Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանն այսօր «Օլիմպավանում» շփվեց լրագրողների հետ:
Aravot.am-ը նրան մի քանի հարց տվեց:
-Երկար տարիներ աշխատել եք Լեւոն Ջուլֆալակյանի հետ: Հիմա այս պատմություններից հետո հավաքականի ղեկի առջեւ նրան փոխարինելը հոգեբանորեն դժվա՞ր չէ:
– Իհարկե դժվար է: Երկրորդ կարծիք չկա: Բայց այս պահին մենք բոլոր մարզիչներով աշխատում ենք անել այնպես, որպեսզի թիմը, ինչպես ասում են, թափից չընկնի, եւ աշխարհի առաջնությանը մոտենանք նորմալ վիճակում:
Կարդացեք նաև
-Արսեն Ջուլֆալակյանը այս հավաքին, տեսնում ենք, չի մասնակցում: Ի՞նչն է պատճառը:
-Մենք շատ կցանկանայինք, որ Արսենը այսօր թիմի հետ լիներ եւ հավաքին մասնակցեր: Սակայն նա Լեւոն Ջուլֆալակյանի հրաժարականից հետո ցանկություն չհայտնեց: Նրա մարզումային պլանն ուրիշ է:
-Աշխարհի առաջնությունում ըմբշամարտի ֆեդերացիան, ՀԱՕԿ-ը կամ նախարարությունը ձեր առջեւ ինչ-որ առաջադրանք դրե՞լ են:
-Ոչ: Ես ինքս եմ իմ առջեւ գերազանց մասնակցելու խնդիր դրել:
– Ե՞րբ եք մեկնում մրցավայր:
-Ոչ օլիմպիական քաշայինները՝ 55 կգ, 63 կգ, 72 կգ եւ 82 կգ, սեպտեմբերի 12-ին, իսկ մյուսները՝ հաջորդ օրը:
-Քաշային կարգերում ո՞ր տեղերն են օլիմպիական վարկանիշ տալիս:
-1-ից՝ 6-րդ: Պիտի պայքարենք: Իսկ թե ինչ կլինի, մրցագորգը ցույց կտա:
-Միհրան Հարությունյանից տեղեկություն ունե՞ք:
-Ո՛չ: Նա իր մասին ոչ մի լուր չի փոխանցել մեզ:
Էդուարդ Սահակյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ իր համար տարբերություն չկա, թե 77 կգ քաշային կարգում աշխարհի առաջնություն ով կմեկնի: Ըմբիշի անունը որոշել է Ստայկիում Արսեն Ջուլֆալակյանի եւ Կարապետ Չալյանի միջեւ կայացած փորձամրցումը, որում հաղթել էր Կարապետ Չալյանը:
Մարզիչը նաեւ հայտարարեց, որ հավաքականի բոլոր անդամները լավ մարզավիճակում են: Իսկ թե հետագայում հավաքականին ինչ է սպասվելու՝ Էդուարդ Սահակյանն ասաց, որ նոյեմբերի վերին կամ դեկտեմբերի սկզբին կանցկացվի Հայաստանի առաջնությունը, որից հետո հայտնի կդառնան հավաքականի թեկնածուների անունները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