Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մայրը պնդում է՝ երեխաներին նախկին ամուսինը առևանգել է. հայրն ասում է՝ ուղղակի հետը բերել է Հայաստան

Սեպտեմբեր 03,2019 22:30

Երկու անչափահաս եղբայրներն իրենց մոր հետ արդեն 2 օր է, փակված են հոր ազգականի՝ Լենինգրադյան փողոցում գտնվող բնակարանի սենյակներից մեկում: Մանկահասակ երեխաները մայրական տատիկ-պապիկի հետ երեկ շփվում էին պատուհանից՝ ճաղերի արանքից: Մայրը պահանջում է իր երեխաների հետ պատշաճ տեսակցություն. սա դատարանի որոշումն է:

Հայրը մորը թույլ չի տալիս երեխաներին տանից դուրս տեսակցել, մտավախություն ունի, որ մայրը երեխաներին կարող է երկրից դուրս տանել: Նույն մտավախությունն ունի նաեւ մայրը՝ հայրը երեխաներին կտանի անհայտ ուղղությամբ, եւ ինքն այլեւս չի տեսնի նրանց:

Երեխաների ծնողներն այժմ ամուսնալուծության գործընթացում են, մինչ այդ նրանք ապրում էին Ֆրանսիայում, հետո, երբ որոշել են բաժանվել, մայրը՝ Վարսիկ Նազարյանը (օրիորդական ազգանունը՝ Դավիթյան) տեղափոխվել է Նորվեգիա, որտեղ բնակվում էր մինչ ամուսնությունը: Այդ ժամանակ Ֆրանսիայի դատարանը որոշել էր, որ երեխաների բնակության վայրը հոր բնակության վայրն է՝ Ֆրանսիան: Հայրը՝ Նարեկ Նազարյանը, ինչպես «Առավոտի» հետ զրույցում վստահեցնում է՝ երեխաների հետ շտապ Հայաստան է եկել ընտանեկան խնդիրների պատճառով, իսկ երեխաներին չէր կարող ուրիշի մոտ թողնել: Հայրը, սակայն, երեխաներին Հայաստան է բերել առանց մոր համաձայնության, մորը տեղյակ էլ չի պահել:

Ֆրանսիայի Ռոդեզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Վարսիկի հայցի հիման վրա, որոշում է կայացրել՝ երեխաներին անհապաղ վերադարձնել, որից հետո կսահմանվի երեխաների բնակության վայրը՝ մոր մոտ: Նույն որոշմամբ՝ երեխաների տեղափոխումը Ֆրանսիայից Հայաստան անօրինական է:

Մայրը՝ Վարսիկը, մեզ հետ զրույցում պատմում է՝ եկել է Հայաստան եւ մեկ ամիս չի կարողացել տեսնել երեխաներին, չէր գտնում նրանց: Մինչ այս, դիմել է Հայաստանի դատարան՝ երեխաների հետ տեսակցությունն ապահովելու համար: Դատարանը Վարսիկ Նազարյանի ներկայացուցիչների՝ Արա Ղազարյանի եւ Աշխեն Դաշյանի միջնորդությունը բավարարել է եւ որոշել. «Արգելել Նարեկ Նազարյանին՝ մինչեւ ՀՀ անօրինական տեղափոխված եւ ՀՀ-ում ապօրինի պահվող երեխաների վերադարձի վերաբերյալ սույն գործով վճռի օրինական ուժի մեջ մտնելը՝ փոխել երեխաների բնակության վայրը, այն է՝ Դավիթաշեն վարչական շրջան… (հասցեն չենք նշում անձնական տվյալների գաղտնիությունն ապահովելու համար- Ն.Բ.): Պատասխանողին արգելել խոչընդոտել երեխաների եւ Վարսիկ Նազարյանի տեսակցությանն առանց պատասխանողի ներկայության հայցվորի՝ ՀՀ-ում նախընտրած վայրում, մինչեւ սույն գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը»: Մինչ տեղական դատարանը կորոշի՝ փոքրիկները մնում են, թե՞ վերադառնում, նախկին ամուսիները չեն կարողանում «լեզու գտնել»:

