Լրահոս
Օրվա լրահոսը

Տղա երեխայի դաստիարակությամբ պետք է զբաղվի հիմնականում հա՞յրը. հոգեբաններն այդ կարծիքին չեն

Սեպտեմբեր 03,2019 23:00

«Միանշանակ ընդունելի չէ, որ եթե տղա երեխա է, նրա դաստիարակությամբ անպայման պետք է զբաղվի հայրը: Մի՞ թե մայրը լույս աշխարհ չի բերել այդ երեխային»,- Aravot.am-ի հետ զրույցում տարածված կարծիքը, թե հայրը պետք է դաստիարակի տղա երեխային անընդունելի համարեց հոգեբան Մարինե Մելոյանը:

«Մասնագիտությունը՝ մայրիկ» շարքի շրջանակում հոգեբանի հետ զրույցում փորձեցինք պարզել՝ ի՞նչ հոգեբանական մոտեցում պետք է ծնողը ցուցաբերի ընդհանրապես անկախ սեռից երեխա դաստիարակելու հարցում և հատկապես տղաների դաստիարակության հարցում ի՞նչ խորհուրդներ կտա հոգեբանը ծնողներին:

Մարինե Մելոյանը վստահեցրեց՝ առհասարակ երեխայի դաստիարակության գործում կարևոր է ծնողներից երկուսի դերը. «Ե′վ մայրն իր ազդեցությունն ունի երեխայի դաստիարակության հարցում, և′ հայրը: Բայց առավել տարածված կարծիք կա, որ եթե աղջիկ է, մայրն է  զբաղվում, եթե տղա՝ հայրը: Դա բխում է նրանից, որ երբ որդին մեծանում է, ավելի հասուն տարիքում հայր ու որդի դառնում են ավելի մտերիմ, ընկերներ, բայց դա չի նշանակում, որ տղա երեխան մոր հետ չի կարող մտերիմ լինել: Մյուս կողմից էլ տղա երեխան չպետք է մայրիկի ծոցում մեծանա»:

Հոգեբանն ասաց՝ ճիշտ չէ, երբ փոքրիկներին ծնողներն իրենց կողքին են քնեցնում, անգամ փոքր տարիքում երեխան պետք է առանձին մեծանա, բայց դաստիարակվի երկու ծնողի կողմից:

Մեր հարցին՝ երեխայի դաստիարակության հարցում առավել ռիսկային ո՞ր տարիքն է, որ պահանջվում է հատուկ վերաբերմունք, հոգեբանը պատասխանեց. «Միանշանակ դեռահասության տարիքն է, երբ երեխան փորձում է անկախանալ, առաջինն ընտանիքում ցույց տալ ծնողներին, որ ինքն ինքնուրույն է, շատ հարցեր կարող է  ինքնուրույն լուծել: Երեխայի մեջ պայքար է գնում. նա փորձում է ստիպել դիմացինին իրեն ընդունել այնպիսին, ինչպիսին կա: Այդ տարիքում երեխայի հետ անընդհատ պետք չէ վեճերի մեջ մտնել, այլ ընդունել ու լսել երեխային»:

Հոգեբանը ծնողներին նաև խորհուրդ տվեց, թե որ տարիքի երեխայի հետ ինչպես զբաղվել, ինչպես դաստիարակել. «Փոքր տարիքի երեխաներին, որոնք դեռ դպրոց չեն հաճախում, ավելի շատ պետք է խաղերի մեջ ընդգրկել, արդեն դպրոցահասակ երեխաներին՝ տարրական դասարանում սովորողներին, խաղը պետք է կազմակերպել դիդակտիկ նյութերով, որ այն ուսանելի լինի երեխաների համար: Իսկ առավել մեծ տարիքում աստիճանաբար քչացնում ենք խաղային մեթոդները և փորձում երեխայի հետ մի փոքր ավելի զգույշ լինել»:

Մեր հարցին՝ ի՞նչ անել, ինչպե՞ս երեխայի հետ հարաբերվել ավելի վաղ տարիքում, որ դեռահասության շրջանում առճակատում չլինի, հոգեբանը պատասխանեց. «Երեխայի հոգեբանական տրավմաները հասուն տարիքում հենց գալիս են դեռ վաղ շրջանից: Հետևաբար երեխայի հետ պետք է նուրբ վարվել փոքր հասակից, ընդունել, լսելի լինել երեխային, երբեք պետք չէ երեխայի հետ վերևից խոսել: Երբ մենք խոսում ենք երեխայի հետ, անհրաժեշտ է, որ մեր հասակները հավասար լինեն: Դա թույլ է տալիս, որ մենք երեխային ընկալելի լինենք և վարվենք հավասարը հավասարի հետ: Նա հասկանում է, որ մենք իրեն լսում, ընդունում ենք, կարևորում իր անձը, իսկ ավելի հասուն տարիքում մենք պետք է կարողանանք հասկանալ՝ դա շրջան է, որը պետք է երեխան հաղթահարի»:

Մեր հարցին՝ ճի՞շտ է արդյոք երեխայի հետ խոսել սոցիալական, ֆինանսական խնդիրների մասին, նրան ասել, որ ֆինանսապես հնարավոր չէ այս կամ այն իրը գնել և այլն, հոգեբանը պատասխանեց. «Հիմա շատ տարածված է, որ սոցիալական, ֆինանսական խնդիրները բավականին մեծ ազդեցություն են ունենում: Մեծահասակից շատ բան է կախված, գոնե պետք է փորձենք չխառնել մեր հոգեբանական կապը, սերտ միացումը երեխայի հետ և պատճառաբանենք, որ չկան ֆինանսական հնարավորություններ, դրա համար մեր նյարդերը տեղի են տալիս: Պարզապես լսելի լինենք երեխայի համար, նրան լուրջ վերաբերվենք, և ամեն ինչ իր տեղը կընկնի: Այդ ֆինանսական խնդիրներն առավել նկատվում են, երբ մենք փորձում ենք մեր երեխային համեմատել կողքի երեխայի հետ: Երբ մենք երեխային դիտարկենք որպես անձ, ընդունենք այնպիսին, ինչպիսին կա, երբեք չհամեմատենք, քանի որ նա իր ընդունակություններն ունի, մենք նման խնդիրների չենք բախվի: Միգուցե կողքինը ֆինանսական ավելի մեծ հնարավորություններ ունի և շատ բաների է հասնում, բայց չունի այն ջերմ, ընկերական մթնոլորտը, որը նրան տալիս է իր ընտանիքը: Հարաբերություններում դա շատ կարևոր է»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Մարինե Մելոյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30