Քիչ առաջ դատական նիստերի դահլիճում Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը 25 մլն դրամ գրավով փոխարինելու մասին միջնորդություն ներկայացրեց:
Պաշտպանն ասաց, որ պատրաստ են այլ չափի գրավ էլ վճարել: Արսեն Մկրտչյանը, հղում կատարելով ՄԻԵԴ որոշմանը՝ Մանվել Գրիգորյանն ընդդեմ ՀՀ-ի գործով, համաձայն որի՝ որոշում է կայացվել կիրառել անհապաղ միջոցներ, պահանջել ՀՀ կառավարությանը Մանվել Գրիգորյանի բուժումը կազմակերպել քաղաքացիական հիվանդանոցում, ասաց. «ՄԻԵԴ-ը պայման է, դրել, որ այսուհետ դիմումատուն այնպիսի բժշկական օգնություն պիտի ստանա, որը կտրամադրվի՝ հիվանդի առողջական վիճակը հաշվի առնելով: Արդեն միայն այն հանգամանքը, որ Մանվել Գրիգորյանի բուժումը անազատության պայմաններում չի տալիս այնպիսի արդյունքներ, որ ի վիճակի լինի դատական նիստերին մասնակցել, վկայում է այն մասին, որ խախտվում է Կոնվենցիայի 34-րդ հոդվածը: Հակառակն ապացուցելու համար մեղադրական կողմը պետք է չառարկի սույն միջնորդության բավարարման դեմ, որ հնարավորություն չտա պաշտպանական կողմին չփարատված կասկածները մեկնաբանել մեղադրյալի օգտին»:
Դատարանը մերժեց այս միջնորդությունը: Նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին:
Նշենք, որ դատարանը մերժեց նաև Մանվել Գրիգորյանի մյուս պաշտպան Լևոն Բաղդասարյանի միջնորդությունը Միջգերատեսչական հանձնաժողովի փորձաքննությունն արագացնելու վերաբերյալ: Նա մտահոգություն հայտնեց, որ միջգերատեսչական հանձնաժողովի փորձաքննության վերջը չի երևում: Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց. «Փորձաքննության ժամկետները ողջամիտ են և որևէ խախտում տեղի չի ունեցել»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