Բայց տեղական իրավապահ մարմիններն էլ անհասկանալի վարքագիծ են դրսեւորում՝ կա դատարանի որոշում, սակայն ԴԱՀԿ-ն ու ոստիկանությունն այն, ինչպես Արա Ղազարյանն է ասում, ի կատար չեն ածում:

Վարսիկ Նազարյանը դժգոհություն է հայտնում տեղական իրավապահ մարմիններից. «Մի քանի անգամ ոստիկանությունում եմ եղել, շատ կոպիտ են նայել այս ամեն ինչին, մտածել են՝ է, հայրն է, չի կարող առեւանգել, ոնց ուզի՝ կարող է անել, ինչ արել է՝ լավ է արել: Իրենք չեն ընդունում, որ սա առեւանգում է՝ Ֆրանսիայի օրենքով: Մի ամիս երեխաներին էի փնտրում, ոստիկանները ոչինչ չեն անում: Մենք մոտավոր գիտեինք Լենինգրադյան փողոցի այս տան տեղը, մինչ այդ հոր Դավթաշենի տուն էինք գնում, փնտրում: Երեկվանից այստեղ ենք, երբ հայրս ուզել է ներս մտնի՝ երեխաներս գոռացել են՝ պապիկ, մեզ փրկի»:
Վարսիկը մեզ հետ զրույցում ասում է՝ Ֆրանսիայում ամուսնական կյանքի ընթացքում ամուսինը ժամանակ առ ժամանակ բռնություն է գործադրել իր նկատմամբ. «Դատական գործընթացներում այդ ամենը կա արձանագրված: Հիմա էլ այստեղ երեխաներին ստիպում է իր ուզածն ասեն՝ կամերան միացնում է ու ստիպում երեխաս իր ուզած բաները խոսի, ասենք՝ գնա՞ն, երեխաս վախենում է, լացելով ասում է՝ հա»:

Արա Ղազարյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է. «Խնդիրը համակարգային բնույթ ունի: Կա դատական ակտ, որը պետք է կատարվի, պատասխանողը՝ հայրը, չպետք է խոչընդոտի մորը՝ տեսակցելու երեխաներին իր ընտրած վայրում եւ առանց նախկին ամուսնու ներկայության: Մայրը երեխաներին չի տեսել եւ չի լսել փետրվար ամսից, հարուցվել է Հաագայի կոնվենցիայի վրա հատուկ հայցային վարույթ, այն ընթացքի մեջ է, եւ այդ դատական վարույթի հիման վրա միջանկյալ դատական ակտ է կայացվել: Մոտ 20 օր ակտը չէր կատարվում, հայրը խուսափում էր, հետո վերջին օրը պարզվեց, որ հայրը փոխել է երեխաների բնակության վայրը, գաղտնի բերել է այլ բնակարան»:

Ղազարյանը նկատում է՝ հայրը երեխաներին առանց մոր համաձայնության է բերել Հայաստան, այս հիմքով մայրը դիմել է Ֆրանսիայի դատարան, եւ արդեն Հաագայի՝ երեխայի միջազգային առեւանգման քաղաքացիական մոտեցումների մասին կոնվենցիայի (կոնվենցիան ՀՀ-ն վավերացրել է- Ն.Բ.) հիման վրա որոշվել է երեխաներին վերադարձնել մորը, որն էլ դիմել է Հայաստանին՝ այդ որոշումն իրականացնելու համար. «Նման վարույթները շատ առանձնահատուկ են, սրանք ընդհանուր հայցային վարույթներ չեն, այստեղ ժամանակը շատ արագ է հոսում, այսինքն՝ մի քանի օրում պետք է դատարանն արագ որոշում կայացնի: Այստեղ նաեւ երեխայի լավագույն շահն է: 10 օրն արդեն անցել է, դատարանն արդեն պետք է որոշում կայացներ, բայց ինչ-որ պատճառով հետաձգվում է: Հուլիսից մինչեւ այսօր մայրը երեխաներին չէր տեսել: Իսկ ԴԱՀԿ-ն ու ոստիկանությունը լուրջ ճգնաժամային իրավիճակում են, ասում են՝ մինչեւ հանցագործություն չլինի, ոչինչ չենք կարող անել: Ասում ենք՝ փակի տակ են երեխաներն ու մայրը, ասում են՝ մայրը կարող է գնալ: Բայց մոր՝ երեխաներից բաժանվելը հոգեկան ծանր ազդեցություն է թողնում: Մայրը 8 ամիս երեխաներին չի տեսել, ինչպե՞ս կարող է հեշտ գնալ»:
Ղազարյանը պնդում է՝ մայրը նախկին ամուսնու ազգականի բնակարանում հարկադրանքով է, որը սահմանել է հայրը, եւ դա երեխաների հետ տեսակցել չի կարող համարվել. «Նվաստացուցիչ պայմաններ են կնոջ համար»:

