմաբնակարան շենք կառուցելու թույլտվություն, որն ամբողջովին իմաստազրկել էր առաջինի՝ առանձնատուն ունենալու մեկուսացվածությունը, իսկ երկրորդի՝ թանկարժեք գնումը։

Մեկ այլ դեպքում ներդրողը ցանկացել էր գնել բավական խոշոր հողակտոր՝ բազմաբնակարան բնակելի շենքերից բաղկացած համալիր կառուցելու նպատակով, եւ իր բիզնես հաշվարկների համար անհրաժեշտ էր համարել իմանալ, թե քանի հարկ եւ ինչ խտությամբ կառուցապատելու հնարավորություն է տրվելու համայնքի այդ հատվածում։ Եթե երկրորդ դեպքում ես կարող էի առաջարկել հարցը քննարկել կոնկրետ քաղաքապետարանի ներկայացուցչի հետ եւ ստանալ նախնական համաձայնություն, ապա առաջին դեպքում արդեն անդառնալի եւ անուղղելի իրավիճակ կար, եթե իհարկե առանձնատան սեփականատերը չորոշեր երկար ու ձիգ դատական կարգով բողոքարկել համայնքի որոշումը, այն էլ, պարզ չէր՝ ի՞նչ արդյունքի էր հասնելու։ Երկրորդ դեպքում էլ նախնական համաձայնությունը կարող էր ռիսկային լինել այնքանով, որ համաձայնություն տվողը կարող էր փոխարինվել մեկ ուրիշով կամ առհասարակ փոխել դիրքորոշումը։

Նշածս եւ բազմաթիվ այլ նման իրավիճակների լուծման բանալին ամբողջական ու բաց տարածական պլանավորման համակարգ ունենալն է։ Տեղական մակարդակով պատշաճ տարածական պլանավորման փաստաթղթերը կամ գոտեւորման հատակագծերը (zoning plan) պետք է օր առաջ դառնան քաղաքային եւ խոշոր գյուղական բոլոր բնակավայրերի հիմնական ուղենիշային ու իրավական փաստաթղթերը։ Հակառակ դեպքում մենք շարունակելու ենք սուբյեկտիվ եւ կամայական որոշումներ ընդունել, որոնք նախկինում եթե «ֆիլտրվում» էին կոռուպցիոն կամ կիսակրիմինալ-թաղային որոշումների ընդունման տրամաբանությամբ, ապա այսօր դրանք կարող են է՛լ ավելի զանգվածային ու վտանգավոր լինել, քանի որ վերաբերում են բոլորին։ Դրան, եթե ավելացնենք Կադաստրի կոմիտեի արձանագրումներն անշարժ գույքի շուկայում պահանջարկի աճի փաստով, ապա մենք շուտով գոնե Երեւանում ու դրա ագլորմերացիայում լրջագույն մարտահրավերների ենք առերեսվելու։

Բնականաբար, 21-րդ դարում ու հատկապես 2018 թվականի հետհեղափոխական Հայաստանում կարիք չկա նշելու, որ այդ փաստաթղթերը պետք է մշակվեն ներառական մեթոդներով ու հանրային իրազեկման եւ քննարկումների ինստիտուտների արժեւորմամբ։ Դա միակ ճանապարհն է, որպեսզի դրա հիմնական շահառուները դառնան այս գործընթացի մասը եւ այդ գաղափարների կրողը։

Իհարկե, միամտություն կլիներ կարծել, որ միայն պատշաճ տարածական պլանավորման փաստաթղթերով հնարավոր է լուծել շինարարական եւ այլ թույլտվությունների ու առհասարակ անհասկանալի կերպով քաղաքաշինության մեջ «խցկված» ողջ խնդիրների կծիկը, սակայն կարծում եմ, որ տարածական պլանավորումը հենց հանրային կառավարման այն առանցքային ատամնանիվն է, որը ճիշտ աշխատելու արդյունքում մի քանի այլ ատամնանիվների աշխատանքը եւս ինքնաբերաբար դարձնելու է արդյունավետ։ Հենց այդ ատամնանիվներն են, որոնք պետք է պտտեցնեն կառավարության նախանշված տնտեսական հեղափոխության թափանիվը՝ ապահովելով դրա կայունությունն ու ինստիտուցիոնալացումը՝ նվազագույնի հասցնելով պետական պաշտոնյաների վարչական միջամտությունը։ Իսկ այն, որ այս ամենն իրականություն է դառնալու մոտ ապագայում, մեզ ստիպում է մեկընդմիշտ վերարժեւորել տարածական տվյալների հավաքագրման ու պլանավորման գործում մերկատարած ներդրումները. միջազգային փորձով ապացուցվել է, որ դա տասնապատիկ ավելի արդյունավետ է, քան «մոտավորապես» կամ «աչքաչափով» պլանավորումը։

Սարհատ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կադաստրի կոմիտեի ղեկավար,
ճարտարապետ-
քաղաքաշինարար

«Առավոտ» օրաթերթ
04.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30