Մեծ հորեղբայրս մեր տոհմի ավագն էր ու համարվում էր ազգի կրթված առաջնորդը։ Սովորել էր դեռևս խորհրդային տարիներին Բաքվի պարտիական դպրոցում և մշտապես բարձր պաշտոններ զբաղեցրել։ Հայրս և իր երեք եղբայրները կորցրել էին իրենց հորը դեռ վաղ տարիքում։ Պապս, ում ես տատիկիս տան սերվանտին դրված դժգույն դիմանկարով եմ միայն տեսել, երկրորդ աշխարհամարտի մասնակից է եղել։ Պատերազմից տուն է դարձել ու ամուսնացրել էին նրան իմ հիշողություններում փոքրամարմին, գեղեցիկ, փարթամ հյուսերով, ժպտադեմ տատիս հետ։ Սակայն ամուսնական կյանքը կարճատև է եղել, ծանր հիվանդությունը պապիկիս գամել է անկողնուն: Ու երբ հայրս ու եղբայրները տակավին երիտասարդ են եղել, մահվան մահճի շուրջ հավաքելով չորս որդիներին և միակ դստերը, վերջին պատգամները հղելով՝ երիտասարդ տարիքում իր մահկանացուն է կնքել լճացման տարիներին հրատարակվող տեղական թերթերի գլխադիրներում մշտապես փառաբանվող, բարձր առաջադիմությամբ աչքի ընկնող անասնապահական ֆերմայի վարիչ, համակրելի արտաքինով պապս: Պատերազմական տարիների սովն ու զրկանքները ճաշակած իմ սիրելի տատիկն այրիացել է դեռ քառասունը չբոլորած, բայց քանի որ ինչպես ինքն էր սիրում կրկնել չորս՝ սարի պես հզոր, իգիթ տղա ուներ, նրանց նամուսը գետնովը չտալու համար այլևս չէր ամուսնացել:
Հոր մահից հետո լուրջ կեցվածքով իմ մեծ հորեղբայրը մշտապես ուշադիր էր իր գերդաստանի յուրաքանչյուր՝ մեծ ու փոքր անդամի հանդեպ։ Եթե մեկին պետք էր աշխատանքի տեղավորել, համալսարան ընդունել կամ բանակ ճանապարհել, հորեղբայրս պատվով էր անում դա բոլորի համար։ Հարգանք էր վայելում ամենուր, անձամբ ծանոթ էր այն ժամանակվա բարձրաստիճան պաշտոնյաների, բուհերի ռեկտորների, զորամիավորման հրամանատարների հետ։ Ու այդ փոխադարձ հարգանքի վրա հիմնված շփման հարթակում անփոխարինելի դեր ուներ հորեղբորս պահած բացառիկ անասնատեսակի՝ գոմՖշի մածունը։ Հորեղբորս հեզ ու խոնարհ կինը՝ կոկիկ հագնված, նոսր մազափունջը ծոծրակին խնամքով հավաքած, մշտապես գոմեշի մածուն էր պատրաստում էմալե փոքրիկ երկնագույն կաթսաների մեջ և բաժին հանում ինչպես պաշտոնական հյուրերին, այնպես էլ մի ողջ գերդաստանի։ Ես հիշում եմ այդ մածունի բացառիկ համը. սովորական մածունից պինդ էր ու անսովոր համեղ։ Բոլորը հաճույքով էին ուտում այն։ Եվ երբ հորեղբայրս ուզում էր որևէ մեկին առանձնահատուկ վերաբերմունքի արժանացնել՝ որպես հարգանքի հավաստիք անպայման մի գեղեցիկ փաթեթավորմամբ երկնագույն էմալե կաթսայով գոմշի մածուն էր ուղարկում։ Տարածաշրջանում միակ գոմեշատերը իմ մեծ հորեղբայրն էր։ Նա առանձնակի խնամքով էր պահում այդ սև ու անսովոր արտաքինով կենդանիներին, ողջ գոմը գոմեշներն էին զբաղեցնում, ու իմ պաշտոնյա հորեղբայրը երեկոյան ժամերին փողկապն ու կոստյումը փոխարինում էր նախրապանի հագուստով ու իր գոմեշների սև մարմինը հատուկ գործիքով մաքրում, հարդարում ու հիացմունքով դիտում։ Հիանում էին նաև համագյուղացիները ու համարում այդ՝ մի գոմ լիքը գոմեշը մի անհատնելի հարստություն տիրոջ համար։
Այդպես ապրում էինք՝ համախմբված ու պաշտպանված, տատիկիս ասած՝ սարի պես հզոր մեր հայրերով ու հորեղբայրներով։ Ապրում էինք պատերազմի ահասարսուռ վտանգը դամոկլյան սրի պես մեր գլխին կախված, հրետակոծությունների ժամանակ միասին պատսպարվելով, մի անհատակ պղնձե կաթսայի մեջ եփվող կարտոֆիլն ու գոմշի մածունն իրար մեջ բաժին հանելով։ Մենք սահմանապահ ամուր գերդաստան էինք ու ապրում էինք՝ մեզ հզոր ու անհաղթ կարծելով։
Բայց մի առավոտ վեր կացանք ու վատ լուր ստացանք. մեծ հորեղբորս անհատնելի հարստությունը չքացել էր… Անասնագողերը մի գիշերվա մեջ ողջ գոմը դատարկել էին, սև սաթի նման, մաքուր ու խնամված գոմեշներին գողացել։ Մեր գերդաստանը խեղճացավ, մի գիշերվա մեջ մեծ հորեղբայրս ծերացավ, դեմքին ակոսներ հայտնվեցին, հատուկենտ սև մազերը ճերմակեցին…
Կարդացեք նաև
Խառը ժամանակներ էին, անասնագողությունները հաճախակի էին դարձել, իսկ դրանց բացահայտմամբ զբաղվողները՝ անտարբեր, ու այդ գողությունը բացահայտելու հույսը ևս օրեցօր մարում էր։ Միակ ակնհայտը ոստիկանության վարժեցված շների հայտնաբերածն էր. գոմեշները տարել էին դեպի հայ-ադրբեջանական սահման….
Վարդինե ԻՍԱՀԱԿՅԱՆ