Վարսիկ Նազարյանի մյուս ներկայացուցիչ, փաստաբան Աշխեն Դաշյանն (լուսանկարում) էլ նկատում է՝ ԴԱՀԿ-ից պահանջում են կատարել դատական ակտը, բայց ԴԱՀԿ-ն չի ապահովում տեսակցություն, արձանագրում են, որ խախտում կա. «Ասում են՝ տույժ ենք կիրառում՝ 200 հազար դրամ տուգանք, սա 15 օր տեւում է, հետո նորից նույնը: 3-րդի դեպքում դառնում է քրգործ, բայց սա էլ է ձգձգվում: Իսկ մենք դատական ակտի կատարումը հասկանում ենք, որ պետք է մտնեն այդ բնակարան ու երեխաներին մոր հետ հանեն: Վերջ»:

Հոր մտավախության մասին, թե՝ մայրը երեխաներին կտանի Նորվեգիա, Դաշյանն ասում է. «Նման բան չի կարող լինել: Նախ հայրն է խախտել պայմանը, չի ապահովել, որ մայրն 8 ամիս տեսնի երեխաներն ու ձայնը լսի: Եվ հետո, արգելանք կա՝ երեխաները չեն կարող դուրս գալ երկրից, նրանք չեն կարող հատել սահմանը: Նրանց տվյալներն արդեն գրանցված են, որ իրավապահները թույլ չտան հատել սահմանը: Հիմա որեւէ մեկը չի կարող երեխաներին Հայաստանից դուրս տանել, մինչեւ մեր դատարանը որոշում կայացնի»:

Մեզ հետ զրույցում երեխաների հայրը՝ Նարեկ Նազարյանը, պնդում է՝ վստահ չէ, որ մայրը երեխաներին չի տանի Նորվեգիա, ասում է՝ եթե տանի՝ իր համար ծանր կլինի: Նարեկը վստահեցնում է. «Ես ապօրինի չեմ տեղափոխել իմ երեխաներին, եւ ոչ էլ ապօրինի եմ պահում, ես չեմ կարող լինել երեխաներիս առեւանգողը: Երբ եկել եմ Հայաստան, Ֆրանսիայում վճիռ են կայացրել, որով երեխաների խնամակալությունը տվել են ինձ: Մոր վրա դրված էր ալիմենտ, մայրը սեպտեմբերից մինչեւ հիմա 2 անգամ է երեխաներին տեսել, այն էլ՝ դատերի ժամանակ: Ինքը երեխաներին հանգիստ տեսնելու հնարավորություն ուներ, այն, ինչ ասում եմ, փաստաթղթերով կհիմնավորեմ: Ալիմենտ էլ պիտի վճարեր, չէր վճարում, չեմ էլ պահանջել: Եկել եմ Հայաստան, զանգել է, իմացել է, որ Հայաստանում եմ: 2-րդ օրը զանգել է, ուզել է խոսել, դրսում էի, խնդրել եմ քիչ հետո զանգի: Հաջորդ օրը գնացել է Ֆրանսիա, առավոտյան զանգել է, կարծեցի երեխաների հետ է ուզում խոսել, բայց ոստիկանն էր խոսում, ճշտում էին, թե երբ եմ վերադառնալու: Ինքը դիտավորյալ չի զանգել, որ ասի՝ կորած եմ: Ես բողոքարկելու եմ Ֆրանսիայի դատական ակտը, դատերին ներկա չեմ եղել, չեմ իմացել վճռի մասին, իմ փաստերը չեմ ներկայացրել»:Նարեկը պնդում է՝ ինքը չի փորձել թաքցնել երեխաներին. «Երեխաներին տամ, ումի՞ց ուզեմ: Ես հայրն եմ, հավասար իրավունքներ ունեմ, ուզում եմ համերաշխ լինի ամեն ինչ»: Նարեկը չի ընդունում նախկին կնոջ՝ բռնությունների մասին մեղադրանքը, ասում է. «Ֆրանսիան այն երկիրն է, եթե նման բան լիներ՝ ես ազատության մեջ չէի լինի: Դիմել էր ոստիկանություն, որ իրեն ծեծել եմ, ոստիկանությունը եկել էր, իրեն տարել էին հիվանդանոց, ոչ մի բռնության հետք չկար, մի ժամ հետո ինձ բաց են թողել»:

