Լրահոս
Օրվա լրահոսը

Պառակտման եւս մի առիթ

Սեպտեմբեր 04,2019 10:00

Եվ այսպես, Սահմանադրական դատարանը երեկ որոշում չընդունեց Քոչարյանի հարցով: Ենթադրում եմ, որ այսօր հրապարակվելիք որոշման տեքստն այնքան «խուճուճ» կլինի, որ առանց կես լիտրի չես կարողանա հասկանալ՝ ՍԴ-ն մերժո՞ւմ է Երկրորդ նախագահին, թե՞ աջակցում է նրան: Այդ իրավաբանական կազուիստիկան, կարծում եմ, թույլ կտա դատարաններին շարունակել գործի քննությունը, որի արդյունքները նույնպես կանխատեսելի են: Բայց երեկ ՍԴ շուրջը, ՍԴ ներսում եւ համացանցում քոչարյանականների եւ հակաքոչարյանականների «բանավեճն» ինձ համար ավելի հետաքրքիր էր եւ կարեւոր, քան բուն քննվող գործը:

Խնդիրն, ինձ թվում է, ոչ այնքան Քոչարյանի նստել-չնստելու մեջ է, որքան այն, որ այս գործը, ինչպես եւ բազմաթիվ այլ երեւույթներ, դարձավ հասարակությունը պառակտելու առիթ: Ինչպես Ամուլսարը, ինչպես Ստամբուլյան կոնվենցիան, ինչպես քաղաքական ցանկացած հնչեղ ելույթ: Թվում է, թե ինչ մի արտառոց բան կա նրանում, որ արցախյան գեներալ Վիտալի Բալասանյանն ինչ-որ հարցով իր կարծիքն է հայտնել՝ արդյոք հայ ժողովրդի հետագա ճակատագիրը կախված է նրանից, թե ինչ է նա մտածում Հայաստանի վարչապետի մասին: Նորմալ է, որ կան մարդիկ, որոնք Բալասանյանի հետ համաձայն են, իսկ մեծ մասը (տվյալ դեպքում՝ նաեւ ես) համաձայն չէ: Խնդիր է առաջանում, երբ այդ կարծիքի առիթով բռնկվում է լեզվակռիվ «նիկոլապաշտների» եւ «հականիկոլականների» միջեւ, որտեղ երկու կողմերը ցանկանում են իրար պարզապես լռեցնել, եւ որքան մեծ է այդ ցանկությունը, այնքան թեժանում է նրանց միջեւ անզիջում պայքարը:

Ընդհանրապես, այսօր հասարակական կյանքում ակտիվ են նրանք, ովքեր պաշտամունքի առարկա են դարձրել 1/ Տեր-Պետրոսյանին, 2/ Քոչարյանին, 3/ Փաշինյանին (առաջին եւ երրորդ կատեգորիաները հաճախ համընկնում են): Կամ, եթե «բացասական կողմից» մոտենանք, նրանք, ովքեր ատելության առարկա են դարձրել 1/ Տեր-Պետրոսյանին, 2/ Քոչարյանին, 3/ Սերժ Սարգսյանին, 4/ Փաշինյանին: Այդ չափանիշով դասվածների միջեւ հնարավոր են տարբեր կոմբինացիաներ, այդ թվում՝ առաջին չափանիշի հետ փոխկապակցված: Մնացած մարդկանց ձայները չեն լսվում, դրանք լռեցվում են հիմնական կռապաշտ զանգվածի կողմից, եւ այստեղ բոլոր ադեպտներն ու ատողները դրսեւորում են նախանձելի միասնություն:

Մինչդեռ միասնությունը պետք է դրսեւորվի բոլորովին այլ հարցերում, որոնք կապված են պետական գեներացված շահի հետ: Այդպես, օրինակ, Միացյալ նահանգներում որոշ սկզբունքային խնդիրներում միասնական են Թրամփի կողմնակիցներն ու հակառակորդները, «սպիտակներն» եւ «սեւերը», տարբեր քաղաքական հայացքների կրողներ, տարբեր կրոնական համայնքների ներկայացուցիչներ: Նրանք ամենասկզբունքային հարցերում կարող են վեր կանգնել տարաձայնություններից եւ հպարտությամբ ասել՝ «մենք ամերիկացինե՛ր ենք»: Իսկ մենք կարո՞ղ ենք նույնկերպ ասել՝ «մենք հայեր ենք»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Հինդուիզմում, ինչպես հայտնի է, կովը սուրբ կենդանի է, որը Հնդկաստանում, Նեպալում և այլ, այդ դավանանքը կրող երկրներում, կարող է անել ծանկացած բան։ Կարող է ժամերով խցանել երթևեկությունը, անշարժ կանգնելով ճանապարհի մեջտեղում, սակայն դրա համար նրան ոչինչ չի լինի։ Մեր, այսպես կոչված, Սահմանադրական Դատարանը, այսօր նույն կարգավիճակում է։ Այսօր նա որոշում է կայացնելու մի գործով, որի իրավունքը չունի անաչառության սկզբունքից ելնելով, սակայն նա վարում է, խախտելով այն Սահմանադրությունը, որի պաշտպանը պետք է լինի ըստ սահմանման։ Եվ այստեղ կարևոր չէ, թե դա ինչ գործ է, թեպետև շատ սիմվոլիկ է, որ դա Քոչարյանի գործն է։ Նրանք սուրբ են, ինչպես Հնդկաստանի կովերը և այդ իսկ պատճառով, ցինիզմով զինված, շարունակում են իրենց «առաքելությունը»։ Այլ հարց է, որ նրանք ստանում են իրենց, Հայաստանի համար, շոշափելի գումարները ժողովրդի աշխատանքի արդյունքում և պարտավոր են հաշվետու լինել և ծառայել այդ ժողովրդի շահերին։ Նրանք երբև է դրա մասին չեն էլ մտածել։ Ժողովուրդը ո՞վ է։ Վերադառնալով Հնդկաստանի կովերին, նշենք, որ նրանց սուրբ լինելու բացատրությունը պայմանավորված է նրանով, որ երկնային կյանքին արժանանալու համար անհրածեշտ է լողալով անցնել գետը։ Իսկ դա, հնարավոր է անել, միայն կովի պոչը բռնելով։ Հետաքրքիր է, ու՞ր կհասնենք մենք մեր կովի, pardon, Սահմանադրական Դատարանի պոչը բռնելով։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30