Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես էլեկտրիկն եմ, դու էլ բուսաբան ես դարձել»․ Գյումրու հրապարակի եղևնիները՝ վեճի թեմա

Սեպտեմբեր 03,2019 23:15

Գյումրու քաղաքապետարանի դահլիճում այսօր տեղի ունեցավ կենտրոնական Վարդանանց հրապարակից թվով 8 եղևնիները տեղահանելու ու դրանք «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում վերատնկելու թեմայով հանրային լսումը։

Քննարկմանը մասնակցելու էին եկել  քաղաքի ճանաչված մտավորականները։  Այն բավական թեժ ընթացավ, նույնիսկ մի պահ լարվեց,  երբ «Բիոսոֆիա» բնապահպանական կառույցի ղեկավար Գևորգ Պետրոսյանը մասնագիտական դիտարկումներ ներկայացրեց, որոնց փորձեց հակադարձել քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի կանաչապատման գծով բրիգադիր Ազատ Խաչատրյանը։ Եղևնիների տեղահանման շուրջ հնչող կարծիքները խիստ հակասական էին։

Թե ինչո՞ւ է Գյումրու քաղաքապետարանը ցանկանում հրապարակից հեռացնել եղևնիները, կանաչապատման գծով բրիգադիր Ազատ Խաչատրյանը պարզաբանեց, որ եկեղեցու հարևանությամբ գտնվող 8 ծառերը երկրաշարժից հետո անմխիթար վիճակում են․ փոխվել  է գույնը, տեսքից ընկել են, փշատերևների մի մասը չկա, չկան նաև գագաթները, մեքենաներ են աշխատել հրապարակում՝ կտրելով կողքի ճյուղերը, ծառերը գտնվում են  Գյումրի գետակի թունելի վրա։ Ըստ բանախոսի, ծառերի արմատները սնվում են ջրերից, իսկ Գյումրի գետակը, որն աղտոտված է, լինելով արմատների սնման աղբյուր՝ հնարավոր է դառնա փլուզման պատճառ, կամ արմատները կարող են խցանվել, իսկ դրանք մաքրելը շատ դժվար կլինի։

Քաղաքապետարանի աշխատակիցը շեշտեց, որ 10-12 տարի առաջ, երբ քննարկում էին այս նույն թեման, ինքը դեմ էր ծառերի տեղահանմանը, իսկ հիմա կողմ  է, քանի որ Երևանի քաղաքապետը խոստացել է հատուկ տեխնիկա տրամադրել,  որը կարող է արմատներն առանց վնասելու հողից հանել։

«Մենք երկու տարի առաջ «Նորմա Թերզյանից» դիմում ստացանք, որ այդ ծառերը կողաշրջվել են, քանի որ փշատերև ծառերը կտրելու իրավունք չունենք, այդպես էլ թողել ենք։ Եթե մի անգամ էլ  ուժգին քամի լինի, մենք կունենանք մարդկային զոհեր։ Իսկ ծառերը, «Մայր Հայաստան» տեղափոխելով, իմ կարծիքով՝ շատ լավ կլինի, լավ խնամք կտարվի»,-ասաց Ազատ Խաչատրյանը։

Բնապահպանական «Բիոսոֆիա» ՀԿ նախագահ Գևորգ Պետրոսյանը, որը գրավոր պարզաբանում էր պահանջել քաղաքապետարանից, ասաց․ «Հանրային քննարկման մասին հայտարարություն տալուց պիտի հիմնավորեք՝ ինչո՞ւ եք հարցը դրել հանրային քննարկման։ Ոչ թե ինչ-որ մեկի՝ քաղաքապետի կամ ավագանու անդամի ճաշակով պիտի հանրային  քննարկման հարց դրվի, այլ հիմնավորմամբ։ Ձեր ներկայացրած հիմնավորումներն օբյեկտիվ չեն։ Իմանալով եղևնիների արմատային համակարգի կառուցվածքը՝ պարոն Խաչատրյանը նման հիմնավորում չպիտի ներկայացներ, որովհետև եղևնիներն ունեն դեպի խորանիստ, ուղղահայաց իջնող արմատային համակարգ ու մակերեսային արմատներ, որոնք չեն կարող լինել խցանման պատճառ։ Տեսքի հետ կապված, արդեն 20 տարի, քանի որ ձեր իշխանությունը Գյումրիում եղել  է 8-10 տարի,այդ տարիների ընթացքում եղևնիների խնամք չի եղել ու դուք ասում եք վատ է։ Չհաշված այս վերջին տարիներին քանի անգամ եղևնիների արմատային համակարգը վնասելով՝  շինարարություն է արվել, երկրորդը՝  իրականացվել է  էլեկտրական կաբելի անցկացում, էլեկտրական հոսանքի կաբելը հենց եղևնիների արմատների վրայով է անցկացվել»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։ Վերջինս ասաց, որ այսօր ճաշակի հարց են քննարկման դրել՝  եղևնիները սիրո՞ւն են, թե՞ գեշ, մինչդեռ ճաշակի հարցերը հանրային քննարկման չեն դնում։