Մինչեւ մեծերը կորոշեն՝ ի վերջո երեխաներն ում հետ եւ որտեղ են ապրելու, երեխաներն այս ընթացքում անմասն չեն մնում հոգեբանական ծանր ազդեցությունից:

Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, ուշ երեկոյան դեռ ոստիկանական բաժանմունքում էին, որտեղ պետք է որոշվեր՝ երեխաներին աջակցման կացարա՞ն կտեղափոխեն, թե ծնողների համաձայնությամբ՝ կողմերից մեկի մոտ:

«Կանանց աջակցման կենտրոն»-ի մանկական հոգեբան Կարինե Խաչատուրյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է՝ անկախ նրանից, թե ում միջեւ է վեճը, եթե երեխաներն ականատես են լինում իրենց ամենամոտ մարդկանց՝ մամա-պապայի միջեւ նմանատիպ, գուցե՝ թշնամական հարաբերություններին, իրենք զոհ են: Հոգեբանը նկատում է՝ որքան էլ բարդ լինի ծնողների վիճակը, երեխաներն ամենախոցելին են, իրենք չունեն քննադատական մտածողություն, չունեն մտավոր զարգացման այն մակարդակը, որպեսզի կարողանան վերլուծել եւ որոշում կայացնել. «Իրենք տեսնում են իրենց համար ամենակարեւոր երկու մարդկանց, որոնք պիտի որ իրենց խնամեին, հոգ տանեին, բայց կարծես թշնամական հարաբերությունների մեջ են: Այս դեպքում ամենամեծ վտանգն այն է, որ երեխաների մոտ կարող է թշնամական վերաբերմունք ձեւավորվել աշխարհի նկատմամբ, իրենք տեսնում են, որ ծնողները, որոնք օրինակ պիտի լինեին իրենց համար՝ վարքի, ապրելակերպի առումով, հակառակն են անում՝ նմանատիպ իրավիճակ են տեսնում՝ սովորում են չվստահել մարդկանց: Նրանք կարող է խնդիր ունենան մարդկային հարաբերություններ ձեւավորելու, ընկերներ ձեռքբերելու հարցում: Այս պահին էլ չդրսեւորվի, հետագայում հաստատ հետք կթողնի»:

Խաչատուրյանը նշում է՝ միայն եթե երեխաներին հոգեբանական համապատասխան աջակցություն է ցուցաբերվում, այդ դեպքում գուցե հնարավոր լինի մեղմացնել վիճակը, եթե ոչ՝ հետեւանքներ կլինեն:

Հոգեբանն իր գործունեությունից ելնելով՝ ասում է՝ մեր երկրում նման դեպքերը շատ տարածված են. «Ես որքան աշխատել եմ, տեսել եմ՝ հաշվի չի առնվել երեխայի լավագույն շահը, մինչդեռ այստեղ պետք է չեզոք մասնագետ, որը միայն երեխայի հետ պետք է աշխատի ու հասկանա նրա ունակություններն ու պահանջմունքը, հակառակ դեպքում հետեւանքներ կլինեն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Հոդվածը պատրաստվել է ԵՄ եւ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի աջակցությամբ: Դրա բովանդակության պատասխանատվությունը կրում է հեղինակը, այն չի արտացոլում ԵՄ եւ ԲՀՀ-հիմնադրամներ- Հայաստանի տեսակետները:

 

«Առավոտ» օրաթերթ
03.09.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30