Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե նույնիսկ Յուրա Իվանյանին պատժեն, նա մի տեսակ քավության նոխազ է դառնում». բնապահպան

Սեպտեմբեր 03,2019 18:21

Բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը քիչ հավանական է համարում, որ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը միայնակ գործեր քննության ընթացքում:

«Ես չգիտեմ՝ պարոն Իվանյանը քննչական կոմիտեի անունի՞ց է «էլարդին» մեմորանդում փորձել պատվիրել, որը բավականին բացասական փաստաթուղթ է, թե՞ կառավարությունից են այլ մարդիկ ասել մեմորանդում կազմենք եւ ներկայացնենք որպես մեղմիչ գործողությունների պլան: Ես հավատացած եմ, որ նման խոշոր ծրագրի դեպքում կառավարությունում կլինեին մարդիկ, որոնք ունեն համընդհանուր շահեր Լիդիանի հետ ու կարող էին կառավարել քննչական կոմիտեի գործողությունները: Այս պարագայում, ստացվում է, որ, եթե նույնիսկ պատժեն Յուրա Իվանյանին, նա մի տեսակ քավության նոխազ է դառնում, ճիշտ է պատասխանատվություն է կրում, որ փորձել է իր հարազատին փրկել, բայց միաժամանակ, չեմ կարծում, որ մենակ է գործում»,-Aravot.am-ին ասաց Թեհմինե Ենոքյանը:

Նա պայքարի ձեռքբերումներից մեկը համարում է քննչական խմբի ղեկավար Իվանյանի եւ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի ազգակցական կապի բացահայտումը: Իսկ թե այդ փաստով Իվանյանի նկատմամբ սկսված ծառայողական քննությունը որքանով կլինի արդյունավետ, եթե հենց քննչական կոմիտեում է ընթանում, Թեհմինե Ենոքյանը տարակուսանք ունի . «Մի մարմնում, որն արդեն իսկ կողմնակալ էր Ամուլսարի հարցի վերաբերյալ իր դիրքորոշումներում, դժվարանում եմ կարծիք հայտնել արդյունավետության մասին: Եթե նախորդ կառավարության ժամանակաշրջանում լիներ, կասեի՝ այդ քննությունը ձեւական բնույթ է կրելու, ինչ-որ ժամանակ անց կասեցվելու է, կոծկվելու է, բայց քանի որ ունենք նոր իրավիճակ, երբ նոր կառավարության ժամանակաշրջանում է ծառայողական քննություն իրականացվում, չգիտեմ՝ ինչ կարծիք հայտնել, միգուցե արդյունք լինի, միգուցե ոչ մի արդյունք էլ չլինի, եւ կրկնենք նախորդ կառավարության փորձը, արդյունքում էլ կունենանք, որ ոչինչ չբացահայտվեց: Բայց ակնհայտ է, որ մարդն իր բարեկամին ուղղակի փրկել է քրեական պատասխանատվությունից: Ընդհանրապես Իվանյանին պետք է հեռացնեին այդ գործի քննությունից, ինքը ցանկություն ունի այդ քրեական գործը պարզապես կարճել»:

Բնապահպանի խոսքով, վարչապետը, թեեւ վստահեցնում էր, որ հանքի շահագործմանը վերաբերող բոլոր փաստաթղթերին լավ ծանոթ է, կարդացել է, սակայն մի քանի օր անց փաստի առջեւ կանգնեց, երբ պարզվեց, որ հանքի շահագործման դեմ պայքարողները ռադիկալ, էմոցիոնալ մի քանի բնապահպան չեն եւ դրանից անակնկալի եկավ ու փորձեց հանրությանը համոզել, թե հանքի շահագործումն անվնաս է. «Իր թեզերն ամբողջությամբ հիմնել էր քննչական կոմիտեի կողմնակալ երեք նախադասության վրա, որը ոչ մի բացատրություն չուներ, չեմ կարող խախտել վարչապետի անմեղության կանխավարկածը ու ասել՝ նա իսկապե՞ս կարդացել է հանքի շահագործմանը վերաբերող փաստաթղթերը, ինչպես պնդում էր, թե՝ ոչ… բայց տեսակոնֆերանսի ժամանակ բավականին նոր հանգամանքներ են ի հայտ եկել, ստացվում է՝ Էլարդը ՇՄԱԳ-ում թերությունները նկատում է, բայց պարոն Իվանյանը այդ թերությունները չի նկատում»:

Արամայիս Գրիգորյանը հեռախոսն անջատեց, երբ տեղեկացավ՝ զանգահարողը լրագրող է, ու այլեւս չպատասխանեց մեր զանգերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30