Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ն խտրական օրենք է ընդունել, մյուսներին դնելով բարդ վիճակի մեջ». Շավարշ Քոչարյան

Սեպտեմբեր 03,2019 17:27

Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն այսօր անդրադարձավ ԵԱՏՄ-ում վարորդական իրավունքների հարցին: Հիշեցնենք, այս խնդիրը 2017 թվականից հայ-ռուսական հարաբերությունների քննարկման օրակարգային հարցերից է, քանի որ հայ վարորդներն իրենց վարորդական իրավունքով ՌԴ-ում չեն կարողանում մեքենա վարել: Ռուսաստանում գործող օրենսդրությունը 2017 թվականից արգելում է օտար պետությունների վարորդական իրավունք ունեցողներին մեքենա վարելով աշխատել ՌԴ տարածքում, բացառությամբ այն երկրների, որոնց երկրորդ պետական լեզուն ռուսերենն է։ Սրա հետևանքով Հայաստանում վարորդական իրավունք ստացած վարորդները խնդրի առաջ են կանգնած։

«Ռուսաստանի օրենքի ընդունումը հակասում է ԵԱՏՄ օրենսդրությանը: Այն օրենքը, որը ընդունվել է, խտրական է Հայաստանի համար»,- հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Արմեն Եղիազարյանն էլ իր տպավորությունը փոխանցեց, ըստ որի հարցերը ԵԱՏՄ-ում փոխզիջումային ձեւով չեն լուծվում, այլ «մենք ադապտացվում ենք ՌԴ օրենսդրությանը»: Շավարշ Քոչարյանը համաձայնեց. «Տվյալ պարագայում դուք ճիշտ եք, ՌԴ-ն խտրական օրենք է ընդունել, մյուսներին դնելով բարդ վիճակի մեջ»:

Մանրամասները`տեսանյութում

Հարցին անդրադարձավ նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: Դեսպանն ասաց, որ ներքին կարգով այս հարցը ամեն տարի լուծվում է. 2017 թվականին, ապա նաև 2018 և 2019 թվականներին ՀՀ ոստիկանապետի և Ռուսաստանի ներքին գործերի նախարարների համաձայնությամբ այդ սահմանափակումը չի տարածվում Հայաստանի վրա։ Սակայն, վերջնական լուծում հարցը չի ստանում։ Դեսպանի ներկայացմամբ, խնդիրներից մեկն էլ այն է, որ ԵԱՏՄ ներսում մյուս պետությունները համաձայնության չեն գալիս, քանի որ Հայաստանից բացի, մյուսները խնդիրներ չունեն այս հարցում։ Ղազախստանը, Ղրղըզստանը և Բելառուսը ներառված են բացառությունների շարքում և այնտեղի վարորդական իրավունքներով հնարավոր է աշխատել Ռուսաստանում։

Նա բացառեց, որ քննարկման օրակարգում ներգրավվի ՀՀ-ում ՌԴ-ն երկրորդ պետական լեզվի հարցը:

Մանրամասները՝ տեսանյութում

Վարդան Տողանյանն անդրադարձավ նաեւ ԵԱՏՄ շրջանակներում ՀՀ-ին ավտոներկրման հինգ տարվա արտոնության երկարաձգման հնարավորությանը:

ԵԱՏՄ շրջանակներում տրված այդ արտոնությունը հայաստանցիներին հնարավորություն էր տալիս արտասահմանից գնած մեքենաները էժան գնով մաքսազերծել։ Արտոնությունը վերջանում է 2020 թվականի սկզբին: Ժամկետը երկարացնելու համար անհրաժեշտ է ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների համաձայնությունը։

Վարդան Տողանյանն ասաց, որ իրենք բարձրացրել են այդ հարցերը թե ԵԱՏՄ շրջանակում, թե Ռուսաստանի հետ երկկողմ շրջանակներում. «Հոկտեմբերի 1-ին գագաթնաժողովը կլինի։ Հայկական կողմը թե որպես նախագահող, թե որպես հյուրընկալող երկիր կարող է բարձրացնել այդ հարցը։ Բայց կլինի՞ կոնսենսուս։ Իհարկե, չէ»: Նա բացատրեց, որ օրինակ՝ Ղազախստանի քաղաքացիները մեծ թվով մեքենաներ են ներկրում Հայաստանից և, բնականաբար, ղազախական կողմը դեմ կլինի, որ Հայաստանը ստանա արտոնություն։ Բանն այն է, որ եթե Ղազախստանի քաղաքացիները պետք է Հայաստանի միջոցով անեն այդ գործարքները, ապա ղազախական կողմը կուզենա հենց ինքը ստանա արտոնություն, և գնումները լինեն ոչ թե Հայաստանի միջոցով, այլ հենց արտասահմանից։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30