Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրենքով գողի» հանդիպումն ընթերցողի հետ հետաձգվեց

Սեպտեմբեր 04,2019 13:30

Մինչ ՀՀ կառավարության նիստում կհաստատվեր Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխությունների նախագծի փաթեթը, այն է՝ «Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց՝ օրենքով գողերին», «Զոն նայողներին», քրեական ենթամշակույթի կրողներին քրեական պատասխանատվության ենթարկելու, այս ենթամշակույթի մարդկանց բանտ ուղարկելու մասին, մի քանի գրքերի հեղինակ, հրապարակագիր, լրագրող Մելանյա Պետրոսյանցն իր «Օրենքով գողը» գրքի շնորհանդեսը հետաձգեց: Այն պետք է տեղի ունենար սեպտեմբերի 16-ին:

«Ինչո՞ւ հետաձգեցիք Ձեր չորրորդ գրքի շնորհանդեսը» հարցով էլ սկսվեց մեր զրույցը հեղինակի հետ:

Մ. Պետրոսյանցն ասաց, որ սպասել էր այդ օրվան, քանի որ շնորհանդեսին հրավիրել էր հեղինակությունների, ինչպես՝ գրական աշխարհի, այնպես էլ՝ քրեական աշխարհի:

«Երբ գրքի վրա սկսեցի աշխատել, ես անգամ «փոքր» գողի չէի ճանաչում: Հանդիպել եմ մարդկանց հետ, ովքեր լավ գիտեին այդ աշխարհը, լավ գիտեին այդ աշխարհի կանոնները, «չգրված» օրենքները: Անշուշտ, եղան հիասթափություններ էլ: Հաճախ հանդիպածս կերպարն այնքան էլ «օրենքով» չէր, եւ գրքիս ենթավերնագիրը՝ «Վերջին մոհիկանը» պատահական չընտրեցի»,- ասում է զրուցակիցս՝ մեջբերելով գրքի իր այս հատվածը .«Գնաց Արտյոմը, հանցագործ աշխարհի վերջին մոհիկանը, վերջին ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԸ։ Բայց ոչ, ոչ, նա գող չէր, նա բարձր արժանիքների տեր մարդ էր, իսկ ԳՈՂ բառը, մեր հասկացողությամբ բոլորովին այլ իմաստ ունի։ Նա մարդ էր, որը տիրող իրականության, սոցիալական ու քաղաքական անարդարությունների հետ չհաշտվելով, մտավ գողերի հանցավոր աշխարհը, հույս ունենալով այնտեղ գտնել, կյանքի կոչել ՃԻՇՏԸ, ինչը ցավոք, այնտեղ էլ չգտավ։ Հասարակական դրվածքը ինքն է Արտյոմի նմաններին ուղղորդում դեպի այդ աշխարհ։ Եվ նա միակը չէր, որին այդ «ՃԻՇՏԸ» տարավ։ Օրենքով գողերի մեծ մասը ԱՐՏՅՈՄՆԵՐ են։ Արտյոմով ավարտվեց ճիշտ օրենքով գողերի թագավորությունը»:

Գիրքը լույս էր տեսել 300 օրինակով եւ այն հովանավորել էր գլենդելաբնակ Նունե Ավետիսյանը:

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անժելա Քալոյանը (վերջերս սպանվել է իր հիվանդ որդու հարվածից-Ռ.Մ.) գրքի առաջաբանում գրել էր. «Մ. Պետրոսյանցի այս վիպակն այն սակավաթիվ գեղարվեստական գործերից է, որը նվիրված է բռնատիրական ռեժիմի պայմաններում ընդվզող ուժեղ անհատների՝ Օրենքով գողերի կյանքին: Վիպակի մասերից յուրաքանչյուրն ունի գեղարվեստական առաջադրույթ՝ ըստ գլխավոր հերոսի հոգեբանական լինելության ընթացքի: Դեպքերի մասին ընթերցողը տեղեկանում է ոստիկանական գնդապետի գրառումներից: Կերպարների զուգահեռականությունը գեղարվեստական մի պայմանականությամբ է իմաստավորված, ինչը հնարավորություն է տվել բացահայտելու երեւույթն իր սոցիալ-հոգեբականական ու փիլիսոփայական ամբողջության մեջ»:

Մ. Պետրոսյանցի հերոսները մանկության ընկերներ են. մեկը՝ ոստիկանության գնդապետ, մյուսն՝ օրենքով գող, որի սպանության բացահայտումը ճակատագրի կամոք տրվել էր ոստիկան դարձած ընկերոջը:

«Իրականում օրենքով գողերը նրանք են, ովքեր թալանել են շեն երկիրը, մսխել երկրի հարստությունը՝ ունենալով պաշտոն, իշխանություն, իմ «օրենքով տղաները» սոցիալական արարդարության դեմ կանգնողներն են եղել, հավասարություն, արդարություն հաստատողները: Իմ տղաները Արցախի ազտամարտին ձեռք մեկնողներն են եղել, իրենց կապերով, իրենց ազդեցություններով: Եկեք չուրանանք»,-ասում է Մ. Պետրոսյանցը:

Չնայած զրուցակիցս ասում է հերոսները նախատիպեր չունեն, սակայն այս գրքում պատկերված «սխոդկանները» իրական են, եւ մի քանիսը հաստատապես գիտեն, թե որ ժամին, երբ, որտեղ են դրանք տեղի ունեցել:

«Օրենքով գողերին ու քրեական հեղինակություններին «ճիշտ» լուծումների համար ոչ ոք այլեւս ստիպված չի լինի դիմել միայն այն ժամանակ, երբ երկրի արդարադատությունն ու իրավական համակարգը կգործի կատարյալ, արդար ու ճիշտ լուծումներ կտա յուրաքանչյուր հարցի, երբ կբացառվի կաշառքի, ծանոթության շնորհիվ որոշումներ կայացնելը, երբ իրավական համակարգը իրավացիորեն կվայելի քաղաքացու վստահությունը: Մնում է, որ Հայաստանը, մեր կառավարությունը, իրավական համակարգը իրոք գործնականորեն հասնեն դրան, չբավարարվեն միայն օրենք ընդունելով»,- ասում է Մ.Պետրոսյանցն, որն, ի դեպ, այս նույնը գրել էր նորանշանակ արդարադատության նախարարի ՖԲ էջին:

Բացի վիպակից գրքում երեք պատմվածք էլ կա՝ «Վերադարձ», «Ծեր գողն ու սերը», «Մի բժշկի պատմություն»:

Մելանյա Պետրոսյանցը մինչ այս գիրքը գրել էր «Հատուկ գունդ», «Ազնիվը» փաստավավերագրական գրքերը: «Ազնիվի» հերոսուհու պատմությունը ներկայացվեց տարիներ առաջ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում շնորհանդեսի ժամանակ:

«Ոչ մեկը գող չի ծնվում, հանցագործ, օրենքով գող, որովհետեւ դաժան է»,- ասում է հեղինակը: Իսկ գրքի վերջաբանում հեղինակը գրում է հերոսի անունից. «Եվ ինձ մի հարց է հետաքրքրում, որի վերջնական պատասխանը չունեմ. արդյո՞ք մարդը ծնվում է՝ տիեզերքից արդեն որոշված ճակատագրով, իր կյանքի ուղին որոշված: …Համոզվել եմ, որ կյանքում պատահականություններ չեն լինում»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի

Հ.Գ.-Հուսամ զրույցս չի դիտվի որպես քրեական ենթամշակույթի փառաբանում, եւ ինձ նույնպես չի սպառնա բանտը:

«Առավոտ» օրաթերթ
03.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30