Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանից ջրառն անցյալ տարվա համեմատ պակաս է. Ջրային կոմիտե

Սեպտեմբեր 03,2019 16:03

Որոշ լրատվամիջոցներով այսօր Սևանի մակարդակին առնչվող թյուր մեկնաբանություն է շրջանառվել, որն իրականությունից հեռու է։ Թյուրիմացությունից, սխալ մեկնաբանություններից զերծ մնալու  համար Ջրային կոմիտեն ներկայացնում է  իրականությունն ու պարզաբանում․

Այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ Սևանի մակարդակը 1900․63մ է, նույն ցուցանիշն է 2018թ․ նույն օրվա դրությամբ։

Արփա-Սևան ջրատարով լիճ մուտք գործած ջրի ծավալը այս տարվա սեպտեմբերի մեկի դրությամբ կազմել է 148․343մլն խ/մ, իսկ անցյալ տարվա նույն ցուցանիշը 131․538մլն խ/մ էր, տարբերությունը կազմում է 16․805մլն խ/մ ջուր։

Ինչ վերաբերում է լճից ջրառին, ապա նույն օրվա դրությամբ այս տարի Սևանից բաց է թողնվել 129․044մլն խ/մ ջուր, իսկ անցյալ տարի այդ ցուցանիշը 174․956մլն խ/մ էր։

Ուշադրություն ենք հրավիրում թվերի տարբերությանը․ փաստորեն, այս տարի Արփա-Սևան ջրատարով լիճ մուտք գործած ջրի ծավալը / ներառյալ ստորերկրյա ներհոսքը/ նախորդ տարվանից ավելի է 16․805 մլն խ/մ-ով։

Ջրառի դեպքում ակնհայտ է, որ նույն՝ սեպտեմբերի 1-ի դրությամբ, Սևանից այս տարի պակաս է վերցվել  45,912մլն խ/մ ջուր։ Հիշենք, որ անցյալ տարի, օրենքով սահմանված 170 մլն խ/մ ջրառից հետո լրացուցիչ ջրառի կարիք ևս առաջացավ, Սևանից ոռոգման  նպատակով հավելյալ 40 մլն-ի ջրառի թույլտվություն եղավ, ընդհանուր 210 մլն խ/մ թույլատրված ջրառից  օգտագործվեց   200․623 մլն խ/մ-ն։

Իսկ այս տարի ոչ միայն լրացուցիչ ջրառի կարիք չկա լճից, այլև համակարգում կանխատեսում են ևս 5-10 մլն խ/մ ջրի խնայողություն՝ թույլատրված 170 մլն-ից, եթե եղանակային պայմանները  թույլ տան։ Նման խնայողությունն այս տարի հնարավոր է դարձել տարեսկզբից ոռոգման  համակարգում իրականացվող կառավարման արդյունավետության քայլերի,  իհարկե, նաև՝ բարենպաստ եղանակի, ջրամբարներում ավելի շատ ջուր կուտակելու շնորհիվ։

Իրականությունը  սա է և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ 2019թ-ին Սևանից 51 մլն խ/մ-ով  պակաս ջրառի մասին, հենց այս իրականությունն է արտացոլում․ թվերը, բնականաբար, ըստ օրերի փոփոխվում են և ոռոգման շրջանի ավարտին հանրությանը կներկայացվի վերջնական պատկերը։

Ինչ վերաբերում է լճի մակարդակի և ջրառի խնայողության զուգահեռներին, ապա դրանք միայն բացարձակ թվերով համադրելի չեն,  քանի որ լճի մակարդակը պայմանավորված չէ միայն ջրի ներհոսքով կամ արտահոսքով․ կա գոլորշացման  բնական երևույթը,  կան  նաև ստորերկրյա արտահոսքերը, եղանակային պայմանները և այլն, որոնց մանրամասն բացատրությունը կարող են տալ համապատասխան  մասնագետները։

Լճի մակարդակի վերաբերյալ ևս տվյալները փոփոխվում  են և եթե որոշ լրատվամիջոցների մտահոգությունը հարուցած՝ 1սմ-ի տարբերություն էր գրանցվել օգոստոսի 29-ին, ապա սեպտեմբերի 1-ի դրությամբ,  ինչպես արդեն  ներկայացրել ենք, ցուցանիշը նույնն է,  ինչ՝ անցյալ  տարվանը։

Ի դեպ, հիշեցնենք նաև, որ Սևանի հետ կապված՝ ներկայացված  բոլոր թվերը ԱԻՆ Հիդրոմետ ծառայության չափումների տվյալներն են, որոնք պարբերաբար հրապարակվում են։

Ջրային կոմիտեի լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահան says:

    Արփա֊Սևան թունելով ավելի մեծ քանակի ջրի տեղափոխումը պայմանավորված է N2 թունելի վերանորոգման աշխատանքների ավարտի հետ։ Հաշվի առնելով, որ Սևանա լճից բացի Սևան֊Հրազդան ոռոգման համակարգի ջրաղբյուր են հանդիսանում նաև ջրամբարները և պոմպակայանները, իսկ նախորդ տարվա համեմատ այս տարի եղանակով պայմանավորված ջրամբարներում կուտակվել է ավելի մեծ ծավալով ջուր, կարող ենք ասել, որ այս տարի ընդհանուր առմամբ Սևան֊Հրազդան ոռոգման համակարգից իրականացվել է ավելի շատ ջրառ։ Կուզեի հրապարակվեր նաև նախորդ տարվա համեմատ ինչքան է եղել Սևան֊Հրազդան ոռոգման համակարգից հետևյալ ջրաղբյուրների ջրառների տարբերությունը. 1.ջրամբարներ, 2. պոմպակայաններ, 3. խորքային հորեր, այդ թվում պահուստային, 4.շարժական պոմպակայաններ և այլ հնարավոր ջրաղբյուրներ։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30