Հարցազրույց գրող, հրապարակախոս, լրագրող եւ բնախույզ Սուրեն Հայրապետյանի՝ Սուրայրի հետ:
– Հաճախակի եք լինում Սեւանի ափերին: Ի՞նչն է հատկապես ձեզ ձգում դեպի Սեւան:
– Սեւանի ափերին դեռ պատանեկան տարիներից եմ եղել, բայց իմ նպատակային այցելություններն այն ժամանակներից են, երբ բնասեր օգնականներիս հետ հետիոտն արշավներ էի կազմակերպում Սեւանի ավազանի բնաշխարհն ուսումնասիրելու համար: Նշումներ էի կատարում, որոնք հետագայում հիմք դարձան արկածային անտիպ վիպակիս համար: Այդ ժամանակից անցել է 54 տարի, եւ հիմա էլ նույն երիտասարդական ավյունով շարունակում եմ արշավներս՝ միայնակ, ոչ թե նրա համար, որ համախոհներ չունեմ, պարզապես սիրում եմ մեն-մենակ շփվել մայր բնության հետ: Երբեմն հարց են տալիս՝ չե՞ք վախենում այդ կարգի ճամփորդություններից, բա որ մի գել-գազան ձեր դիմաց հայտնվի… պատասխանում եմ. «Ինչո՞ւ պիտի վախենամ, երբ ճանաչում եմ մայր բնությունը եւ ինձ նրա զավակն եմ համարում»:
– Բնության զավակ Սուրայր, ինչպե՞ս եք ձեզ զգում ձեր անլեզու բարեկամների շրջապատում:
– Հրաշալի: Այստեղ մենք իրար լավ ենք հասկանում. չենք նախանձում, վնասում, չենք խաթարում բնության անդորրը: Որեւէ մեկին մեղադրելուց առաջ, յուրաքանչյուր ոք պետք է նախեւառաջ մեղադրի ինքն իրեն՝ շրջապատում տեղի ունեցող ավերվածությունների համար, քանզի ամենամեծ հանցանքն անտարբերությունն է: Մեր անտարբերությամբ ավելացնում ենք չարը, չարիքը:
– Վերջերս ավելի հաճախակի եք այցելում Սեւան, ինչո՞վ բացատրել:
– Սերտ կապերի մեջ եմ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոլոգիայի գիտական կենտրոնի աշխատակիցների հետ: Քաջածանոթ լինելով իմ բնապահպանական գրքերին, նրանք խորհուրդ տվեցին հատկապես ուշադրությունս բեւեռել Սեւանի ավազանի բնաշխարհին վերաբերող հարցերի վրա: Հարկ եղած դեպքում իրենք էլ իրենց նյութերով կօգնեն: Մեր լեռնային գեղեցկուհին մշտապես հոգածության կարիք է զգում: Մարդ արարածը անողոքաբար ոչ միայն աղճատում է Սեւանի դիմագիծը, այլեւ խաթարում է նրա բնականոն շնչառությունը, խախտում բնության հաշվեկշիռը: Բնությունը խորհուրդ է տալիս՝ մարդ Աստծո, օգտվիր ինձնից, բայց ինձ մի՛ կողոպտիր, քանզի դրանով դու ինքդ քեզ ու գալիք սերունդներին ես կողոպտում: Հնարավորություն տուր իրենց՝ վայելել ինձնից բխող բերկրանքը… Նպատակս է ապագա գրքումս գիտական հիմքի վրա եւ գեղարվեստորեն ներկայացնել մեր անզուգական Սեւանը, նրա ափամերձ բնաշխարհի ճշմարիտ պատկերը: Սեւանի հետ երկխոսելիս վերհիշում եմ երիտասարդ օրերս, համեմատում հինը նորի հետ, երբեմն ուրախանում, երբեմն էլ՝ տխրում:
– Տարբերություն տեսնո՞ւմ եք նախկինի եւ ներկայի միջեւ:
– Իհարկե, Սեւանն այն ժամանակ այսպիսի փշատերեւների բազմություն չուներ: Թե թերակղզում եւ թե լճափերին սոճու, փշարմավի անտառակներ են, որոնցում կարելի է տեսնել բազմապիսի թռչնատեսակներ, էլ չեմ ասում որորների մասին, որոնց մեջ իրենց տարբերիչ նշաններով աչքի են ընկնում հայկականները: Վերջին տարիներին նկատել եմ. ափամերձ կղզյակներում, ափերին շատացել են մեծ ու փոքր սուզակները, ձկնկուլները, ջրածիծառները, սեւ փարփարները… Քաջահավերի երամներն են այստեղ բնադրում ու սերունդ տալիս: Կարելի է տեսնել նաեւ սիրունատես ոտնացուպիկների, սպիտակ խաղտտմիկներն էլ սովորական ուղեկիցներս են:
– Ճահճացման վտանգի մասին ի՞նչ կարող ել ասել:
– Մտահոգիչ հիմնահարց է: Թեեւ Սեւանն ինքնամաքրվելու կարողություն ունի, սակայն երբեմն կարծես թե հեւասպառ է լինում իր զուլալ ջրերն ապականող հազար ու մի թափոններից: Մամռակալման պատճառների մասին, ինչպես գիտեք, խոսում ու պարզաբանում են մեր բնապահպանները:
– Ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել մեր լեռնաշխարհը:
– Մշտապես հմայիչ, ձգողական, հիրավի դրախտային: Երկիրը, ուր ե՛ւ դրախտածառ կա, ե՛ւ դրախտապան անունով թռչուն, ինչպե՞ս կարող է չգերել բնասեր ու բնապաշտ մարդկանց, որոնք երկրագնդի տարբեր զուգահեռականներից Հայաստան աշխարհ են գալիս մեր սար ու ձորով, անգամ մեր բնության անձեռակերտ հուշարձաններով զմայլվելու, մեր հայոց հողի հզոր էներգիայով լիցքավորվելու համար: Եվ ցավ ես ապրում, երբ աղճատված է լինում բնության գողտրիկ մի անկյուն, մի անզուգական լանդշաֆտ, որի վրա բնության մեծ ու փոքր որքա՜ն ներկայացուցիչներ են իրենց ներկայությամբ շրջակա միջավայրը շնչավորում…
Զրուցեց Գուրգեն ԼՈՌԵՑԻՆ
«Առավոտ» օրաթերթ
03.09.2019