«Էդ հատվածում ուզում եք ասֆալտ փոխել, հիմա նորից այս հարցն արդիական է դարձել, չեմ հասկանում՝ քաղաքապետարանը էլ ուրիշ բան, գործ չունի՞,  էդ 8 եղևնիներն են հա՞ մեր քաղաքը տեսքից գցողը»,-ասաց Գևորգ Պետրոսյանը։

Փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, որը վարում էր քննարկումը, հակադարձեց ՝ «Քաղաքապետարանը շատ բան ու գործ ունի, դուք էլ օգնեք, ոչ թե քննադատեք»։

Գևորգ Պետրոսյանը շարունակեց․ «Պարոն Սանոյան ջան, դուք ծախսում եք մեր փողը, պարտավոր եք այդ փողը ծախսելու համար հարցնել մեզ ու նաև մեր ճաշակով ծախսել»։ Ռուբեն Սանոյանը հակադարձեց․ «Մենակ դու չես հարկ մուծում, ես էլ եմ մուծում, իմ սիրտս էլ ցավում, ինչո՞ւ եք մեզ առանձնացրել,  մի կողմ դրել, մեր փողը․․․ Մեր բոլորինն ասեք»։

Այնուհետ վիճաբանություն սկսվեց քաղաքապետարանի աշխատակից Ազատ Խաչատրյանի ու բնապահպանական կառույցի ղեկավար Գևորգ Պետրոսյանի միջև։ Գևորգ Պետրոսյանը քննադատեց քաղաքապետարանին եղևնիները չխնամելու համար։ «Դուք ասում եք ծառերն այստեղ չեն խնամվում, ամեն օր ծաղիկները ջրվում են, դուք խաբա՞ր եք»,- Գևորգ Պետրոսյանին ասաց Ազատ Խաչատրյանը։ Գևորգ Պետրոսյանն արձագանքեց․ «Ճիշտ է՝ ծաղիկները»։

Քաղաքապետարանի աշխատակիցը  բորբոքված շարունակեց․ «Եթե ծաղիկները ջրում, լխկեցնում ես, էդ ծառին ջուրը չի գնո՞ւմ, եղավ, որ դու քեզ հակասում ես»։

Բնապահպան Գևորգ Պետրոսյանը հունից ելավ․ «Պարոն Խաչատրյան, ձեր էդ էլեկտրիկի կրթությամբ․․․»։ «Ես էլեկտրիկն եմ, դու էլ բուսաբան ես դառել»,-ասաց Խաչատրյանը։

Եղևնիների արմատային համակարգի շուրջ նույնպես բանավիճեցին, Գևորգ Պետրոսյաննն ասաց․«Խնդրում եմ չջղայնացնել, թե չէ 20 տարիների ձեր կառավարման համակարգի տգիտությունը ջրի երես կհանեմ, թեև հազար անգամ հանել եմ»։

Ճարտարապետ Սերգեյ Կուրազյանն էլ  ասաց, որ եղևնիները սնվում են  ագրեսիվ,թթու ջրերով, քաղաքաշինական միջավայրը պահանջում է, որ հրապարակը լինի ամբողջական, իսկ եղևնիները կարծես երկու մասի են բաժանել հրապարակը՝ ցանկապատ հիշեցնելով։ Դրանք, ըստ ճարտարապետի, խոչընդոտում են զբոսաշրջիկներին «Ամենափրկիչ» եկեղեցին նկարելու։

«Ճաշակ բառը եկեք այստեղից հանենք, կա քաղաքաշինական խնդիր։  Եղևնիները իմ աչքին, զեղումը թող լիրիկական լինի, մի ժամանակ  կար՝ ծառերը կանգնած էին մահանում, հիմա սկսել են 1-2-3 մահանալ, թողնենք այդպես շարունակվի՞․․․ Իսկ մի քանի տարի հետո ի՞նչ կկատարվի, ոչ ոք չի կարող ասել, բայց չտա Աստված թունելը հանկարծ փլուզվի, աղետ կառաջանա քաղաքով մեկ ՝2-3 ծառի տեղափոխման խնդրով։

