Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսական գազի գինը մեզ ձեռնտու է». ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյան

Սեպտեմբեր 03,2019 17:57

«Հայաստանի համար կարևոր է գոնե ավտոճանապարհը կարգի բերել, որ այդ առանցքը մեզ համար ևս աշխատի։ Ինքը՝ Իրանը, բազմաթիվ հնարավորություններ ունի։ Մեր մեջ ասած, առանց Հայաստանի կարող է երկար տարիներ յոլա գնալ. եւ Եվրոպա կարող է դուրս գալ ու դուրս է գալիս, և Ռուսաստան»

Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ասաց, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ ենթակառուցվածքային կոմունիկացիաները բավարար զարգացվածության մակարդակում են: 2020 թվականին էլ նախատեսված է ավարտել երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, ինչի արդյունքում երկու երկրների միջեւ ենթադրվում է գազի եւ էլեկտրաէներգիայի փոխանակման ավելի մեծ ծավալ։

Դեսպանը խոսեց նաեւ իրանական գազի մասին: Հիշեց`վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԻԻՀ կատարած այցի ժամանակ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին «բաց» հայտարարեց, որ պատրաստ են ավելի շատ գազ առաքել ՀՀ: Դեսպանն ասում է` այդտեղ շատ նրբություններ կան, ինչի մասին ինքը պատգամավորներին կասի քննարկման փակ մասում: Սակայն, նա ասաց, որ գազի մասով մի գաղափար կա`թուրքմենական գազը Հայաստան գա`փոխանակման սխեմայով` swap-ի միջոցով:

«Ռուսական գազի գինը մեզ ձեռնտու է, իրանական գազը եթե կանխիկ վճարումով ստանանք, ավելի լավ պայմաններում մեզ երբեք չի առաջարկվել»,- հայտարարեց Արտաշես Թումանյանը:

Անդրադառնալով առեւտրաշրջանառությանը, դեսպանն ասաց`ԻԻՀ-ի հետ առեւտուրը քիչ է, բայց այնքան է, որքան պետք է: Նա ԵԱՏՄ-ն մեզ համար լրջագույն պատուհան է համարում, մանավանդ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման թվերը աճել են: Նա խնդիր չի համարում, որ ՀՀ-ից ԵԱՏՄ արտահանման առյուծի բաժինը ՌԴ-ին է ընկնում: Ասում է` ամենամեծ եւ գրավիչ շուկան ՌԴ-ն է. «Իրանի հետ հարաբերություններում ՌԴ-ի հետ մեր տնտեսական հարաբերություններն են հույս ներշնչում, որ Մեղրիի ազատ տնտեսական գոտին, երբ սկսեց աշխատել, լավ է լինելու»: Արտաշես Թումանյանը տեղեկացրեց, որ ՀՀ-ի եւ Իրանի միջեւ 862 ապրանքատեսակի համար արտոնյալ մաքսատուրք է սահմանված. 362 դեպի Իրան, մնացածը`հակառակը:

Ինչ վերաբերում է ավտոճանապարհներին ու երկաթուղուն, դեսպանը գերադասեց մանրամասներին անդրադառնալ փակ քննարկման ժամանակ, բայց մի ուշագրավ հայտարարություն արեց. «Նվազագույնը Հայաստանի համար կարևոր է գոնե ավտոճանապարհը կարգի բերել, որ այդ առանցքը մեզ համար ևս աշխատի։ Ինքը՝ Իրանը, բազմաթիվ հնարավորություններ ունի։ Մեր մեջ ասած, առանց Հայաստանի կարող է երկար տարիներ յոլա գնալ. եւ Եվրոպա կարող է դուրս գալ ու դուրս է գալիս, և Ռուսաստան»: Այս հարցում մրցակցության խնդիր էլ կա Ադրբեջանի հետ, քանի որ ֆինանսական կարողությունն օգտագործելով՝ ադրբեջանական կողմը փորձում է մեկուսացնել Հայաստանը։

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30