Մի ուրիշ հանգամանք, աշխարհում հանրահայտ, միջազգային մակարդակով եմ խոսում, Կապիոտլիումի հրապարակում՝ Իտալիայում ծառերը լիքն են, հա՞, Ձմեռային պալատը, էդ հրապարակում դուք  պատկերացնում եք ծառերն էդպես շարված լինեն։ Օրինակ՝ այստեղ ծառերով փակել ենք փայլուն մի շենք, մեկը հյուրանոցն է աջ ու ձախ, մեկը Քաջազնունու շենքն է՝ Առաջնորդարանի, Հանրապետության առաջին վարչապետի, փակելով գնում ենք, շենքներն ո՞ւմ ենք պետք, ծառերն են պետք», -ասաց ճարտարապետը։

Իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանն էլ ասաց․ «Ես հիշում եմ նախորդ իշխանության ներկայացուցիչներից մեկը, ով անընդհատ  այս ծառերի մասին ներկայացնում էր,  ասում էր՝ ես որ եղևնիներին նայում եմ, մրսում եմ։ Շատ  ուժեղ հիմնավորում էր գտել, թե ինչու այդ մրսեցնող ծառերը, ես ինչ գիտեմ, Հյուսիսի խորհրդանիշը, չպիտի լինեն այս հրապարակում։ Այս  ծառերը հրապարակի հուշարձաններից մեկն են, իմ ընկալումն այդպիսին է, և իրենց հարկավոր է հանգիստ թողնել, եթե կարող ենք օգնել ծառերին, եկեք օգնենք՝ սովորականից ավելի մեծ խնամքով՝ դենդրոլոգի մասնակցությամբ»։

Քանդակագործ Ալբերտ Վարդանյանն էլ կարծիք հայտնեց, թե  ժամանակին սխալ են թույլ տվել՝ ծառերն այդտեղ տնկելով․ չեն մտածել, որ այնքան կբարձրանան՝ շենքեր կփակեն։  Նա առաջարկեց միասին մտածել ու լուծում գտնել, քանի որ հրապարակն աղճատվել է երկու մասի։ Բացի այդ, ըստ նրա, եթե Գյումրի գետակը  վնասել է ծառերի արմատները, ապա եթե դրանք շուռ գան ու դառնան դժբախտության պատճառ, ո՞ւմ պիտի մեղավոր համարեն։

«Այդ ծառերը հանելու  ծառեր են այսօրվա վիճակով, եթե հինգ տարի հետո էդ ծառերը պիտի չորանան, ցախավել դառնան, ավելի լավ է էսօր հանենք»,-կարծիք հայտնեց քանդակագործը։

Գյումրու քաղաքապետ խորհրդական Հասմիկ Կիրակոսյանն էլ ներկաներին հարցրեց․ «Մի հարց եմ ուզում տալ  նրանց, ովքեր այդպես բորբոքվում են․ ո՞րն է քաղաքապետարանի շահը, որ նման առաջարկություն է անում, ո՞ր մեկս չենք ուզում ունենալ աշխարհի ամենասիրուն հրապարակը։ Ժողովուրդ, ման եկեք ամբողջ աշխարհով մեկ և հազվագյուտ քաղաքներ կգտնենք, որտեղ կենտրոնական հրապարակն աջ և ահյակ եկեղեցիներն են և մեջտեղը ռատուշան, այսինքն՝ քաղաքապետարանը։ Այդպիսի հրապարակներ շատ քիչ կան, եկեք օգտվեք մեր քաղաքի յուրահատուկ գեղեցկությունից»։

Տիկին Կիրակոսյանը կարծիք հայտնեց, որ եղևնիները պիտի տեղահանվեն, պիտի բացվի Ամենափրկիչ եկեղեցու դեմքը։ «Ինչո՞ւ եք կպել այդ լենինյան եղևնիներին, մենք եղևնիները Կրեմլից ենք հիշում, Կրեմլի եղևնիներն անընդհատ փոխում են, չեն թողնում  նրանք բարձրանան։  Դրա համար նրանց գույնը միշտ կանաչ է, դալար է», -ասաց Հասմիկ Կիրակոսյան։ Նա ասաց, որ եղևնիները կարելի է փոխարինել  կարճ, դեկորատիվ ծառերով։

Հարցը օրակարգից դուրս եկավ, քանի որ կարծիքները հակասական էին։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30